
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին ոստիկանությունում կգործի օպերատիվ շտաբ
Երևանում հոկտեմբերի 7-ից 12-ը կայանալիք ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի ծրագրային միջոցառումների ընթացքում պատշաճ հասարակական կարգ պահպանելու և հասարակական անվտանգության բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը շուրջօրյա ռեժիմով գործելու է հոկտեմբերի 6-ից 13-ը:
Օպերատիվ շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը:
Ըստ տարածված մամուլի հաղորդագրության` օպերատիվ շտաբը գագաթնաժողովի ողջ ընթացքում համակարգելու է տեղեկատվության հավաքման և ամփոփման, վերակարգերի ծառայության հսկողություն իրականացնող, օպերատիվ, արագ արձագանքման, նյութատեխնիկական ապահովման խմբերի աշխատանքը:
Օպերատիվ շտաբի հսկողության ու համակարգման դաշտում կլինի օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ կամ նրանց մասնակցությամբ կատարված իրավախախտումների, հանցագործության դեպքերի, պատահարների, ինչպես և օտարերկրյա քաղաքացիներին առնչվող միջադեպերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը' հասարակական կարգի պատշաճ ապահովման և արագ արձագանքելու նպատակով:
«Ոստիկանությունն անում է ամեն ինչ Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու անվտանգություն ապահովելու ուղղությամբ և ակնկալում է քաղաքացիների սրտացավ աջակցությունն այդ գործում»,-նշված է ոստիկանության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել