
Խ. Դաշտենց փողոցի բնակիչները «Վեոլիա ջրից» վնասի փոխհատուցում են պահանջում
Կարինե Մկրտչյանը այս տարվա մայիսին տուն է գնել Երեւանի Խաչիկ Դաշտենց փողոցում եւ սկսել վերանորոգել: Չի իմացել, որ տարածքում վնասված ջրի խողովակներ կան, որոնցից ջուրը հոսում է, լցվում տների նկուղները եւ խարխլում բնակիչների տների հիմքերը: Այսօր նրա վերանորոգված տունը դարձյալ նորոգման կարիք ունի: Տան տակ լցված ջրի պատճառով պատերը խունացել են, ներկը թափվել է, պատերի ստորին հատվածներում գաջը ուռել է, տեղ-տեղ` ճաքել:
«Ինչ վերանորոգել ենք, ամբողջովին նորից վերանորոգման կարիք ունի: Տան հիմքը խոնավանում է, պատերից գաջը թափվում է»,- ասում է Կարինեն: Նկուղում հավաքված ջուրը մի քանի անգամ պոմպով դուրս են մղել, սակայն կրկին ջուր է լցվել:
Կարինեի հարեւանությամբ Նարինե Գամբարյանի բնակելի տունն է: Նրանք էլ ամիսներ շարունակ նկուղից պոմպով ջուր են դուրս մղել. «Ամբողջ պադվալը ջուր է, խոնավ է: Մինչև հիմա դրսի պատերից որոշները խոնավ են, նոր ենք տունը վերանորոգել, բայց ճաքեր ունենք արդեն, խոնավության հոտ է: Ամիսներ շարունակ ամեն երեկո նասոսով ջուր ենք հանել»:
Նարինե Գամբարյանը դիմել է «Վեոլիա ջուր» ընկերություն: Նրա խոսքով` աշխատակիցները եկել են, որևէ վթար չեն հայտնաբերել, թողել, հեռացել են: Ջրի արտահոսքի պատճառով նաև բակի մրգատու ծառերն են փտել:
Դաշտենց փողոցի 8-32 հասցեների բնակելի տների դիմացով անցնող 150 մետր երկարությամբ խմելու ջրի խողովակը նախորդ տարի վնասվել է, խմելու ջուրն ամիսներ շարունակ ներծծվել է հողի մեջ եւ հոսել բնակիչների տներ: Բնակելի տների նկուղներն այդ ընթացքում ամբողջությամբ ջրով լցված են եղել, որը, ըստ բնակիչների, մեծ վնաս է հասցրել իրենց տներին՝ թուլացնելով դրանց հիմքերը:
Նարինե Գամբարյանի փոխանցմամբ՝ մայիսին «Վեոլիա ջուր»-ը նորոգել է խողովակները, իրավիճակը փոքր-ինչ լավացել է, սակայն մի քանի օր է` նորից նկուղում հավաքված ջուր կա, դրսի պատն էլ կրկին թաց է: Այս մասին բողոքել են նաեւ իրենցից վերև ապրող բնակիչները:
Բնակիչները նամակով դիմել են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ «Վեոլիա ջուր» ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու հիմքերով քրեական գործ հարուցելու եւ դրամական վնասը փոխհատուցելու պահանջով:
«Եթե այդ տներում սեյսմիկ փորձաքննություն կատարվի, ապա որոշ դեպքերում կհայտնաբերվեն քանդման ենթակա տներ»,- ասում է «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Խաչատուր Մարոզյանը, որն իրավաբանական աջակցություն է ցուցաբերում Խ. Դաշտենց փողոցի բնակիչներին:
Վնաս կրած 13 տները նորոգման, հիմքերի ամրացման կարիք ունեն: Բնակիչների համոզմամբ` դրա համար պետք է փոխհատուցի «Վեոլիա ջուր» ընկերությունը, որի անգործության պատճառով նման իրավիճակ է առաջացել: Նրանք պահանջում են միաժամանակ պատասխանատվության ենթարկել ընկերությանը Քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածով՝ իրենց գույքն անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու համար:
Խաչատուր Մարոզյանն ասում է, որ տարածքի բնակիչները պարբերաբար «Վեոլիա ջուր» ընկերությանը գրավոր տեղեկացրել են ջրի արտահոսքի մասին: «Վեոլիա ջուր» ընկերությունից բնակիչ Կարապետ Մենեջյանին հայտնել են, թե այդ տարածքի կառուցապատման ընթացքում խախտվել են Հողային և Ջրային օրենսգրքի պահանջները, քանի որ ջրամիացման և ջրահեռացման համակարգերին հարող տարածքները հանդիսանում են անօտարելի գոտիներ և ենթակա չեն սեփականաշնորհման կամ մասնավորեցման: «Նկատի ունենալով, որ ջրագծերի նման իրավիճակն ընկերության գործունեության արդյունք չէ, ուստի այնտեղ առկա խնդիրները կարող են լուծվել շահագրգիռ կողմերի միջոցների հաշվին՝ ջրագծերը սեփականաշնորհված տարածքներից տեղափոխելու միջոցով»,- ասված է նրան ուղղված պատասխանում:
Խաչատուր Մարոզյանը Երևանի քաղաքապետարանից հետարքրքվել է, թե նշված փողոցում որ տարածքներ են օտարվել, որի արդյունքում «Վեոլիա ջուր»-ը չի կարողացել ժամանակին կանխել այս իրավիճակը: Ի պատասխան` քաղաքապետարանից հայտնել են, որ այդ տարածքում որևէ մասնավորեցում չի կատարվել, այն ազատ է, և ընկերությունը կարող էր ժամանակին անհրաժեշտ աշխատանքներ կատարել:
«Աշխատակիցները գարնանը եկել են, փողոցի մի հատված փորել, 3,5 մետր երկարությամբ խողովակը դուրս բերել և տեսել, որ այն ամբողջովին վնասված է, ծակոտկենի տեսք ունի: Բնորոշել են, որ խողովակը դարձել է «դուդուկ» եւ չեն կարող ողջ երկայնքով խողովակաշարը փոխել, ասել են՝ սա Ջրային կոմիտեի լիազորությունն է և թողել, գնացել են»,- նշեց Մարոզյանը:
Նա բնակիչների մտահոգությունների մասին օգոստոսին տեղեկացրել է վարչապետին, Ջրային տնտեսության պետական կոմիտեին, «Վեոլիա ջուր» ընկերությանը: Օրեր անց ընկերության աշխատակիցները եկել են փողոց, բնակիչներին հայտնել, որ փոխել են վնասված ջրագիծը, սակայն 10 օր անց ջուրը կրկին լցվել է որոշ տների նկուղներ:
ՀԿ-ն օրեր առաջ կրկին բնակիչներից ահազանգ է ստացել, թե նկուղներում նորից ջուր է լցվում: «Փաստորեն, կան վթարված ավելի մեծ մասշտաբային տեղեր, որը չեն ցանկանում վերանորոգել: «Վեոլիա ջուր» ընկերությունը պատճառաբանում է, թե պատասխանատուն Ջրային կոմիտեն է, խողովակներն իրենցը չեն, սեփականատերը կառավարությունն է: Մենք դրա կառավարիչն ենք, օգտագործողն ենք: Բայց ջրային կոմիտեն պատճառաբանում է, որ ընկերությունը պարտավոր է հետևել, օգտագործել, տնօրինել այնպես, որ չլինեն վթարներ, իսկ վթարների դեպքում ահազանգել ժամանակին, որպեսզի լուծվի հարցը»,- ասում է Խաչատուր Մարոզյանը:
ՀԿ-ի նախագահը կարծում է` ստեղծված իրավիճակում մեղավորություն ունի նաեւ Ջրային տնտեսության պետական կոմիտեն, որը պետք է աչալուրջ լիներ, ամեն տարի նման խնդիրները կարգավորելու համար հատկացված միջոցներից գումար տրամադրեր այս փողոցի խողովակների նորոգմանը, ժամանակին այս խողովակները փոխարիներ նորով: Մեղավոր բոլոր կողմերին հայտնաբերելու համար Դաշտենց փողոցի բնակիչները դիմել են դատախազություն:
Էրեբունի վարչական շրջանի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Արմեն Մամուլյանը «Հետք»-ին հայտնեց, որ Խաչիկ Դաշտենց փողոցում «Վեոլիա ջուր» ընկերությունը ջրագծերը արդեն փոխել է, և նոր խողովակաշար է շահագործվում:
Ասում է՝ մինչ այդ բնակիչների դիմումների հիման վրա դիմել էր ընկերությանը, որպեսզի պարզեն, թե նշված հատվածում ջրի արտահոսքը որտեղից է լինում: Ըստ նրա` մինչեւ նոր ջրագծերը վերջնական չշահագործվեն, պարզ չի լինի, խողովակներն այդ փողոցում շատ խորն են, և չեն կարող ամբողջ փողոցը քանդել՝ հասկանալու, թե ջրի արտահոսքը որտեղից է:
Մեկնաբանել