HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիրիահայերը Հայաստանում. ինտեգրման ուղղություններ

Սույն հոդվածում փորձ է արվում վեր հանել Հայաստան տեղափոխված սիրիահայերի ինտեգրման խնդիրները սոցիալ-մշակութային և տնտեսական ոլորտներում, բացահայտել նրանց ունեցած դժվարությունները սոցիալական ներգրավվածության, մշակութային երկխոսության և տնտեսական զբաղվածության բնագավառներում, ինչպես նաև ցույց տալ այդ խնդիրների հաղթահարման փորձառությունը և ուղիները:

Հոդվածում ներկայացված դիտարկումները կատարվել են հեղինակի կողմից տարբեր մեթոդներով իրականացված հետազոտության տվյալների հիման վրա:

Հետազոտությունը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ «Քաղաքականության կրթաթոշակներ» ծրագրի շրջանակներում: Աշխատանքում արտահայտված մտքերը կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի դիրքորոշումների ու տեսակետների հետ։ 

2011թ-ից սիրիական հակամարտության հետևանքով սիրիահայերի զանգվածային ներհոսքը Հայաստան ազդարարեց նոր խնդիրների և մարտահրավերների սկիզբը. Հայաստանը գործնականորեն պատրաստ չէր ապահովել պայմաններ ներգաղթյալների կազմակերպված ներհոսքի և հետագա զարգացումների, նրանց ինտեգրման համար:

Սփյուռքի նախարարությունում առկա տեղեկատվության համաձայն` 2018թ. դրությամբ Հայաստանում բնակվում է շուրջ 22.000 սիրիահայ[1], որոնց մի մասն անընդհատ գտնվում է շարժման մեջ[2]: Հայաստան ներգաղթած սիրիահայերին կարելի է պայմանականորեն բաժանել երեք հիմնական խմբերի. Հայաստանում հաստատված, Սիրիա վերադարձած և այլ երկիր արտագաղթած: Հայաստան տեղափոխված սիրիահայերի արտագաղթը պետք է առանձնացնել ըստ մի քանի փուլերի և ուղղությունների: Հայաստանից արտագաղթի մեծ հոսք է արձանագրվել սկզբնական տարիներին, ապա՝ միտումը նվազել է: Արտագաղթած սիրիահայերի խումբը Հայաստանը դիտարկել է որպես տարանցիկ երկիր:

Ըստ ՀՀ Սփյուռքի նախարարության տեղեկությունների՝ 2012թ. ՀՀ քաղաքացիություն է ստացել  5026, 2013թ.՝ 4150, 2014թ.՝ 1531 սիրիահայ: Ընդհանուր առմամբ, 2012-2014թթ. ՀՀ քաղաքացիություն է ստացել 10707 սիրիահայ: 2013-2014թթ. ընթացքում 220 սիրիահայ ձեռք է բերել ժամանակավոր (1տարի), 155-ը՝ մշտական (5 տարի) և 390-ը՝ հատուկ կարգավիճակ (10 տարի)[3]:

Հայաստանում սիրիահայերի նկատմամբ պետական քաղաքականության ներքո մշակվել են մի շարք ծրագրեր տարբեր մակարդակներում` պետական գերատեսչությունների, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների: Իրականացվող ծրագրերը սկսած 2013թ-ից ներառել են մի շարք ուղղություններ և իրականացվել տարբեր կազմակերպությունների կողմից:

Ծրագրերը հիմնականում միտված են եղել առաջնային կարիքների բավարարմանը և կրել են կարճաժամկետ բնույթ, որոնք եղել են խնդրի այդրոպեական լուծումները: Դրանցից շատ քչերն են նպաստել Հայաստանում սիրիահայերի մշտական հաստատմանը:

Սոցիալ-մշակութային ներգրավվածության հարցեր

Հայաստանի սոցիալական միջավայրում ներգրավվածության վերաբերյալ կարևոր հանգամանքը երկու մշակույթների (Սիրիայում ու Հայաստանում նրանց մշակութային տարբերություններ) ոչ շեշտակի տարբերությունն է՝ պայմանավորված նույն էթնիկ պատկանելությամբ, սիրիահայերի համայնքային կյանքով ու էթնոմշակութային ինքնության պահպանմամբ: Անշուշտ, առկա են մի շարք մշակութային տարբերություններ, սակայն դրանք դրսևորվում են ադապտացման ավելի ուշ փուլերում:

«Բոլորս էլ հայեր ենք, սակայն մշակույթով ու կենցաղով հայաստանցիներից տարբերվում ենք: Սիրիայի մեջ էլ, բնականաբար, արաբներից էինք տարբերվում, սակայն պետք է նշել, որ եթե համեմատելու լինենք, անկասկած, տեղացի հայերի հետ շփվելը շատ ավելի դյուրին է»: [տղամարդ, 42տ., Հայաստան]

Սոցիալական հարաբերություններում առաջին խնդիրներից սիրիահայերը նշում են սոցիալական կապերի բացակայության և Հայաստանում դրա կարևորության մասին:

«Հայաստանում առանց ծանոթի մի բան չես կարողանում անել, մի խնդիր լուծել, եթե ծանոթ չունես ուրեմն տաս անգամ կձախողես նոր կգտնես ճիշտ ճամփան»: [տղամարդ, 33տ., Հայաստան]

Վերջինիս պատճառով սիրիահայերի մոտ բացակայում է վստահությունը պետական կառույցների նկատմամբ:

Առօրյա մշակութային պրակտիկաներում սիրիահայերը շեշտադրում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ազգային կամ եկեղեցական տոների նկատմամբ տարբերվող վերաբերմունքը:   

Չնայած այն հանգամանքին, որ սոցիալ-մշակութային խնդիրները համեմատաբար հեշտ հաղթահարելի են, այդուհանդերձ ինտեգրման համատեքստում անհրաժեշտություն կա մշակել այս ոլորտում նրանց  ներգրավվածությանը նպաստող ծրագրեր՝ միջավայրային առանձնահատկությունների յուրացման, սոցիալական առաջընթացի և ինքնաիրացման նպատակով:

Կրթության ոլորտի հարցեր

Կրթության հարցում առկա է կրթական համակարգերի, բարձրագույն և միջնակարգ կրթական ծրագրերի, արևմտահայերենի և արևելահայերենի տարբերություն, բուհական վարձավճարի հետ կապված դժվարություններ: Դրանք ՀՀ կրթական համակարգում ուսանողների և աշակերտների սահուն ինտեգրման խոչընդոտներ են ստեղծել:

Բուհական համակարգում ներառվելն առավել բարդ խնդիր է: Ինչպես նշում են հարցվողները՝ Սիրիայում առավել մրցունակ մասնագիտությունները Հայաստանում արդիական չեն (բնապահպանական ճարտարագիտություն, սննդագիտական ճարտարագիտություն և այլն): Մյուս խնդիրն առաջանում է կրթական մասնագիտական աստիճանաշնորհման հետ: 

Հարցվողների մեկնաբանություններից պարզվում է, որ դեռևս խնդիրներ կան սիրիահայ և տեղացի երեխաների դպրոցում համատեղ կրթության պարագայում, դպրոց-ընտանիք, ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները գտնվում են անցումային վիճակում, առարկաների ու ծրագրերի միջև եղած տարբերությունները դժվարին կացության առջև են կանգնեցնում երեխաներին:

Տնտեսական ներգրավվածության հարցեր

Տնտեսական գործունեություն իրականացնելիս սիրիահայերը բախվել են մի շարք դժվարությունների, ինչպես օրինակ՝ ՀՀ տնտեսության փոքր շուկան, անկայուն տնտեսական միջավայր, վարչարարական, ինստիտուցիոնալ խնդիրները, ինչպես նաև միջավայրային անհամապատասխանությունը, քիչ տեղեկացվածությունը, սոցիալական կապերի բացակայությունը:

«Այստեղ թղթաբանությունները շատ են: Մեր գործը կոշիկ արտադրելն է, ոչ թե  թղթաբանությունը  կամ հաշվապահությունը: Նաև տուրքերի առումով, պետք է որոշ հարկային արձակուրդ լինի նոր սկսվող բիզնեսի համար»: [տղամարդ, 29տ., Հայաստան]

Ձեռնարկատերերի կողմից հնչեցրած պատասխաններն ընկալվում են որպես անհաղթահարելի դժվարություններ, որոնք կարող են լուծվել միայն պետական մակարդակով կամ համապատասխան մարմինների կողմից: Հատկանշական է սիրիահայերի շրջանում տարածված այն ընկալումը, որ տնտեսական դաշտին վերաբերող խնդիրներն առանձնահատուկ թիրախավորում ունեն և արհեստականորեն բարդացնում են ներգաղթյալի գործունեությունը: Սակայն տնտեսական փոխազդեցության արդյունքում ինքնըստինքյան պարզ է դառնում, որ դրանք ունեն համակարգային բնույթ և կարող են առնչվել ոչ միայն սփյուռքահայ ներդրողներին, այլ նաև ներդրումային դաշտում գործունեություն ծավալող ցանկացած մասնակցի:

Սիրիահայ ձեռնարկատիրոջ համար կարևորագույն խնդիր է դիտարկվում տնտեսվարման մշակույթների, աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի տարբերությունները, որոնք կարող են հաղթահարվել մի շարք ուղիներով. մի կողմից՝ բարձրացնելով ներդրողի տեղեկացվածության աստիճանը, մյուս կողմից՝ վերափոխելով հայաստանյան գործարար միջավայրը: Այս առումով անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել ներդրումային գործունեության սոցիալական բաղադրիչի վրա՝ ստեղծելով ընդհանուր հարթակ սիրիահայերի շրջանում պոտենցիալ ներդրողների համար:

Լուսանկարները՝ aravot.am-ի եւ Great Neck Record-ի

Լուսինե Տանաջյան, PhD ուսանող, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի սփյուռքի հետազոտությունների բաժին 


[1] Ներկայում Հայաստանում բնակվող Սիրիայից տեղահանված անձանց թվաքանակի վերաբերյալ  չկան ճշգրիտ տվյալներ

[3]Ա. Հակոբյան, Սիրիահայերը Հայաստանում. հայրենադարձներ, թե՞ փախստականներ (իրավական, մշակութային ու սոցիալական ադապտացիայի հիմնախնդիրներ), Բաց Հասարակություն Հիմնադրամներ_Հայաստան, 2017:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter