
Գողություն գիշերային ակումբում․ քննչական կոմիտեն դիմում է քաղաքացիների օգնությանը (տեսանյութ)
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում ՝ պարզելու Երևանի կենտրոնում գործող ակումբներից մեկում կատարված գողության բոլոր հանգամանքները։
2018 թվականի օգոստոսի 20-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ գիշերային ակումբում՝ բազմոցի վրայից, հափշտակել են իր ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է խոշոր չափի գումար՝ տարբեր արտարժույթներով, իր և ընկերոջ անձնագրերը, վերջինիս՝ «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը:
Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 324-րդ հոդվածի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել է ակումբում գործող տեսանկարահանող սարքերի տվյալ օրվա տեսագրությունը, ենթարկվել զննության։ Կադրերում երևում է, թե ինչպես է մի երիտասարդ վերցնում բազմոցին դրված տղամարդու պայուսակը, որը, ըստ տուժողի հայտարարության, պատկանում է իրեն, ու հեռանում:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Քննչական կոմիտեն խնդրում է տեսապատկերված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության, գտնվելու վայրի կամ դեպքի մասին ընդհանրապես, հայտնեն քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեկնաբանել