HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ուղղաթիռային օպերատորն ընդլայնում է ավիապարկը

Ուղղաթիռային կոմերցիոն փոխադրումները Հայաստանում դեռ նոր-նոր են հունի մեջ մտնում, բայց, հաշվի առնելով մեր երկրում օդանավերի շատ փոքր պարկը, ամեն մի նոր ինքնաթիռի կամ ուղղաթիռի մուտքը Հայաստան կարելի է իրադարձություն համարել:

Նորաստեղծ «Արմենիան հելիքոփթերս» ընկերության մասին գրել ենք դեռ մայիսին: Սա Հայաստանում ուղղաթիռային փոխադրումներ կատարող միակ օպերատորն է գոնե այս պահին (ՊՆ-ին ենթակա «Արմ-Աէրո» ընկերությունը մի կողմ ենք թողնում):

2018-ի փետրվարին գրանցված ընկերությունը օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ստացավ հունիսի 19-ին, եւ նույն օրն էլ օդանավերի հայկական ռեգիստրում EK-H001 համարի տակ գրանցվեց նրա ուղղաթիռը՝ ամերիկյան մակնիշի «Robinson R66»-ը, որը նախկինում գրանցված էր Ռուսաստանում (RA-05788): Ըստ համացանցային տվյալների՝ այս ուղղաթիռն արտադրվել է 2014 թ.: Այն նախատեսված է 4 ուղեւորի համար:

Ամռան վերջին Հայաստան է բերվել նաեւ երկրորդ՝ ֆրանսիական «Airbus» ընկերության արտադրած «H130 T2» մակնիշի ուղղաթիռը, որը տեղավորում է 6 ուղեւոր: Մայիսին գրել էինք, որ ապրիլին կառավարությունը որոշել էր մաքսային արտոնություն տալ «Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպությանը, որը պետք է ներկրեր 1.550.000.000 դրամ արժեքով մեկ հատ «H130 T2», ապա ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) հանձներ «Արմենիան հելիքոփթերս»-ին:

Ինչպես կարելի է տեսնել համացանցում առկա նկարներում, որոնցից մի քանիսն էլ իր ֆեյսբուքյան էջում տարածել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ուղղաթիռը մինչ այս գրանցված էր Հունգարիայում որպես HA-LEX եւ, ըստ էության, պատկանել է «Lexinta Group»-ին, որն ակտիվներ կառավարող շվեյցարական ընկերություն է, գրասենյակներ ունի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հունգարիայում: ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կայքում, սակայն, դեռեւս ինֆորմացիա չկա Հայաստանում այս բորտի գրանցման մասին:

Իր կայքում «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ն հայտնում է, որ առաջարկում է չարտերային չվերթներ Հայաստանի տարածքում (կան մշակված երթուղիներ օպերատորի կողմից), ինչպես նաեւ դեպի Վրաստան (Թբիլիսի), Ռուսաստան (Սոչի, Վլադիկավկազ), Թուրքիա (Կարս, Աղրի), ընկերությունն իրականացնում է նաեւ հարսանեկան շրջագայություններ, օդային տեսա- եւ լուսանկարահանումների համար չվերթներ, գովազդային թռիչքներ, խորհրդատվություն եւ տեխնիկական ծառայություններ ուղղաթիռ գնելուց առաջ եւ հետո:

«Զվարթնոց» օդանավակայանում բազավորվող ընկերությունը նաեւ հայտնում է, որ մոտ ապագայում կառուցելու է իր սեփական ուղղաթիռային կենտրոնը՝ հանգարներով, ուղղաթիռադաշտերով, գրասենյակներով: Օդային փոխադրողն իր կայքում ներկայացրել է նաեւ 4 օդաչուներին, որոնցից 3-ը հայ են:  

Լուսանկարները՝ «Ֆեյսբուքից»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter