Քաղաքացու պնդմամբ` Մհեր Սեդրակյանի փեսան քանդել է իր տունն ու այն միացրել առանձնատան բակին
Քաղաքացի Մարիետա Մելքոնյանի պնդմամբ՝ Մհեր Սեդրակյանի փեսան՝ Սուրեն Օքմինյանը քանդել է իր տունն ու այն միացրել իր առանձնատան բակի տարածքին:
Քննչական կոմիտեի Էրեբունու քննչական բաժնում այս առնչությամբ քրեական գործ է հարուցվել, որի նախաքննությունն ընթանում է արդեն երկու ամիս:
Գործը հարուցվել է Մարիետա Մելքոնյանի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմում գրելուց հետո:
Մեզ հետ զրույցում Մարիետա Մելքոնյանը պատմեց, որ 2012 թվականին Էրեբունիում 100 քառ/մ տարածքով սեփական տուն է գնել (36 քառ/մ-ն եղել է տունը, իսկ մնացածը` բակը)՝ դրա համար վճարելով 11 մլն 200 հազար դրամ գումար: Կնոջ խոսքով` տունը գտնվել է նորմալ վիճակում, ունեցել հաստ պատեր, եղել կահավորված ու սալիկապատված: 2013-ին Մելքոնյանը բուժման նպատակով ստիպված է եղել գնալ Իսպանիա, և իր տանը բնակվել է քրոջ ընտանիքը:
2015 թվականին, Մելքոնյանի խոսքով, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսան՝ Սուրեն Օքմինյանը, իր տան հարևանությամբ սեփական տուն է գնել:
«Դրանից հետո դժոխքը սկսվեց»,- մեզ հետ զրույցում ասաց Մելքոնյանն ու պատմեց, որ Օքմինյանը հետաքրքրություն է դրսևորել իր տան նկատմամբ, հարցրել, թե արդյոք ինքը չի ցանկանում այն վաճառել:
Վերը նշված խոսակցությունը տեղի է ունեցել Skype-ով, Մելքոնյանի խոսքով՝ Սուրենը իր հետ կապ է հաստատվել իր քրոջ միջոցով: Մելքոնյանը, ըստ իր խոսքի, Սուրեն Օքմինյանին ասել է, որ եթե իր համար երկու սենյականոց բնակարան գնի, ապա կհամաձայնի դրա հետ փոխանակել իր տունը:
Պայմանավորվածությունից որոշ ժամանակ անց, ըստ Մելքոնյանի, Սուրեն Օքմինյանը սկսկել է դժգոհել, որ տան պատերը քանդվում ու թափվում են իր բակ, որից հետո Մելքոնյանը, իր պատմելով, քրոջ միջոցով գումար է ուղարկել, որպեսզի խնդիրը լուծվի:
Դժգոհությունները շարունակվել են նաև հետագայում, Մարիետա Մելքոնյանի խոսքով`Սուրենն իրեն ասել է, որ տունը քանդվում է, և դրա համար 10 000 ԱՄՆ դոլարից ավել չի պատրաստվում վճարել, ինչին, սակայն, ինքը չի համաձայնել:
«Ասացի՝ Սուրեն, կգամ, կխոսենք, բայց առանց համաձայնեցնելու քանդել ու իր համար ասաբնյակ է սարքել»,- պատմում է Մարիետա Մելքոնյանը:
68-ամյա կնոջ խոսքով՝ ինքն այժմ մնացել է առանց տան, Սուրեն Օքմինյանը իր համար բնակարան չի գնել և պնդում է, որ իր տան համար, որն այլևս գոյություն չունի, 10 000 ԱՄՆ դոլարից ավել գումար չի վճարելու: Մելքոնյանն այժմ ապրում է Հայաստանում ունեցած բարեկամների տանը:
Կնոջ խոսքով՝ նախորդ տարի, երբ բուժման նպատակով Իսպանիա գնալուց հետո առաջին անգամ եկել է Հայաստան, ցանկացել է այցելել իր տուն ու պարզել, որ այն չկա. դարպասները, որոնք պիտի տանեին իր տուն, փոխված են. դրանք արդեն Սուրեն Օքմինյանի առանձնատան դարպասներն են:
Կնոջ խոսքով՝ տևական ժամանակ ստիպված է եղել անվտանգության աշխատակիցների հետ բանակցություններ վարել, մինչև իրեն ներս են թողել, որպեսզի զրուցի Սուրեն Օքմինյանի հետ: Երկար խոսակցությունից հետո պայմանավորվածություն են ձեռք բերել, որ վերջինս իր համար բնակարան կգտնի: Սակայն բնակարան գտնել չի հաջողվել. Մարիետա Մելքոնյանի խոսքով՝ Օքմինյանն իրեն բազմաթիվ բանակարաններ է ցույց տվել, որոնք պատրաստ է եղել գնել իրա համար, սակայն դրանցից որևէ մեկը բարվոք վիճակում չի գտնվել:
Մելքոնյանը բուժումը շարունակելու համար վերադարձել է Իսպանիա, իսկ այս տարի ամռանը նորից եկել է Հայաստան ու մորաքրոջ աղջկա հետ այցելել Օքմինյանի տուն: Այստեղ, ըստ Մելքոնյանի, իրենք վիճաբանության մեջ են մտել Օքմինյանի կնոջ հետ:
«Դու գիտե՞ս՝ ես ում աղջիկն եմ»,- ըստ Մելքոնյանի՝ ասել է Մհեր Սեդրակյանի աղջիկը:
Ինչ վերաբերում է Օքմինյանին՝ Մելքոնյանը նրա հետ նորից պայմանավորվածություն է ձեռք բերել բնակարան գնելու շուրջ, նորից բնակարաններ ցույց տվել, որոնցում, Մարիետա Մելքոնյանի խոսքով, ապրել հնարավոր չէ:
Օրերից մի օր էլ, բնակարանի շուրջ հերթական վիճաբանության ժամանակ Օքմինյանն ասել է, որ ինքը այլևս կնոջ համար բնակարան չի փնտրելու, որ ինքը «բրոկեր» չէ, 10 000 դոլար գումար է տալիս և վերջ:
Մելքոնյանի խոսքով՝ դեռ այն ժամանակ, երբ ինքն Իսպանիայում էր, և Սուրենը ցանկանում էր իր բնակարանի համար 10 000 դոլար վճարել, իր բարեկաներն իրեն հորդորել են համաձայնել:
«Ասում էին՝ Մարիետա, դրանք վտանգավոր մարդիկ են, համաձայնի՛ր, դրանից էլ ես ընկնելու»,- մեզ հետ զրույցում ասաց Մելքոնյանն ու նշեց, որ ինքը հիմա էլ միայնակ է պայքարում, բայց չի պատրաստվում իր շուրջ 30 ազար ԱՄՆ դոլար արժեք ունեցող բնակարանը 10 000 ԱՄՆ դոլարի դիմաց տալ հարևանին:
«Ես պահանջում եմ հատուցել իմ կրած ամեն վնասի համար. ես արդեն 4 տարի է, արցունքներով եմ քնում, նա պիտի հատուցի իմ ամեն արցունքի ու բնակարանիս համար: Մենակ եմ պայքարում, ոչ մեկը չկա հետս պայքարող»,- ասաց Մելքոնյանն ու նշեց, որ նույնիսկ հարազատ քույրը, ով ապրել է իր տանն ու գիտի՝ այն ինչ վիճակում է եղել, վախենում է խոսել ու ասել ճշմարտությունը: Կնոջ խոսքով`Սուրեն Օքմինյանը նախկին իշխանությունների ժամանակ օգտվել է իր դիրքից, որն էլ ստեղծված իրավիճակի պատճառն է:
Մելքոնյանը հարց է տալիս, թե ինչպե՞ս է ստացվել, որ Էրեբունու թաղապետարանից չեն փորձել միջոցներ ձեռնարկել, որպեսզի չքանդվի իր սեփականությունն ու պնդում, որ իրավասու անձինք պետք է դրա համար պատասխանատվության ենթարկվել:
Մենք հանդիպեցնք նաև Սուրեն Օքմինյանի հետ, ով պատմեց միանգամայն այլ պատմություն: Վերջինիս էլ Մարիետա Մելքոնյանին մեղադրեց նրանում, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից օգտվել ու պայմանավորվածություն է խախտել:
Ըստ Օքմինյանի՝ իրեն Մարիետա Մելքոնյանի տունը պետք չի եղել, այն օր-օրի քանդվելիս է եղել ու քարերը լցվել են իր բակ: Սուրենի խոսքով`ինքը բազմիցս դիմել է Մելքոնյանի քրոջը՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել, որպեսզի տունը չքանդվի, դրանից թափվող քարերն ու կավահողը չլցվեն իր բակ:
«Կավահողը թափվում էր գետնին, մտածեցի` վաղը իմ երեխաներն են խաղալու այդտեղ, բա որ վնասվե՞ն»,- ասաց Օքմինյանն ու նշեց, որ անգամ իր տանը եղած շինանյութից է տվել, որպեսզի տան տանիքն ու պատերը փոքր-ինչ վերանորոգեն, սակայն քարերը նորից շարունակվել են թափվել:
Ըստ Սուրենի՝ արհեստավորներն ասել են, որ այդ տունը վերանորոգման ենթակա չէ, որ այն պետք է հիմքից նորից սարքվի:
«Անձևաջուրը, ձյան ջուրը թափվելիս են եղել տան մեջ, իմ բակը նույնպես ամբողջությամբ կավահող էր լցվում: Ես կրակը չէի ընկել, որ իր հարևանն եմ»,- պատմեց Օքմինյանն ու նշեց, որ այս ընթացքում ինքը Մարիետայի քրոջ`Անահիտի խնդրանքով վերջինիս աշխատանքի է տեղավորել՝ ակնկալել, որ քույրն աշխատելու դեպքում գոնե կփորձի ինչ-որ չափով կարգի բերել բնակարանը:
Սուրեն Օքմինյանը, ով պնդում է, որ Մարիետա Մելքոնյանի տունը վերանորոգել հնարավոր չէր, մեզ հետ զրույցում նշեց, որ այդ տունն իր տան շարունակություն է՝ դրա մի սենյակը, և ինքը գնելուց հետո, իր խոսքով`«ռեստավրացիայի» է ենթարկել այն:
Օքմինյանը նշեց, որ բնակարանի առուվաճառքով զբաղվող մասնագետը Մարիետա Մելքոնյանի տունը գնահատել է 7000 դոլար, պնդեց, որ Մելքոնյանի հետ տունը 10 000 դոլար գումարով գնելու շուրջ համաձայնություն է ձեռք բերել, որից այժմ Մելքոնյանը հրաժարավում է:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Մելքոնյանի համար փորձել է բնակարան գտնել, ապա, Օքմինյանի խոսքով, դա արել է՝ բարի կամքից դրդված՝ հաշվի առնելով, որ իր դիմաց մեծ կին է, ով իրեն դիմել է նման խնդրանքով:
Անդրադառնալով Մելքոնյանի պնդմանը, թե թույլ չի տվել ձեռք տալ իր տանը, այլ ասել է, որ Հայաստան գալուց հետո կխոսեն, Օքմինյանը նշեց, որ խոսքը եղել է այն մասին, որ ինքը 10 000 ԱՄՆ դոլար գումարը Մարիետային տա Հայաստան վերադառնալուց հետո:
Սուրենը պնդում է. Մարիետա Մելքոնյանն իրեն ասել է, որ կարող է անել`ինչ ուզում է, ինքն էլ ընդամենը թափել է արդեն քանդված տան քարերն ու պարսպապատել բակը, որպեսզի, ինչպես ինքն է ասում, իր բակ շուն չմտնի:
Օքմինյանի խոսքով`Մարիետա Մելքոնյանը տարօրինակ վարքագիծ է դրսևորում, մեկ իրեն վերաբերում իբրև մտերիմ մարդու, ապա հաջորդ պահին՝ կռվում հետն ու խախտում բոլոր պայմանավորվածությունները:
«Դիմումում գրել է, որ իրեն վախեցրել ու առևանգել եմ, իսկ ոստիկանությունում ասաց` Սուրենն իմ տղան է»,- պատմեց Օքմինյանն ու նշեց, որ այլևս չի ցանկանում ոչինչ գնել Մարիետա Մելքոնյանից:
«Ինքն ինձ զոռավ չի կարող ստիպել գնել իր հողը, ինձ վնասած գումարը կտան, մնացածն՝ Աստված իրենց հետ էլ, ինձ հետ էլ»,- մեզ հետ զրույցում նշեց նա:
Մեր հարցին`իսկ տո՞ւնը, Օքմինյանը պատասխանեց, թե այնտեղ տուն չկար, քանդվել էր:
Մեր զրուցակիցը նշեց նաև, որ Մելքոնյանը իշխանափոխությունից հետո Հայաստան վերադառնալով՝ իր հետ շանտաժի լեզվով է խոսել ու ասել, որ եթե ուզում է ամեն բան լավ լինի, ոչ թե տասը, այլ երեսուն հազար դոլար պիտի վճարի:
«Ես պատասխանել եմ, որ որևէ մեկին թույլ չեմ տա ինձ հետ շանտաժով խոսել, արեք՝ ինչ ուզում եք. եթե օրենք կա, ես ճիշտ դուրս կգամ»,- ասաց Օքմինյան ու նշեց, որ եթե կա մեկն, ով պետք է պատասխանատվության ենթարկվի, ապա դա Մելքոնյանն է. ըստ Օքմինյանի`68-ամյա կինը սուտ մատնություն է կատարել իր վերաբերյալ:
Սուրենը նշեց նաև, որ Մարիետա Մելքոնյանը շարունակ պնդում է, որ բոլորն իրենից վախենում են:
«Ես վախենալու ե՞մ. նա հորինում է այդ ամենը: եթե մի հատ նորմալ մարդ կա, որը կարող է գալ ու ասել, որ ես վտանգավոր եմ, ես դա կընդունեմ: Չկա մեկն, ով կասի, որ ես որևէ նորմալ մարդու հանդեպ որևէ վատ բան չեմ արել»,- ասում է Օքմինյանը:
Վերջինս մեզ տրամադրել է Մարիետ Մելքոնյանի քրոջ՝ Անահիտի հետ խոսակցության ձայնագրությունը, որն արել է այն բանից հետո, երբ Մելքոնյանը վերջին անգամ եկել է Հայաստան ու, ինչպես ինքն է ասում, շանտաժի լեզվով խոսել իր հետ: Ձայնագրության մեջ Մելքոնյանի քույրն ընդունում է՝ տունը լավ վիճակում չի եղել, և կողմերի միջև 10 000 դոլարի պայմանավորվածություն է եղել, մինչդեռ առերես հարցաքննության ժամանակ, Մելքոնյանի պաշտպան Կարմեն Պողոսյանի խոսքով, քույրն ասել է, որ բնակարանը նորմալ վիճակում է գտնվելիս եղել:
Նշենք, որ Օքմինյանը մեզ տրամադրել է նաև լուսանկար, որն, իր պնդմամբ, երեխաների կողմից է արվել՝ ոչ միտումնավոր: Դրանում, ըստ Օքմինյանի, երևում է, թե ինչ վիճակում է գտնվելիս եղել Մելքանյանի տունը (գլխավոր լուսանկարը Սուրեն Օքմինյանի տրամադրածն է-հեղ.):
Կնոջ պաշտպանը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ քրեական գործը հարուցված է ինքնիրավչության հոդվածով, սակայն իրենք հասնելու են նրան, որ հոդվածը փոխվի, քանի որ այն, ինչ տեղի է ունեցել, ուրիշի գույքի ոչնչացման հանցակազմ է պարունակում:
Թե ինչ ընթացք կստանա քրեական գործը, դեռևս պարզ չէ. փաստն այն է, որ Մարիետա Մելքոնյանն առ այսօր ունի տան սեփականության վկայականը, դրա առուվաճառքի պայմանագիրը, իսկ Սուրեն Օքմինյանի ձեռքի տակ չկա այդ տարածքում որևէ գործողություն իրականացնելու թույլտվություն ունենալու վերաբերյալ որևէ փաստաթուղթ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել