
«Վալլեքս»-ում դժվարանում են պատասխանել` Ալավերդու պղնձաձուլական գործարանը կհանվի՞ «ՎՏԲ-Հայաստան բանկի» գրավից, թե ոչ
«Հետք»-ի հարցերին պատասխանում է «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Սահակ Կարապետյանը
- Պարոն Կարապետյան, այս պահին «Թեղուտ» ՓԲԸ-ում «ՎՏԲ-Հայաստան բանկը» նշանակել է նոր գլխավոր տնօրեն: «Վալլեքսը», կարծես թե, դուրս մղվեց Թեղուտից:
- Թեղուտն ունի նոր գլխավոր տնօրեն: Որպես «Վալլեքս» խմբի ընկերությունների ներկայացուցիչ՝ ես էի «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը: Այս պահի դրությամբ ես այլևս գլխավոր տնօրեն չեմ:
- Այժմ ի՞նչ հարաբերությամբ են բաշխված «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը «Վալլեքս»-ի և «ՎՏԲ-Հայաստան բանկի» միջև:
- «Թեղուտ» ՓԲԸ-ի միակ բաժնետերը հանդիսանում է Կիպրոսում գրանցված «Թեղուտ Ինվեստմենտս Լիմիթեդ» ՍՊԸ-ն:
- Այդ դեպքում ինչո՞ւ է «ՎՏԲ-Հայաստան բանկը» Թեղուտում իր ներկայացուցչին նշանակել կառավարիչ:
- «Թեղուտ Ինվեստմենտս Լիմիթեդը» ունի իր բաժնետերերը, որոնց շարքում կա ՎՏԲ-ն և հիմա գործընթաց է գնում իրավական: Դրա շրջանակներում կատարվել է գլխավոր տնօրենի փոփոխություն:
- Ձեր կարծիքով՝ դեռ որքա՞ն ժամանակ «Թեղուտ» ՓԲԸ-ն կկառավարվի ՎՏԲ բանկի կառավարիչի կողմից:
- Դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, որովհետև հստակ պատասխան չկա:
- Հնարավոր համարո՞ւմ եք, որ «Վալլեքսը» ընդհանրապես զրկվի «Թեղուտ» ՓԲԸ-ից:
- Զուտ տեսական հնարավորության մասին եթե խոսենք, չի բացառվում, բայց էնպես չի, որ մեր կողմից որևէ գործողություններ չեն կատարավում:
- Ի՞նչ է սպասվում «Արմենիան Քափըր Փրոգրամ ընկերության» Ալավերդու պղնձաձուլական գործարանին: Կհաջողի՞ Ձեզ գործարանը «փրկել» բանկի գրավից:
- Կդժվարանամ այդ հարցին հստակ պատասխանել՝ կհաջողվի, թե ոչ: Բայց մենք այդ ուղղությամբ աշխատում ենք:
- Թեղուտում կա նաև փիրուզի հանք: Ո՞ւմ է պատկանում այն այժմ, խնդրում եմ տեղեկություն տալ փիրուզի հանքի մասին:
- Ձեր տեղեկությունները որոշակիորեն և ճիշտ են և ճիշտ չեն: Փիրուզի հանքավայր Թեղուտի տարածքում կար, որը հանդիսանում էր պղնինձ-մոլիբդենային հանքավայրի նկատմամբ ավելի վերին մակերևույթներում գտնվող հանքավայր: Նրա նկատմամբ իրավունքները պատկանում են «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը, բայց պաշարների հիմնական մասը արդյունահանված է և օրենքով սահմանված կարգով մարված են պաշարները: Դրանք տեղափոխվել են Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատի արտադրական լցակույտերի դատարկ ապարների տեղամաս: Ինչպես նշեցի, փիրուզի հանքը պատկանում է «Վալլեքս» խմբի ընկերությունների մեկ այլ կազմակերպության:
- Մի քանի տարի առաջ Վալերի Մեջլումյանը խոստանում էր փիրուզի հանքի հենքի վրա կանացի զարդերի արտադրամաս կառուցել: Ի՞նչ եղավ Վ. Մեջլումյանի այդ գաղափարը: Դա ընդհանրապես հեռանկար ունի՞, թե ոչ:
- Հեռանկար ունի, բայց այս պահի դրությամբ ես կդժվարանամ դրա հետ կապված որոշակի տեղեկատվություն տրամադրել Ձեզ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել