HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրօգտագործման մասով Ամուլսարի ստուգման արդյունքներն ուղարկվել են լրացուցիչ ստուգման. ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հապաղում է

Ջրօգտագործման թույլտվությունները խախտելու մասով Ամուլսարի ստուգման արդյունքներն ուղարկվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայություն: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ տեսչական մարմինը գտել է, որ ջրօգտագործման թույլտվությունները խախտելու կամ առանց ջրօգտագործման թույլտվություն ջրառ իրականացնելու փաստերի մեջ կոռուպցիոն ռիսկ կա: Հետևաբար, դրանք հավելյալ ստուգման կարիք ունեն:

Ամուլսարում ջրօգտագործման հետ կապված տեսչական մարմինը երկու վարույթ է իրականացրել: Առաջինն առնչվում էր Եղեգնաձոր ՋՕ-ի կողմից Կեչուտի ջրամբարից «Լիդիան»-ին մատակարարվող ջրին: Ստուգմամբ պարզվել է, որ ջրառն իրականացվել է տեխնիկական նպատակներով, մինչդեռ Կեչուտի ջրամբարից ջուրը կարող էր օգտագործվել բացառապես ոռոգման նպատակներով: Տեսչությունը պարզել է, որ Ջրային կոմիտեն է հրահանգել Եղեգնաձոր ՋՕ-ին ջուր մատակարարել ընկերությանը, սակայն չի հստակեցրել, թե ինչ նպատակներով: «Պարզ է, որ այնտեղ լոբի չէին աճեցնելու, այլ ընդերքօտագորման նպատակներով պետք է օգտագործեին: Ինչ իրավունքով է Ջրային կոմիտեն Եղեգնաձորի ՋՕ-ին հրահանգել Կեչուտի ջրամբարից, որը Սևանի ջուրն է, ջուր տրամադրել, տեխնիկական նպատակենրով, մինչդեռ միմիայն ոռոգման նպատակով կարող էր մատակարարվել»,- ասում է Արթուր Գրիգորյանը:

Բնապահպանության և ընդերքի տեսչությունն ի սկզբանե վարչական վարույթը հարուցել էր ջրօգտագործման պայմանները խախտելու, այն է` ոռոգման նպատակով ստացված թույլտվության փոխարեն տեխնիկական նպատակներով այն օգտագործելու հիմքով: Այդ վարույթը տեսչական մարմինը ստիպված է եղել կարճել, քանի որ ԲՆ-ն շուտով պարզաբանում է ուղարկել, որ «Լիդիան»-ն օգտագործել է ջուրը ոչ թե համապատասխան ջրատարից, որից ունեցել է ջրթույլտվություն, այլ Կեչուտ-Զառիթափից, որի համար ջրթույլտվություն չի ունեցել ընդհանրապես:

Երկրորդն առնչվում է Գնդեվազի գյուղապետարանին` Յոթնաղբյուր-Գնդեվազ ջրատարից ջուր մատակարարելու փաստին: 2011-2012 թվականներին «Լիդիան»-ին ջուր է մատակարարվել տեխնիկական նպատակներով, որը, սակայն, կրկին կարող էր տրամադրել բացառապես ոռոգման նպատակներով:

Երկու դեպքերով էլ վարչական վարույթները կարճվել են: Գնդեվազի համայնքապետարանի խախտման պարագայում վաղեմության ժամկետներն անցել էին: Կեչուտի ջրամբարի դեպքում էլ վարույթը հարուցվել էր այլ խողովակից ջրօգտագործում իրականացնելու դեպքով:

«Բայց քանի որ մենք գտել ենք, որ երկու դեպքում էլ կոռուպցիոն ռիսկի հնարավորություն կա, երկու գործերն էլ ուղարկել ենք Վարչապետի վերահսկողական ծառայություն, որպեսզի այնտեղ քննություն իրականացվի, և եթե լինեն կոռուպցիոն դրսևորման դեպքեր կամ կասկածներ, ապա կարող է նաև քրեական գործ հարուցվել»,- նշեց Արթուր Գրիգորյան;

Արթուր Գրիգորյանը պարզաբանեց, որ երկու դեպքում էլ պայամանգիր կա ընկերության և Գնդեվազի գյուղապետարանի, մյուս դեպքում` ընկերության և Եղեգնաձոր ՋՕ-ի միջև: Սակայն երկու պայմանագրերն էլ ոչ իրավաչափ են եղել, և երկու դեպքում էլ հանձնարարվել է դադարեցնել յուրաքանչյուր տիպի գործունեություն:

Բնապահպանության և ընդերքի տեսչությունն այդ փաստով արդեն նյութերն ուղարկել է Դավիթ Սանասարյանի ղեկավարած ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը:

Երկու շաբաթ է` ՀՀ վերահսկողական ծառայությունից չինք կարողանում պարզաբանում ստանալ, թե ինչ ընթացք է ստացել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուղարկած նյութերը: Վերահսկողականը կարծես չի կողմնորոշվում` ինչպես վարվել այս նյութերի հետ: 

Ի վերջո, ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը գրավոր պատասխանեց և հաստատեց, որ 2018 թվականի սեպտեմբերի 14-ին ստացել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար պարոն Արթուր Գրիգորյանի՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեում և «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերությունում դրանց գործունեության օրինականության և արդյունավետության վերահսկողության նպատակով ուսումնասիրություն իրականացնելու վերաբերյալ գրությունը:

Այն ուսումնասիրելով՝ Վերահսկողականը հայտնել է, որ «Պետական վերահսկողական ծառայության» մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի սահմանվել է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը պետական վերահսկողության շրջանակներում և նույն օրենքով սահմանված կարգով իրականացնում է օրինականության և արդյունավետության վերահսկողության նպատակով ուսումնասիրություններ՝ պետական կառավարման համակարգի մարմիններում և պետական հիմնարկներում: Հաշվի առնելով, որ «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերությունն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է՝ փաստում ենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերությունում դրա գործունեության օրինականության և արդյունավետության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություն չունի:

«Միաժամանակ, հայտնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա մի շարք ջրաօգտագործողների ընկերություններում, այդ թվում նաև՝ «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերությունում, պետք է իրականացնի ուսումնասիրություններ պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության և գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ»,- պարզաբանել է Վերահսկողական ծառայությունը:

Ինչ վերաբերում է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Զրային կոմիտեում ուսումնասիրության իրականացմանը, ապա Վերհսկողականը հայտնել է, որ տվյալ պահին ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվում է բազմաթիվ ուսումնասիրություններ, և գրությամբ ներկայացված հանգամանքները հաշվի կառնվեն կոմիտեում հետագայում իրականացվելիք ուսումնասիրության ընթացքում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter