HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Երեւանում մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը

Երեւանում այսօր մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, որի անցկացմանը Հայաստանը պատրաստվում էր գրեթե մեկ տարի։ Գագաթնաժողովի առաջին օրը աշխատանքները սկսեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) մշտական խորհուրդը, որին մասնակցում են անդամ պետությունների դեսպանները։ Մշտական խորհրդի նիստը բացեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը։

Նա ողջունեց մշտական խորհրդի 105-րդ նիստի մասնակիցներին եւ երախտագիտություն հայտնեց Հայաստանի ժողովրդին եւ իշխանություններին ջերմ ընդունելության համար՝ հյուրընկալության իր ավանդույթներին հավատարիմ։ Միաժամանակ շնորհակալություն հայտնեց ՖՄԿ-ում Հայաստանի դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանին կատարած մոբիլիզացիոն աշխատանքների համար, որը բացառիկ էր՝ հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները։

«Օգտվելով առիթից ողջունում եմ այս գարնանը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների խաղաղ բնույթը, ողջունում եմ հատկապես երիտասարդներին եւ կանանց, որոնք այդ շարժման առաջամարտիկներն էին։ Ֆրանկոֆոնիան ուրախ է վերադառնալ Երեւան՝ Հայաստանի սիրտը, քանի որ մեզանից շատերն այս դահլիճում էին 2015 թվականին Մշտական խորհրդի նիստի եւ նախարարական կոնֆերանսի ժամանակ»,- ասաց Միկայել Ժանը։

Մշտական խորհրդի (այն նախագահում է Հայաստանը) օրակարգում ՖՄԿ-ի քաղաքական, դիվանագիտական եւ տնտեսական գործունեության վերաբերյալ հարցեր են, որոնց առնչությամբ բանաձեւերն ու որոշումները այսօր քննարկելուց հետո պետք է ներկայացվեն վաղը կայանալիք Նախարարների կոնֆերանսին եւ ընդունվեն հոկտեմբերի 12-ին՝ պետությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունենալիք նիստի ժամանակ։  

«Մշտական խորհրդին ներկա դեսպանները նախապատրաստական աշխատանքներ են կատարում, ընդունվելիք բոլոր փաստաթղթերն անցնում են այս խորհրդով»,-ասաց Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր Ստեփանյանը։ ՖՄԿ անդամ բոլոր 84 պետությունների դեսպանները ներկա են երեւանյան նիստին։

Մշտական խորհրդի նիստում միաժամանակ պետք է որոշվի Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի վայրը, որը տեղի է ունենալու 2020 թվականին։ Դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հայտնեց, որ ըստ նախնական որոշման՝ այն տեղի կունենա Թունիսում։ Այդ գագաթնաժողովը կառանձնանա նրանով, որ 2020-ին ՖՄԿ-ն նշելու է հիմնադրման 50-ամյակը, եւ Թունիսը՝ ի դեմս այդ ժամանակ նախագահ Հաբիբ Բուրգիբայի, ՖՄԿ հիմնադիրներից է։

Ձախից՝ դեսպան Տեր-Ստեփանյանը եւ Միկայել Ժանը

Մշտական խորհուրդը պետք է նախապատրաստի նաեւ ՖՄԿ գլխավոր քարտուղարի ընտրությունը եւ անդամակցության հայտ ներկայացրած երկրների թեկնածության քննարկումը։ Այս երկու հարցերի վերաբերյալ որոշումները պետք է ընդունվեն հոկտեմբերի 11-12-ին կայանալիք պետությունների նախագահների կոնֆերանսի ժամանակ։ Ինչպես արդեն հայտնել ենք, ՖՄԿ-ում դիտորդի կարգավիճակի համար հայտ է ներկայացրել 4 երկիր, որոնք արդեն դրական եզրակացություն են ստացել: Այդ երկրների անունները կհայտարարվեն գագաթնաժողովի ժամանակ: Իսկ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար մրցակցում են գործող քարտուղար Միկայել Ժանը, որն այս պաշտոնը զբաղեցնում է 2015-ի հունվարից եւ Ռուանդայի արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոն, որի թեկնածությունն առաջադրել է Աֆրիկյան պետությունների միությունը։ Քանի որ ՖՄԿ անդամ-պետությունների թվում մեծ թիվ են կազմում աֆրիկյան պետությունները, կարելի է եզրակացնել, որ Լուիզ Մուշիկիվաբոն մեծամասնության թեկնածուն է։ Բացի այդ՝ նրա թեկնածությունը պաշտպանում է Ֆրանսիան։ Դեսպան Տեր-Ստեփանյանի կարծիքով՝ կարեւոր է, որ այդ որոշումն ընդունվի միաձայն։

Հայաստանի համար ինչ կարեւորություն ունի այս գագաթնաժողովը հարցին պրն Ստեփանյանը պատասխանեց․ «Սա միջազգային խոշորագույն իրադարձություններից մեկն է, 83 երկիր է ներկա, եւ սա Հայաստանի անկախությունից հետո մեր երկրում կազմակերպված ամենամեծ միջոցառումն է»։  

Նշենք, որ գագաթնաժողովը տեղի է ունենում Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter