
Գետափն իր համար խաղաղ ապրող համայնք էր, մինչև...
Գետափցի անչափահաս Վովայի մասին պատմող ակնարկից հետո ծագած անախորժությունները, գյուղում խաղատան գործունեությունը եւ այս տարվա հունվարի 11-ին Արթիկում տեղի ունեցած դեպքերի կենտրոնում հայտնված, «կրիմինալ» որակված գետափցի Անուշավան Բաղդասարյանի արարքը, Արթիկի տարածաշրջանի Գետափ համայնքին արջի ծառայություն մատուցեցին: Գյուղը ճանաչվեց, բայց ոչ դրական առումով:
«Մինչեւ այս 3 իրադարձությունները Գետափն իր համար խաղաղ ապրող համայնք էր, շատերն երեւի տեղն էլ չգիտեին,- նկատում է համայնքապետ Մայիս Մկրտչյանը,- Վովայի համար, որ գրել էին, էդ տղան ինձ լրիվ խայտառակ էր արել: Մենակ ինձ չէ, հորն էլ հետը: Ասեմ, որ թե՛ հոդվածի հրապարակման ժամանակ, թե՛ ներկայումս, տղայի հայրը կա, աշխատում է, ընտանիքն էլ պահում է, բայց մարդը կանգնել հայտարարել էր, որ հեր չունի, համայնքապետն իրանց չի օգնում ու էլի լիքը ստեր: Կազինոն էլ հո մենք չբերեցինք սարքեցինք: Գործող օրենքի համաձայն՝ պիտի այն լինի քաղաքային բնակավայրերից 50 կմ հեռավորության վրա: Ով բացել էր կազինոն, խոսել էր շենքը տրամադրած գետափցու հետ: Համայնքի բյուջե դրանից գումար չի մտել, մի 7-8 ամիս է գործել ու արդեն 1,5 տարի է չի աշխատում, բայց գյուղի անունն ելավ»:
Ոչ այնքան լուսավոր պատկերն ամբողջացրեց այս տարվա հունվարի 11-ի միջադեպը, որի ժամանակ 25-ամյա ոստիկան Լուկաշ Մինասյանը կրակել էր իրեն առեւանգած ու ծեծած գետափցի Անուշավան Բաղդասարյանի ոտքերին: Համայնքապետին զարմացրել էր լրատվամիջոցներում հայտնված «գետափցի կրիմինալ» արտահայտությունը:
«Ախր ինչ կրիմինալ: Գետափում երբեք կրիմինալ չի եղել: 30 տարեկան տղա է Անուշավանը, ոչ մի անգամ դատված չի եղել, եթե էդ տղան «կրիմինալ» է կամ պարագլուխ, բա ինչի էդքան հեղինակություն չուներ, որ խոպան գնացած եղբորը էնտեղ աշխատացրել, փողերը չեն տվել,- հարցնում է համայնքապետն ու ավելացնում,-գետափցին աշխատող, իրա աշխատանքով ապրող մարդ է, ինչ կրիմինալ»:
840 բնակիչ ունեցող Գետափում միակ զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է, չեն մոռանում նշել նաեւ արտագնա աշխատանքի մասին: Սեզոնին գյուղից 100-150 հոգի մեկնում են Ռուսասատանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Ասում են՝ այլապես անհնար է ընտանիք պահելը: Գյուղատնտեսությամբ զբաղվելու համար տարին 12 ամիս բանկերի դռներն են բախում:
Կառավարության տրամադրած 14 % դրույքաչափով վարկերից գյուղում 10 ընտանիք է օգտվել: Համայնքապետն ասում է, որ վերցրած փոքր գումարներով հնարավոր չէ անասնապահություն զարգացնել` մեկ կովը 2-3 հազար դոլար է, իսկ վարկ մարդիկ վերցնում են 200-300 հազար դրամ: Կա գրավադրման խնդիր, նաեւ՝ շատերը հրաժարվում են հանդես գալ որպես վարկառուի երաշխավորներ:
Գետափում երկար տարիներ է ծնելիության աճի փոխարեն նվազում է գրանցվում: Այս տարի ընդամենը 3 առաջին դասարանցի ունեին: Մայիս Մկրտչյանն ասում է, որ ծնունդների ամենամեծ թիվը գյուղում գրանցվել է 1993 թ.-ին` 36 երեխա:
Այնուհետեւ ծնելիության դինամիկան նվազել է, պակասել են ամուսնությունները, իսկ վերջին 10 տարիների ընթացքում միայն 25 երիտասարդ ընտանիք լքել է գյուղը` մշտական բնակություն հաստատելով արտերկրում:
«Ծնելիության առումով պատկերը փոխվել է սկսած 2008թ.-ից: 2011թ.-ին 17 ծնունդ է գրանցվել,- ասում է համայնքապետը,- այս տարվա հունվարին արդեն 2 նորածին ունենք: Էս վերջին տարիներին նկատելի է, որ շատերը ձգտում են տեղում աշխատանք գտնել, մի մասը գնում է Երեւան՝ շինարարությունում աշխատելու, մյուս մասն էլ փորձում է գյուղատնտեսությամբ զբաղվել: Մի պահ հողի մշակության հետ կապված դադար եղավ, չէին մշակում, հիմա արդեն սկսել են մշակել»:
Երեխաների թվով պայմանավորված` Գետափում մանկապարտեզ չի գործում: Սակայն չի բացառվում, որ 2011թ.-ի ծնելիության ցուցանիշները խթան հանդիսանան առաջիկայում այդ խնդիրը լուծելու համար:
Գյուղում գործող 8-ամյա դպրոցը 1994թ.-ից դարձել է միջնակարգ, որտեղ ներկայումս սովորում է 100 աշակերտ: Գյուղը գազիֆիկացված է, խմելու ջրի ցանցի մասնակի նորոգման խնդիր կա, որ փորձելու են լուծել այս տարի: Գետափի համայնքային բյուջեն 12 մլն դրամ է, որից սեփական եկամուտներն ընդամենը 4 մլն-ն է: Սուղ գումարներով համայնքում կարողանում են ընթացիկ գործերը միայն իրականացնել`գիշերային լուսավորություն, միջհամայնքային ճանապարհների մասնակի նորոգում, սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական աջակցություն եւ այլն:
Որոշել էին գյուղում 2 խաղահրապարակ կառուցել. 2 մլն դրամ արժեքով ծրագիրը, որ ներառված էր համայնքի զարգացման քառամյա ծրագրում, ինչպես պարզվեց, չի իրականացվել, քանի որ բարերարը հրաժարվել էր ներդրում կատարել, իսկ համայնքն իր սուղ միջոցներից 2 մլն դրամ չէր կարող հատկացնել:
«Այսինքն` միշտ չէ, որ մեր ցանկություններն ու հնարավորությունները համընկնում են,- ասում է աշխատակազմի քարտուղար Ձոնիկ Սարգսյանը,- մենք պլանավորում ենք, փորձում ենք ծրագրեր իրականացնել, բայց միշտ չէ, որ կարողանում ենք գումարներ հայթայթել»:
Գետափի եկեղեցին վերանորոգելու ցանկություն հայտնել էր երեւանաբնակ մի բարերար, ով ծնունդով իրենց գյուղից էր: Անցյալ աշնանը աշխատանքներն սկսեցին, սակայն կիսատ մնաց մշակույթի նախարարության պատճառով:
Մայիս Մկրտչյանն ասում է, որ երբ 2005թ.-ին ինքը համայնքապետ է ընտրվել, եկեղեցին եղել է համայնքապետարանի հաշվեկշռում: Չի եղել որեւէ փաստաթուղթ, որ փաստեր այն` նախարարության հաշվեկշին փոխանցվելու մասին: Այնուամենայնիվ, դա չի խանգարել, որպեսզի հենց սկսեն աշխատանքներ իրականացնել, հայտնվեն իրական տերերն ու պահանջեն այն դադարեցնել, որովհետեւ նախ պիտի լինի նախարարության թույլտվությունը, վճարումներ պիտի կատարվեն նախագծանախահաշվային փաստաթղթեր պատրաստելու համար, հետո նոր, եթե դեռ բարերարը չի մտափոխվել, սկսեն շինարարական աշխատանքները:
«Ինձ ասեցին, որ 2004թ.-ից է եկեղեցին անցել նախարարության հաշվեկշիռ: Ես արդեն մեր սեփական եկամուտներից 400 հազար դրամի սահմաններում եկեղեցու հարակից տարածքն էլ էի գնել ու տրամադրել բարերարին, պարսպապատման աշխատանքներ էինք իրականացնում, բայց եկան չթողեցին շարունակենք,- պատմում է Գետափի համայնքապետը,- դեռ լավ է, որ բարերարն էդ հավելյալ գումարների պատճառով չհրաժարվեց իր ձեռնարկումից, ու էս գարնանը կվերսկսենք կիսատ մնացած աշխատանքները»:
Գյուղում մեկ այլ ձեռնարկում էլ կա, որ պիտի այս տարի իրականացնեն, թեպետ պլանավորել էին մաս-մաս անել 2010-2012թթ.-ի ընթացքում:
«Նոր գերեզմանատունը պարսպապատելը 2 մլն դրամ է պահանջում,- ասում է աշխատակազմի քարտուղար Ձոնիկ Սարգսյանը,- դե, հույս ունենք որ այս տարի մեկից այդ գումարը կունենանք, միանգամից էլ կենենք-կվերջացնենք»:
Մշակույթի երկհարկանի շենքի մի անկյունում ծվարած համայնքապետարանը սեփական շենք չունի, ընդամենը 2 սենյակ, որի կահավորման համար 400 հազար դրամ են ծախսել սեփական եկամուտներից: Ավագանու 5 անդամների համար աշխատասենյակ չեն առանձնացրել:
«Բայց դա չի խանգարում, որ համատեղ աշխատենք: Իմ աշխատակազմից 3-ը եւ ավագանու անդամներից եւս 3 հոգի ինձ ընդդիմություն են, բայց ես չեմ նեղվում: Արդեն 7-րդ տարին է` էս թիմով աշխատում ենք: Կարծում եմ, որ առողջ ընդդիմություն ունենալը նույնիսկ առավելություն է»,- ասում է համայնքապետը:
Նա մատնացույց է անում աշխատակազմի քարտուղարին ու հաշվապահին, ովքեր իրեն չեն ընտրել, բայց շարունակում եմ համատեղ աշխատել:
Մեկնաբանել