HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Գյուղացուն հասցրել են դատարան

Սպիտակի շրջանի Կաթնաջուր գյուղի բնակիչ Արամայիս Մանուկյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդրի լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի հերթացուցակում վերականգնվելու պահանջով:

Նախապես Մանուկյանների ընտանիքը համայնքի ղեկավարի կողմից հաշվառվել էր բնակարանի կարիքավորների հերթացուցակում: Քաղաքաշինության նախարարության բնակհանձնաժողովի կողմից Կաթնաջուրում անցկացված արտագնա նիստի ժամանակ փաստաթղթերի քննարկման արդյունքում, սակայն, Մանուկյանները դուրս են մնացել հերթացուցակից այն պատճառաբանությամբ, որ 1987 թվականին Մանուկյանների ընտանիքը համայնքի տնտեսությունների գրքերից դուրս է գրվել քաղաք Սպիտակ, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տվյալներով էլ` Արամայիս Մանուկյանը Կաթնաջուրում հաշվառվել է 1990 թվականին, կինը` 2005-ին:

Արամայիս Մանուկյանը, սակայն, պնդում է, որ Կաթնաջուրից բացի իր ընտանիքը ուրիշ ոչ մի տեղ չի բնակվել: Կինը` Գեղեցիկ Մանուկյանը, 75 թվականին ամուսնանալով, տեղափոխվել է Կաթնաջուր և գրանցվել է ամուսնու տանը: Անձնագիրն էլ Կաթնաջուրից է ստացել: Հետագայում անձնագիրը փոխելու ժամանակ`1998-99 թթ., նոր անձնագրում սխալմամբ նրա ծննդավայրի` հայրական տան հասցեն է նշվել` գյուղ Լեռնանցք:

Այդ շփոթությունն այժմ պարզված է: Ինչ վերաբերում է Սպիտակ քաղաքում Արամայիս Մանուկյանի գրանցմանը, ապա այն ձևական է եղել: Նա ձևակերպել է այդ գրանցումը` աշխատանքի հարցը լուծելու նպատակով: Բացատրում է, որ մինչև երկրաշարժը, առանց տվյալ համայնքում գրանցման, իրավունք չէր տրվում աշխատել: Նա էլ, ստիպված, մինչև 19 90 թվականը գրանցվել է Սպիտակում`այդ ընթացքում ապրելով Կաթնաջուրում: Հետո դուրս է գրվել Սպիտակի գրանցումից և վերագրանցվել է Կաթնաջուրում:

«Պրոստո գրանցում ունեցել եմ Սպիտակ քաղաքում, ոչ բնակարան եմ ունեցել, ոչ էլ բան: Գրանցվել եմ աշխատանքի համար: Ու որ գրանցում էլ ունեցել եմ Սպիտակ քաղաքում, ես էլի գյուղում եմ բնակվել»,-ասում է Արամայիս Մանուկյանը:

Այդ ձևական գրանցումն է հիմք ընդունել հանձնաժողովը` Մանուկյանների ընտանիքին բնակարանի հերթացուցակից հանելու համար:

Այժմ Մանուկյանների 6 հոգանոց ընտանիքը` Արամայիս Մանուկյանն ու կինը, որդին ու հարսը և երկու թոռնուհիները` 4 ու 2 տարեկան, նույն նեղվածք տնակում են ապրում: 

«Հըմի մեծ թոռնուհիս հոր ու մոր հետ ա քնում: Նրանք էլ ջահելներ են, ուզում են որ մի քիչ ազատ զգան իրանց: Նեղվածքում դե արի ազատ զգա, ոնց կզգաս: Գյուղապետը ինչ դակումենտ ուզել ա, բերել ենք: Հենց 23 համարը ես եմ գրանցված եղել: Բայց շիննախարարը մերժում ա: Ասում ա` Սպիտակում գրանցված ես եղել, տվյալ ժամանակ դու գյուղի բնակիչ չես եղել: Բայց աշխատանքային գրքույկ էլ ունեմ, որ ապացուցում ա»,-պնդում է Արամայիս Մանուկյանը:

Գյուղում հողատարածքները նույնպես նրա անունով են. «Երկրաշարժից հետո դե հողերը տվին գյողացիներին, չէ, էդ հողերը լրիվ իմ անըմանց ա»,-ավելացնում է:

«Բնակարանի կարիքավոր լինելու հանգամանքը կարող է տալ հիմնականում գյուղապետը, որովհետև իր համայնքի խնդիրներին, իր բնակիչներին, ամբողջ շարժը գիտի համայնքի ղեկավարը, որն էլ ունի պատասխանատվություն ճշտելու: Եվ փաստաթղթերի առումով հիմնավորված ներկայացրել է»,-ասում է Արամայիս Մանուկյանի շահերի պաշտպան Կարինե Գասպարյանը:

Վերջինս առաջնորդվում է հետևյալ իրավական հիմքերով. վկայակոչում է ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 13-37-Ն և 2009 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 14-02-Ն որոշումները, որոնցով սահմանվում է, որ աղետի գոտու գյուղական բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում կառուցվող բնակելի տները հատկացվում են համայնքների ղեկավարների կողմից հաստատված` բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների ցուցակների համաձայն` դրանցում ընդգրկված անձանց` հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության արդյունքներով:

Փաստաբանն ընդգծում է, որ որպես բնակարանների հերթացուցակում ընդգրկվելու պարտադիր պայման նշված է ոչ թեերկրաշարժի պահին նշված համայնքում հաշվառված լինելու հանգամանքը, այլ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ տվյալ համայնքում տուն ունենալու և ընտանիքի կազմի վերաբերյալ համապատասխան քաղվածքի, իսկ դրա բացակայության դեպքում արխիվային տեղեկանքի կամ այլ փաստաթղթերի առկայությունը:

«Երկրաշարժի դրությամբ ընտանիքի կազմը և տուն ունենալու հասկացությունները չգիտես ինչու նույնացնում են գրանցման փաստի հետ, որոնք լրիվ տարբեր հասկացություններ են»,-նկատում է Կարինե Գասպարյանը և ավելացնում, որ Մանուկյանների վերաբերյալ նման քաղվածք, որ մինչև երկրաշարժը տուն ունեցել են, որը քանդվել է, ներկայացվել է դատարան:

Որպես ապացույց դատարան են ներկայացվել Կաթնաջուրի դպրոցից տեղեկանք այն մասին, որ Մանուկյանների երեխաները երկրաշարժից հետո Կաթնաջուրի դպրոցից տեղափոխվել են Երևանի 181 դպրոց` որպես Կաթնաջուրի բնակիչներ (Արամայիս Մանուկյանի կինը աղետի ժամանակ վնասվածք է ստացել, որի առողջությունը վերականգնելու նպատակով նրան տեղափոխել են Երևան: Մանուկյանների ընտանիքը նույնպես տեղափոխվել է Երևան և 1,5 տարի ապրել է այնտեղ: Այդ ընթացքում երեխաները Երևանում են դպրոց հաճախել), նաև  Երևանի թիվ 181 դպրոցից տեղեկանք, որ Մանուկյանների երեխաները Կաթնաջուրի դպրոցից այդ դպրոց են տեղափոխվել:

«Անհիմն մերժումով գյուղացուն հասցնում են դատարաններ: Բայց արդարացի չէ հատկապես այս ընտանիքին հերթից հանելը: Միտումն այն է, որ սահմանափակեն խեղճ գյուղացու իրավունքները»,-ասում է փաստաբան Կարինե Գասպարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter