Շնողի համայնքապետարանը անցած 3 տարիներին այգետնկման համար հատկացված 43,2 մլն դրամի ծախսերի աուդիտ չի կատարել
Լարիսա Փարեմուզյան
Վերջին երեք տարիներին «Թեղուտ» ՓԲԸ-ն Շնողում անտառային ծառատեսակների փոխարեն պտղատու ծառեր է տնկել: Նախաձեռնությունը Շնողի նախկին գյուղապետ Հովիկ Սահակյանինն է: Վերջինս 2015թ.-ին դիմել է կառավարություն, որից հետո գյուղատնտեսության և բնապահպանության նախարարների համատեղ հրամանով բացառության կարգով թույլատրվել է Շնողում անտառային ծառատեսակների փոխարեն տնկել պտաղատու ծառեր: Այգիները հիմնվում են գյուղի «Դուզ» հանդամասի սեփականաշնորհված հողերում: «Դուզ» հանդամասի 469 հա այգիներում խորհրդային տարիներին տարեկան արտադրվել է շուրջ 4000 տոննա պտուղ:
1900-ականներին այգետերերը կտրել են պտղատու ծառերը և հացահատիկ ցանել: Հետո, սոցիալական դժվարությունների պատճառով, դրանք վերածվել են խոտհարքների:
«Եթե հաջողվի «Դուզ» հանդամասի 469 հա-ի վրա 4000 տոննա պտուղ արտադրել, շնողցիների սոցիալական վիճակը կփոխվի: Շնողի ապագան պետք է տեսնել այգեգործության մեջ»,- ասում է Հովիկ Սահակյանը: «Դուզ» հանդամասի 310 հա հողերը ջրդի, 159 հա-ն՝ անջրդի են: Համայնքի ղեկավարի օգնական Կորյուն Շադինյանի խոսքով, պտղատու ծառեր տնկվում են միայն ջրդի հողերի վրա: Նախատեսված է «Դուզ» հանդամասում հիմնել 180 հա պտղատու այգիներ:

Այգեգործ Գագիկ Ամիրջանյանի խոսքով` «Դուզ» հանդամասում ոռոգման ջրի մեծ խնդիր կա: Գագիկը դժգոհեց, որ պոմպերով ջուրն այգիներ հասցնելը թանկ է նստում այգետերերի վրա, ամեն անգամ իր այգին ջրելիս 25 հազար դրամ է վճարում:
«Սեզոնին գոնե 4 անգամ այգին պարտադիր ջրել է ուզում, դրանից հետո որ ջրի, այգին էլի ջրելու կարիք ունի, բայց դե ուժս չի պատում, թոշակառու մարդ եմ։ Աչաջուր ենք ասում, մեր սարերից եկող ջրերն ա: Կեսը մեր Ախետքի սարից է գալիս: Եթե պետությունն աջակցի մեր Աչաջուր սարի ջուրը հանդամաս հասցնելու գործում, Շնողը դրախտ կդառնա»,- ասում է Գագիկը:

Պտղատու ծառեր տնկելու համար «Թեղուտ» ՓԲԸ-ն անցած 3 տարիներին Շնողի համայնքապետարանին հատկացրել է 43,2 մլն դրամ: Վերջինիս 27 տոկոսը եկամտահարկ է վճարվել: Համայնքապետ Դավիթ Ղումաշյանի ասելով` 2015-2018թթ. 48 շնողցիների համար այդ գումարով հիմնվել է 29,3 հա այգի: Այգետունկն իրականացրել է Շնողում գրանցված «Ագրո Շեն –Հող» ՍԿ-ն: Վերջինս անմրցակից է մասնակցել այգետնկման մրցույթին: Կոոպերատիվի նախագահ Արտաշես Ավետյանի ասելով` անցած 3 տարիներին «Ագրո Շեն-Հող»-ը այգետունկի համար գնել է 15 հազար տնկի։

«Յուրաքանչյուր տարի 5 հազար տնկի ենք առնում, մեկ տնկին գնում ենք 800 դրամով: Տնկիներ կան, որ մի քիչ թանկ են լինում, կամ մի քիչ էժան: Տնկիները Շնողի, Լճկաձորի և հարևան մյուս գյուղերի տնկարանային տնտեսություն ունեցող անհատ մարդկանցից ենք առել»,- ասաց Ա. Ավետյանը: «Ծրագիրը ես գրում, ուղարկում եմ գյուղատնտեսության և բնապահպանության նախարարություններ, նրանց կողմից հաստատվելուց հետո ներկայացնում ենք «Թեղուտ» ՓԲԸ-ին»,- պատմեց համայնքապետի խորհրդական Կորյուն Շադինյանը:

Դավիթ Ղումաշյանի խոսքով` 2015-2016թթ. այգետնկման համար «Թեղուտ» ՓԲԸ-ն հատկացրել է 11,7 մլն դրամ: Դրանով հիմվել է 9,4 հա այգի: 2016—2017թ.-ին ծառատնկման գումարն ավելացել է մոտ 5 մլն դրամով, 16,3 դրամով տնկվել է 10 հա այգի: 2017-2018-ին 1-ին տարվա համեմատ այգետնկման գումարը ավելացել է 7,5 մլն դրամով: Դավիթ Ղումաշյանի ասելով` 19,2 մլն դրամով հիմնվել է 9,9 հա այգի: Իր պաշտոնավարման տարիներին այգետնկման գումարների ավելացումը Դ. Ղումաշյանը բացատրեց նախկինում հատված հին ծառերի արմատները հեռացնելու և խամ դարձած հողերը կրկնակի վարելու ծախսերի ավելացմամբ: Բացի դա, Շնողը տրակտոր չունի, որ նորմալ վար անի։ «Ամեն ակտը ստորագրելիս, ես կանչում եմ բոլորին, հարցնում եմ կատարված աշխատանքի որակի մասին: Հարկ է եղել, երկրորդ անգամ ենք վար արել: Խամ հող է եղել, մեծ պլանտաժնի գութան չենք ունեցել, մենակ այս կարգի խնդիրներ են եղել: Մենք այգին տնկում ենք, հանձնում ենք հողի սեփականատիրոջը»,- բացատրեց Դ. Ղումաշյանը: Վերջինս դժգոհեց, որ կան այգետերեր, ովքեր չեն մշակել իրենց հանձնված այգիները:
Շնողցի Արչիլ Օհանյանի 7 հազար մետր հողատարածքում 2015թ.-ին ծրագրով նախատեսված այգի է հիմնվել: Հաջորդ տարի չորացած ծառերի փոխարեն այգին համալրվել է նոր տնկիներով:

«Արչիլի այգու վրա ծախսվել է ծրագրի 840 հազար դրամ: Գարնանը այգու խոտը այրելիս, Արչիլ Օհանյանը ոչնչացրել է ամբողջ 7 000 մետր իր այգին»,- պատմեց Կորյուն Շադինյանը: Սպարտակ Այբեկյանի այգին անհուսալի վիճակում է, այգին տնկվել է 2015թ.-ին: Ծրագրից ծախսվել է 960 հազար դրամ, պատշաճ չխնամելու պատճառով 3 տարիների ընթացքում տնկիները չեն հասունացել: Անխնամ էին նաև Ռոբերտ Մարգարյանի 2015թ.-ի, Արարատ Ուլուխանյանի 2017թ.-ի աշնանը տնկած այգիները: Արտակ Յոլչինյանի 2016թ.-ին գցված 3000 մ այգու նվազ ծառերը կորած էին հսկա խոտածածկույթի տակ, այգու վրա ծրագրով ծախսվել է 480 հազար դրամ: Արտակը հրաժարվեց մեզ բացատրել իր այգին չխնամելու պատճառները: Խնամված չէր նաև նախկին գյուղապետի 7000 մ այգին: Կիսամշակ էր նաև համայնքի ղեկավար Դ. Ղումաշյանի այգին։
«Մեկ հա հող եմ ունեցել, ծրագրով ծառեր են տնկվել: Անցած տարի ընտիր մշակել եմ, այս տարի մի քիչ թերացել եմ: Հիմա, եթե գնաք, տարածքի կեսը հնձած է, կեսը՝ չէ: Չաշկեքի կեսը լավ է արած, կեսը՝ ոչ: Սա էլ իմ թերությունն է, չեմ հասցրել»,- խոստովանեց Դավիթ Ղումաշյանը: Ծրագրի գումարներով` հատկացված ոչնչացող այգիների համար համայնքապետարանը այգետերերից վնասի փոխհատուցում չի պահանջում:
«Գյուղացիներն այգեգործության մասնագիտական խնդիրներ ունեն: Բացի դա, շնողցիների մեծ մասի աչքը դեռ «Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատելու վրա է»,- բացատրեց Հովիկ Սահակյանը: Դավիթ Ղումաշյանի ասելով` «Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատանքները դադարելուց հետո ավելացել են այգետնկման պահանջով շնողցիների դիմումները:

Շնողի դպրոցի հայոց լեզվի և գրականության կենսաթոշակառու ուսուցիչ Արևշատ Ամիրջանյանի «Դուզ» հանդամասի 1,1 հա –ի վրա 2015-2016թթ. ոսկեգույն խնձորի այգի է տնկվել։
«Խնձորենին բռնել է: Ես իմ այգում առավոտից իրիկուն աշխատում եմ, ոչ միայն ծառերին եմ հետևում, նաև լոլիկ, վարունգ, լոբի, ճակնդեղ և այլ բանջարեղեն եմ մշակում: Այգիս ստեղծվել է լրիվ «Թեղուտ» ՓԲԸ-ի հաշվին»,- պատմեց Ա. Ամիրջանյանը:

Արևշատի կարծիքով, եթե շնողցին այգետնկման գործում գոնե 5 տոկոս ներդրում աներ, ավելի բարեխղճորեն կզբաղվեր այգով: Գագիկ Ամիրջանյանը ծրագիրը 100 տոկոսանոց օգնություն է համարում:
«Հողը վարած, տնկին դրված այգին են տվել ինձ»,- ասաց նա: Վերջինիս 7000 մետր հողամասի 4000 մ-ի վրա թզի, 3000 մ-ի վրա հոնի տնկիներ են տնկվել 2018թ.-ի գարնանը:
«Տրված տնկիները ոչինչ, հոնը, գիտեք, մի քիչ մուխանաթ բան է, ջուր է սիրում: Հիմա ես ներքին ցանցում ջուր ունեմ, խողովակներով ջուրը այգիս եմ հասցրել, որ ջրում եմ, տնկին կենդանացնում է»,- ասաց նա: Գագիկը դժգոհեց իր այգու հարևան Սերյոժա Ռամազյանից։ «Իրա հողը հավայի բրախած է, ինքն անասնապահ տղա է, բայց էս հողը ոչ ծախում է, ոչ՝ մշակում: Էստեղ խոտը մետրաչափ կանգնած էր, որպեսզի իմ այգին չվառվի, ես մեկ ամիս ամբողջ օրը էս դաշտերը վառել եմ: Ինչու են էս ձևի մարդկանց թողնում` հողատեր դառնան: Անասնատեր է, գոնե իրեն հողը չհնձեց, որ տանի իրեն անասունն ուտի»,- պատմեց Գագիկը:

Շնողցի Արմեն Մաժինյանի 4500 մ հողամասի վրա 2015թ.-ին սերկևիլի այգիներ են տնկվել: Երեքամյա ծառերը արդեն կոտրատվում էին բերքի տակ: Արևի տակ պլպլում են սերկևիլի արևագույն խոշոր պտուղները։
«Արմենը շատ լավ մշակեց իր այգին»,- ասաց Կորյուն Շադինյանը: Գագիկ Մելիքսեթյանի 8000 մ հողամասի վրա 2015 թ.-ին 660 խնձորի տնկիներ են տնկվել: Այգին մյուս տարի բերք է տալու: «Նորատունկ այգին փոքր երեխայի պես խնամք է պահանջում: Իմ կարծիքով մի 5 հողատերեր կան, որ իրենց այգիները չեն մշակում»,- ասաց Ա. Ավետյանը:
«Այսուհետև այգիների սեփականատերերի հետ պայմանագիր եմ կնքելու արդեն կոպիտ ֆորմատով: Եթե 3 տարում այգու կպչողականությունը չապահովվի, պահանջելու ենք այգու վրա ծախսված գումարը այգետերը վերադարձնի համայնքապետարանին: Բացի դա, այսուհետև ծրագրով մշակված այգիները հողատերերին կտրամադրվի միայն ավագանու որոշմամբ»,- ասաց Դավիթ Ղումաշյանը:
«Ագրո Շեն-Հող» ՍԿ-ի տնօրեն Ա. Ավետյանը հայտնեց, որ ծառատնկմանը հատկացված գումարից տնկիներ ձեռք բերելու նպատակով ծախսվել է 12մլն 280 հազար դրամ, աշխատավարձ է վճարվել 8 մլն 820 հազար դրամ, այգիների բուժման և պարարատացման վրա ծախսվել է 3 մլն 438 հազար դրամ, ծառայությունների, այդ թվում` հողը վարելու, կուլտիվացիայի և այլ միջոցառումների համար ծախսվել է 12 մլն 260 հազար դրամ:
Շնողի համայնքապետարանն անցած 3 տարիներին այգետնկման համար հատկացված 43,2 մլն դրամի ծախսերի աուդիտ չի կատարել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել