HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Խաշթառակի ընտրությունների առանձնահատկությունը

Փետրվարի 12-ին Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Այդ ընտրություններում ՀՀԿ Իջեւանի շրջանային կազմակերպությունը որպես թեկնածու առաջադրել է գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ, 1956 թ. ծնված Հայկ Քամալյանին: Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից հայտնեցին, որ համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել նաեւ Խաշթառակի նախկին գյուղապետ, ներկայումս Տավուշի մարզում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ, ՀՀԿ անդամ, 1970թ. ծնված Արթուր Վանեսյանը, գյուղապետի տեղակալ, անկուսակցական, 1979թ. ծնված Արտակ Վիրաբյանը  եւ անասնաբուժական ծառայության Իջեւանի լաբորատորիայի շիճուկաբան, ԲՀԿ անդամ, 1985թ. ծնված Անդրանիկ Վիրաբյանը: Նրանք բոլորն էլ որպես թեկնածու հանդես են եկել ինքնառաջադրմամբ:

Միջպետական ճանապարհի եզրին, Խաշթառակ տանող ճանապարհին Հայաստան համահայկական հիմնադրամի մեծ ցուցանակ է տեղադրված, որտեղ նշված են հիմնադրամի կողմից 2100 բնակիչ ունեցող համայնքում  կատարված ծրագրերը` դպրոցի, բուժկետի եւ մշակույթի տան նորոգում: Դպրոցն ու բուժկետը հիմնադրամի միջոցներով  վերանորոգվել են, սակայն մշակույթի տունն այդպես էլ չի նորոգվել: 2008 թվականից համայնքը ղեկավարող Հայկ Քամալյանը համահայկական հիմնադրամի կատարած գործերին ավելացնում է Խաշթառակի 14 կմ երկարությամբ մայր ջրանցքի վերանորոգումը,  գյուղի շուրջ 40 տոկոսի գազիֆիկացումը:

Ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով  ասֆալտապատվել է Խաշթառակը միջպետական մայրուղուն կապող ճանապարհը: Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքից Աժ պատգամավոր Միքայել Վարդանյանի տրամադրած 1.5 միլիոն դրամ աջակցությամբ ներկայումս նորոգվում է  ակումբի տանիքը, պետական բյուջեի  10 միլիոն դրամով`Խաշթառակի համայնքային կենտրոնի տարածքը:

Ի դեպ, «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարի այն տեսարանը, երբ «միլիցիոներ» Սոս Սարգսյանը գրասենյակում հարցաքննել է Ռեւազի ոչխարները կերած հովիվներին, այդ շենքում է  նկարահանվել: Հայկը նաեւ  հյուսն վարպետ  եւ եռակցող է, եւ մասնակցում է շինարարական աշխատանքներին: 2008-ից համայնքը ղեկավարող Հ.Քամալյանն ասում է, որ վերընտվելու դեպում  առաջնահերթ կերպով ձեռնամուխ է լինելու գյուղի խմելու ջրի հիմնախնդրի լուծմանը, այդ նպատակով նորոգվելու, մաքրվելու է  չգործող ջրամբարը, փոխվելու, ավելացվելու են գյուղը սնուցող խմելու ջրագծի  խողովակների տրամաչափը:

Հ. Քամալյանը  հաստատեց մեր ունեցած այն տեղեկությունը, որ իր տեղակալ Արտակ Վիրաբյանն առաջիկա ընտրությունում իրական մրցակից չէ, այլ թեկնածությունը դրել է «տակտիկական» նկատառումներով:  Այսինքն` մտավախություն կար, որ մյուս երկու թեկնածուները կարող էին ինքնաբացարկ տալ:

Այդ դեպքում` միայն մեկ թեկնածու` Հայկ Քամալյանն էր մնալու, եւ ըստ նորացված ընտրական օրենսգրքի,  համայնքի ղեկավարի ընտրությունները չեղյալ կհամարվեին, եւ 40 օր անց նոր ընտրություններ  տեղի կունենային: Նման հնարավորությունը բացառելու համար առաջադրվել է Արտակ Վիրաբյանի թեկնածությունը: Գյուղապետի թեկնածու, նախկին գյուղապետ Արթուր Վանեսյանը մեզ հետ զրույցում  չմանրամասնեց, թե իր ընտվելու դեպքում ինչ ծրագրեր է իրականացնելու` ասելով, որ շատ գործ կա անելու: 

Հարցրի` իրեն չե ՞ն հորդորել, որ ինքնաբացարկ տա, կամ Հանրապետական կուսակցությունից, որի անդամ է, իր վրա ճնշումներ չե ՞ն եղել: Արթուր Վանեսյանն ասաց, որ նման խնդիրներ չկան, իսկ Հանրապետականն իր կուսակցությունն է, իր համար արած շատ գործ ունի:

Գյուղապետի թեկնածու ԲՀԿ անդամ Անդրանիկ Վիրաբյանն ասաց, որ գյուղապետ ընտվելու դեպքում անելու է ամենայն հնարավորը, որպեսզի երիտասարդները մնան գյուղում, չարտագաղթեն: Նա  կարեւորում է սարամաս տանող ճանապարհի նորոգումը, նաեւ անձնական միջոցներով հացահատիկահավաք կոմբայն է  ձեռք բերելու: Այն կծառայի ողջ համայնքին, որպեսզի  ժամանակին եւ անկորուստ հավաքվի խաշթառակցիների արտերի բերքը, կոմբայնի առկայությամբ գյուղում կավելանան հացահատիկի ցանքատարածությունները:

Խաշթառակի գյուղապետի բոլոր  թեկնածուներն ասացին, որ  նախընտրական լարվածություն չկա, հանդարտ վիճակ է: Կան մի քանի հանգամանքներ, որոնց պատճառով առավել կարեւորվում է Խաշթառակի ընտրության արդյունքը:

Նոյեմբերի 13-ին Իջեւանի քաղաքապետի ընտրությունում ՀՀԿ անդամ Վարուժան Նեսիսյանը պարտվեց ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանին: Եթե Իջեւանից 11 կմ հեռավորությամբ գտնվող Խաշթառակում էլ ՀՀԿ-ի թեկնածուն պարտվի, ապա դա լուրջ ռեզոնանս կառաջացնի: Իջեւանում ՀՀԿ-ն պաշտպանում էր Վարուժան Ներսիսյանին, սակայն նա, որպես թեկնածու, հանդես էր եկել ինքնառաջադրմամբ:

Հայկ Քամալյանն ինքնառաջադրմամբ հանդես չի եկել, նրա թեկնածությունը ՀՀԿ  Իջեւանի շրջանային կազմակերպությունն է  առաջադրել: Դրանով ՏԻՄ այս ընտրությունը քաղաքական ավելի շատ երանգ է ստացել: Առաջադրելով ՀՀԿ անդամ երկու թեկնածուներից մեկի թեկնածությունը`  կուսակցությունը ցույց է  տվել իր նախապատվությունը: Սակայն տեղական ընտրություններում Հանրապետական կուսակցության եւ համայնքների բնակիչների նախապատվությունները երբեմն տարբեր են լինում: Փետրվարի 12-ին խաշթառակցիները  կորոշեն, թե ով է առաջիկա 4 տարիներին ղեկավարելու իրենց գյուղը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter