Վայոց ձորի դատախազության աշխատանքի արդյունքում բյուջե է վերականգնվել մոտ 5 միլիոն դրամ
Վայոց ձորի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018 թվականի 9 ամիսներին
կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները: Այս մասին տեղեկացնում են գլխավոր դատախազության հանարային կապերի բաժնից։
Վայոց ձորի մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն
բնույթի հանցագործությունների դեպքերի վերաբերյալ մարզի քրեական
հետապնդման մարմինների կողմից հարուցվել է թվով 17 քրեական գործ, որը 2017
թվականի նույն ժամանակվա ցուցանիշից ավելի է 14-ով կամ գրեթե 6 անգամ: Եվս
2 քրեական գործ ստացվել է քրեական հետապնդում իրականացնող այլ մարմնից:
Նշված քրեական գործերով 5 անձի նկատմամբ /համայնքի ղեկավար, մարզպետարանի
վարչության պետ, դպրոցի նախկին տնօրեն, հաշվապահ, ՓԲԸ նյութական
պատասխանատու անձ/ հարուցվել է քրեական հետապնդում, և նրանց բոլորին
առաջադրվել են մեղադրանքներ:
2018 թվականի 9 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի
հանցագործությունների վերաբերյալ դատարանում քննված 2 քրեական գործով
դատապարտվել է 4 անձ /համայնքի 1 նախկին ղեկավար, «Եղեգնաձորի
երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի 2 նախկին տնօրեններն ու հաշվապահը/:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, որոնցով հարուցվել են քրեական
գործեր, արձանագրվել են հիմնականում կրթության, տրանսպորտի, սոցիալական
ապահովության և տեղական ինքնակառավարման ոլորտներում:
Ընդհանուր առմամբ 2018 թվականի 9 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի
հանցագործություններով պետական բյուջե է վերականգնվել 1 902 000 դրամ
գումար, ևս 3 482 000 դրամ գումար վերականգնվել է համայնքային բյուջե:
Դատախազությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի նույն ժամանակահատվածում
պետական բյուջե էր վերականգնվել ընդամենը 78.380 դրամ, իսկ համայնքային
բյուջե` 1.050.000 դրամ գումար: Բացի այդ, քննչական կոմիտեի Վայոց
ձորի մարզային քննչական վարչությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական
զննություն կատարելիս քաղաքացիների կողմից կատարված վճարումները
հափշտակելու դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործով «Մ...» ԲԲԸ տնօրենի
կողմից պատրաստակամություն է հայտնվել պետությանը պատճառված վնասից
հատուցել 10 000 000 դրամը:
Վերոգրյալից բացի, պետության գույքային շահերի պաշտպանության
նկատառումներով Վայոց ձորի մարզի դատախազության դատախազների կողմից տարբեր
բնագավառներում կատարվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքներով
տրվել են թվով 8 նախազգուշացումներ` պետական բյուջե վերականգնելով
իրավախախտումների հետևանքով պետությանը պատճառված 2 818 000 դրամի
վնասը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել