
Տաշիր համայնքի ճանապարհների նորոգման համար անհրաժեշտ է 6,1 մլրդ դրամ
Դիանա Ղազարյան
Վանաձորցի Արամ Խեչոյանը զբաղվում է շրջիկ առևտրով: Տարիներ շարունակ տասը օրը մեկ հաճախականությամբ երթևեկում է Տաշիր-Մեղվահովիտ-Բլագոդարնոյե-Կաթնառատ ճանապարհով:
Ճանապարհի ողջ երկայնքով մեծ փոսեր են, որոնք նրա մեքենան դժվարությամբ է հաղթահարում:
«Ընդհանրապես, կարելի է ասել մեքենան չի դիմանում, մենք ենք մեքենային դիմանում»,- ասում է Արամը:
Տաշիր-Մեղվահովիտ-Բլագոդարնոյե-Կաթնառատ 10 կմ երկարությամբ ավտոճանապարհը հանրապետական նշանակության է։ Այս ճանապարհին ամենամոտ գյուղը Բլագոդարնոյեն է։ Տաշիրից դեպի այս գյուղ ճանապարհն անանցանելի է։
Բլագոդարնոյեի վարչական ղեկավար Աշոտ Ավետիսյանը համայնքի բնակիչներից մշտապես դժգոհություն է ստանում Տաշիրից իրենց գյուղ տանող ճանապարհի վիճակի վերաբերյալ: Ճանապարհը վաղուց չի վերանորոգվել, միայն փոսալցման աշխատանքներ են արվել:
Բլագոդարնոյեին հաջորդող գյուղը Կաթնառատն է։ Երկու գյուղերի միջև հեռավորությունը մոտ 6 կմ է: Այս ճանապարհը բարվոք վիճակում է, քանի որ 2009 թվականին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել է: Տարիների ընթացքում ճանապարհի որոշ հատվածներում ասֆալտը քայքայվել է, այժմ փոսալցման աշխատանք է իրականացվում:
Կաթնառատ համայնքի վարչական ղեկավար Ռուբիկ Ղազարյանն ասում է, որ Տաշիրից դեպի իրենց գյուղ տանող 16 կմ երկարությամբ ճանապարհը (այն անցնում է Բլագոդարնոյե գյուղով-հեղ․) հիմնանորոգման կարիք ունի։
«Երեսուն-քառասուն տարի պայքարել ենք, որ այդ հատվածն ասֆալտապատեն, միշտ վերանորոգում են արել, ու չի եղել: Ձմեռային ամիսներին տարի է լինում, որ ամիսներով փակ են լինում ճանապարհները», - նշեց Ղազարյանը:
Նրա փոխանցմամբ՝ վերջերս Լոռու մարզպետարանում քննարկման ժամանակ հաշվարկվել է, որ Տաշիրից մինչ Կաթնառատ ճանապարհի հիմնանորոգման համար 50 մլն դոլար է անհրաժեշտ: Վարչական ղեկավարը, սակայն, վստահ է ՝ ճանապարհը կարելի է ավելի քիչ գումարով հիմնանորոգել՝ որոշ հատվածներում փոսալցման աշխատանքներ իրականացնելով:
Տաշիր-Մեղվահովիտ-Բլագոդարնոյե-Կաթնառատ ավտոճանապարհ
Երեք գյուղեր տանող այս ավտոճանապարհը ձմռան ամիսներին օրեր շարունակ անանցանելի է լինում, մինչ օգնության է հասնում հատուկ տեխնիկան: Ճանապարհի նորոգման համար, ըստ Տաշիրի համայնքապետարանի նախնական հաշվարկների՝ անհրաժեշտ է 1 մլրդ 500 մլն դրամ: Սակայն ֆինանսական բավարար միջոցների բացակայության պատճառով նշված ճանապարհի նորոգման ծրագիր 2018թ. բյուջեով նախատեսված չէ:
Տաշիր-Դաշտադեմ ավտոճանապարհ
Դաշտադեմն Ադրբեջանից բռնագաղթած հայերով բնակեցված գյուղ է: Տաշիրից Դաշտադեմ գյուղ տանող ճանապարհը 10 կմ է, այն ամբողջովին գրունտային է: Այս ճանապարհը երբևէ չի ասֆալտապատվել, անգամ Խորհրդային Միության տարիներին: Տաշիրի համայնքապետարանից «Հետք»-ին հայտնեցին, որ համայնքային նշանակության այս ճանապարհի վերանորոգման համար ֆինանսական միջոցներ չունեն։
Դաշտադեմի վարչական ղեկավար Մարինե Խռոյանի խոսքով` իրավիճակը որոշ չափով բարելավվել է տարիներ առաջ, երբ համայնքի և բնակիչների օգնությամբ քարեր են լցվել ճանապարհի փոսերում: «Նույնիսկ մի փոսի մեջ երևի երկու-երեք մեքենա քար ենք լցրել»,- ասում է նա:
Փոսալցումը Մարինե Խռոյանը լուծում չի համարում։ Ասում է` ճանապարհը պետք է ասֆալտապատվի, քանի որ հաճախ տեղացող անձրևները լցված ավազը քշում, տանում են:
Դաշտադեմ գյուղի տարածքում է Ղարաղաչ կոչվող սարը, որտեղ գարնանը այլ գյուղերի ֆերմերներն իրենց անասուններին բերում են արոտի, իսկ սեպտեմբերի վերջին օրերին` հետ տանում գյուղ:
Դաշտադեմ այցի ժամանակ հանդիպեցինք Լեջանի բնակիչներին, ովքեր կաթը Ղարաղաչ սարից տեղափոխում էին: ««Վիլիսը» այլևս չի դիմանում այդ փոսերին և խորդուբորդ ճանապարհին, զոռով գնում ենք, էլի: Մեքենա չի մնում, սաղ ջարդուխուրդ է եղել»,- ասում է լեջանցի Սենոկ Մաշկալյանը:
Լոռու մարզի խոշորացված Տաշիր համայնքի ճանապարհային ցանցը կազմված է հանրապետական, միջպետական, համայնքային և միջհամայնքային նշանակության ճանապարհներից, որոնք բոլորն էլ նորոգման կարիք ունեն։
Ավտոճանապարհները՝ կմ-ով
Տաշիրի համայնքապետարանի տվյալներով՝ խոշորացված Տաշիր համայնքի ճանապարհների նորոգման և հիմնանորոգման համար անհրաժեշտ է 6,1 միլիարդ դրամ, իսկ միջհամայնքային 10 կմ Տաշիր-Դաշտադեմ ճանապարհի հիմնանորոգման նախահաշիվ Տաշիրի համայնքապետարանը դեռևս չունի:
Տաշիր բազմաբնակավայր համայնքը կազմավորվել է 2017 թվականի նոյեմբերին: Այն ընդգրկում է Տաշիր քաղաքային, Բլագոդարնոյե, Դաշտադեմ, Լեռնահովիտ, Կաթնառատ, Մեդովկա, Մեղվահովիտ, Նովոսելցովո, Սարատովկա գյուղական համայնքները:
Համայնքապետարանից հայտնում են, որ մինչեւ տարեվերջ վերանորոգվելու են Տաշիր-Մեդովկա-Լեռնահովիտ և Բլագոդարնոյե-Կաթնառատ ավտոճանապարհները։
տեսանյութը՝ Դավիթ Բանուչյանի
Մեկնաբանել