HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կուտակայինի նոր փաթեթը «էականորեն լուծում է հասարակության հիմնական մտահոգությունները, այդ թվում՝ կապված պարտադիր բաղադրիչի հետ»

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկել է կուտակային կենսաթոշակային օրենքում փոփոխությունների առաջարկ, որն այժմ քնարկվում է շահագրգիռ նախարարությունների և Կենտրոնական բանկի հետ: Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են նախարարությունից:

«Առաջարկների ամբողջական համաձայնեցումից հետո սահմանված ժամկետներում նախագիծը կդրվի հանրային քննարկման, որից հետո կներկայացվի կառավարության և խորհրդարանի հաստատմանը»,-ասված է հարցման պատասխանում:

Օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ ընդդիմացող քաղաքացիներին նախարարությունը հրավիրել էր հանրային քննարկման, հարցին, թե նրանց առաջարկներից որո՞նք են ներառվելու փաթեթում, նախարարությունից պատասխանել են.

«Քննարկման ժամանակ ներկայացված մտահոգությունները և դրանց վերաբերյալ լուծման տարբերակները դրված են մեր կողմից ներկայացված առաջարկների հիմքում՝ մասնավորապես ունենալ այնպիսի համակարգ, որն ընդունելի կլինի հասարակության լայն շերտերի համար»:

Հունիսի 30-ին նախարարությունում հրավիրված քննակմանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ ընդդիմացողներին ասել էր՝ պետք է ստեղծել հասարակության համար ընդունելի կուտակային կենսաթոշակային համակարգ, որը լուծում կտա կենսաթոշակային խնդիրների մարտահրավերներին, գրավիչ կլինի ներգրավված մասնակիցների համար, և կբխի անհատի իրավունքներից ու կամարտահայտությունից: Մեր ճշտող հարցինառաջարկվող փաթեթում պարտադիր բաղադրիչը լինելո՞ւ է, թե ոչ, նախարարությունից այդպես էլ հստակ պատասխան չեն տվել:

«Մեր ներկայացված տարբերակը էականորեն լուծում է հասարակության հիմնական մտահոգությունները, այդ թվում՝ կապված պարտադիր բաղադրիչի հետ»:

Համակարգին ընդդիմացողները ֆեյսբուքյան խմբում տարբեր առաջարկներով էին հանդես եկել, որոնցից մեկն էլ ֆոնդերի կառավարումը որևէ հայկական ընկերության վստահելն է, մեր հարցին, թե արդյոք նախատեսվո՞ւմ է ֆոնդերի փոփոխություն, նախարարությունից պատասխանել են.

«Ֆոնդերի հետ համագործակցությունը օրենքով չի սահմանափակվում, այլ ԿԲ իրավական ակտերով և սահմանված չափանիշների ապահովման դեպքում նոր ֆոնդերի ներգրավումը չի բացառվում; Միևնույն ժամանակ կարևոր է փաստել, որ առկա խիստ չափանիշները անհրաժեշտ են նաև միջոցների հուսալիության ապահովման տեսակյունից: Ինչ վերաբերում է այն հարցին, թե հնարավո՞ր է լինի տարբերակ, որ գումարը մի քանի տարի կուտակելուց հետո հնարավորություն ընձեռվի կանխիկացնել օրինակ վարկերը մարելու համար, նախարարությունից պատասխանել են, որ հանդիպումների ժամանակ նման առաջարկ եղել է.

«Եւ մեր առաջարկները անդրադառնում են նաև նմանատիպ հարցերին»,- ասված է պատասխանում:

Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանը հրաժարականի դիմումը հետ վերցնելուց հետո ասել էր, որ կշարունակի պաշտոնավարել՝ նաև կուտակային կենսաթոշակյի  համակարգը բարելավելու համար, քանի որ նախարարի կարգավիճակով խնդիրներն ավելի արագ են լուծում ստանում, իսկ փոփոխությունների փաթեթը կներկայացվի ԱԺ աշնանային նստաշրջանին, որպեսզի փոփոխություններն ուժի մեջ մտնեն արդեն 2019 թվականի հունվարից:

Այս տարվա հունիսի 21-ին խորհրդարանը 73 կողմ, 2 դեմ և 4 ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունել է կառավարության ներկայացրած «Կուտակային կենսաթոշակային համակարգում» փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը։ Ըստ այս փոփոխության՝ օրենքի շահառու հանդիսացող անձանց եկամուտներից 2,5%-ը պահվելու է աշխատավարձերից, մնացած 7,5%-ը վճարելու է պետությունը: Այս փոփոխությամբ նաև ամրագրվել է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի շահառու են դառնում 1974 թվականի հունվարի մեկից հետո ծնված աշխատաշուկայում գործունեություն ծավալող անձինք:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter