HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ցասում» եւ «Երկունք». ԱՄԿ-ի գործով երկրորդ դատավարությունը

սկիզբը

1969թ. հունվարի  9-ին Երեւանում  տեղի ունեցավ Ազգային  միացյալ կուսակցության հիմնադիրներ Հայկազ Խաչատրյանի, Ստեփան Զատիկյանի եւ Շահեն Հարությունյանի դատավարությունը: Պետանվտանգության կոմիտեում, հավանաբար, վստահ են եղել, որ հակախորհրդային այդ կազմակերպությունը, որն իր «Փարոս» թերթով ու ծրագրային դրույթներով հայտարարել  էր հանուն Հայաստանի անկախության սկսած պայքարի մասին` ոչնչացված է: Այս մտայնությունը նրանց մեջ ամրապնդվել էր նաեւ ԱՄԿ հիմնադիրների  ջանքերով: Նախաքննության ընթացքում Հայկազ Խաչատրյանն իր ընկերներին` Ստեփան  Զատիկյանին եւ Շահեն Հարությունյանին հորդորում է, ամեն ինչ իրենց վրա վերցնելով`  տալ այնպիսի ցուցմունքներ, որոնցից կհետեւեր, որ ԱՄԿ-ն միմիայն այդ երեքն են:

Այդ շրջանում ՊԱԿ-ը, պատկերացում անգամ չուներ, որ ԱՄԿ-ն արդեն լավ կազմակերպված  ու ճյուղավորված կազմակերպություն է, որը շարունակում է եւ շարունակելու է գործել:

Այդ  օրերին գործող ԱՄԿ կառույցներից ամենաակտիվը Պարույր Հայրիկյանի գլխավորած  մասնաճյուղն էր: Նրանք դեռ 1968 թ. ապրիլի 24-ին էին հաջողել Եղեռնի օրվան նվիրված ռադիոհաղորդում կազմակերպել  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Մինչեւ  ԱՄԿ ղեկավարների դատավարությունը` նրանց հաջողվում է տարածել «Ցասում» վերնագրով թռուցիկը, իսկ դատավարությունից  օրեր անց` «Երկունքը», 5000 տպաքանակով: «Երկունք»-ը սկսվում է «Անկախությունը որպես կենսական պահանջ» հոդվածով,  որտեղ ԽՍՀՄ-ն անվանվում է ռուսական կայսրություն, եւ անկախության  համար պայքարի կոչ է արվում, իսկ վերջում` «Փորձառություն առանց փորձի. խորհուրդներ ընդհատակյա կազմակերպություններին» նյութը: Ճակատային մասում «Մահ կամ ազատ Հայաստան» բնաբանն էր, տակը` «Երկունք» անունը եւ թվագրումը` N1 հունվար,  1969 Երեւան: «Երկունքը» տարածվել է Երեւանում, Գյումրիում ու Վանաձորում: Ռեկորդային կարճ ժամանակահատվածում երեւանյան բուհերը, կինոթատրոնները եւ մարդաշատ վայրերը հեղեղվել են այդ թռուցիկով:  «Երկունք»-ի երկրորդ համարը տպագրության է նախապատրաստվել 1969-ի մարտին, բայց կազմակերպիչների բացահայտվելու  պատճառով չի հրապարակվել:

1969  թ. մարտի  վերջին Պետանվտանգության կոմիտեին հաջողվում է դուրս գալ ԱՄԿ այս կառույցի հետքի վրա, եւ սկսվում են ձերբակալությունները: Ձերբակալվում  են Պարույր Հայրիկյանը, Հակոբ Աշիկյանը, Աշոտ Նավասարդյանը,  Ռաֆայել Բարսեղովը եւ Աշոտ Խաչատրյանը: Տասնյակ ԱՄԿ-ականներ, որոնք  չէին հայտնվել ՊԱԿ-ի տեսադաշտում, մնում են ազատության մեջ ու շարունակում իրենց գործունեությունը: ԱՄԿ յուրահատկություններից մեկն էլ այն էր, որ եթե անգամ  որեւէ ԱՄԿ-ական ձերբակալվելուց հետո անուններ տար, ապա տալու էր միայն այն մարդկանց  անունները, որոնք գիտեր: Իսկ ԱՄԿ-ականներից յուրաքանչյուրը ճանաչում էր սահմանափակ թվով  մարդկանց: Հատկանշական է, որ այս խմբի ձերբակալված անդամները ե՛ւ նախաքննության, ե՛ւ դատավարության ընթացքում չհայտարարեցին իրենց ԱՄԿ-ական լինելու մասին: Այդ շրջանում Ազգային միացյալ կուսակցությունը  համարվում էր կալանավորված ԱՄԿ-ականների գլխավոր գաղտնիքը, եւ կուսակցության գոյության մասին խոսելը, դրա  մասին ցուցմունքներ տալը դավաճանական քայլ կդիտարկվեր: Բացահայտված ու ձերբակալված անդամների համար կարեւորագույն  խնդիր է դառնում իրենցով սահմանափակել կալանավորվածների թիվը: Այդպես վարվեցին ԱՄԿ հիմնադիրները` նախաքննության ու  դատավարության ժամանակ բարձրաձայնելով, որ ԱՄԿ-ն ներկայացնում են միայն իրենք: Նույն կեցվածքը որդեգրեցին ԱՄԿ այս մասնաճյուղի  կալանավորված անդամները` չբացահայտելով, որ իրենք ԱՄԿ անդամներ են: Այդ շրջանում գուցեեւ եղել են դեպքեր, երբ կալանավորվածները  նաեւ սխալներ են թույլ տվել, բայց մի հարցում մնացել են անբասիր` ոչ ոք չի խոսել իր ԱՄԿ անդամ լինելու եւ ԱՄԿ-ի գոյության մասին:  Միայն 1974-ին եւ դրանից հետո է փոխվել այս մարտավարությունը. 1974-ից հետո նախաքննությունների ու դատավարությունների ժամանակ ԱՄԿ անդամները  հայտարարում էին, որ գոյություն ունի Հայաստանի անկախության համար պայքարող կուսակցություն, եւ իրենք էլ այդ կուսակցության անդամներ են: ԱՄԿ որոշ  մասնաճյուղերի անդամներ նույնիսկ ավելի ուշ շրջանում` նախաքննության փուլում այս հանգամանքը գաղտնի էին պահում եւ հայտարարում էին իրենց ԱՄԿ-ական լինելու  մասին միայն դատավարության ժամանակ` օգտագործելով դատարանը որպես ԱՄԿ-ի հռչակած ծրագրերի ու գաղափարների մասին բարձրաձայնելու հարթակ: Օրինակ, 1981-ի իրենց  դատավարության ժամանակ այսպես վարվեցին ԱՄԿ երիտասարդական մասնաճյուղ հանդիսացող «Հայ երիտասարդների միություն» խմբի անդամները: Ողջ նախաքննության ընթացքում նրանք  հանդես էին գալիս որպես առանձին ստեղծված խումբ եւ միայն դատարանի դահլիճում` դատավարության ավարտական փուլում, կազմակերպության ղեկավար Մարզպետ Հարությունյանը հայտարարեց,  որ կազմակերպությունը ԱՄԿ երիտասարդական կառույց է:

ԱՄԿ  գործով  երկրորդ դատավարությունը  տեղի է ունեցել 1970 թ.  փետրվարին: Դատապարտվում են Պարույր Հայրիկյանը, Հակոբ Աշիկյանը, Աշոտ Նավասարդյանը, Աշոտ Խաչատրյանը եւ Ռաֆայել Բարսեղովը: Բոլորն էլ մեղադրվում են ՀԽՍՀ 65  հոդվածի 1-ին մասով (հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա) եւ 67 հոդվածով (առանձնապես  վտանգավոր պետական հանցագործությունների կատարմանն ուղղված կազմակերպական գործունեությունը, ինչպես  նաեւ հակասովետական կազմակերպությանը մասնակցելը):

ԱՄԿ-ականների գործով կայացված երկրորդ դատավճիռը

Այս դատավճիռը  նույնպես մեր  ձեռքի տակ եղած  փաստաթղթերի օգնությամբ  կարողացել ենք քիչ թե շատ  ավարտուն տեսքի բերել` լրացնելով  ԱԱԾ կողմից վկաների ջնջված անունների  հիմնական մասը: Չենք լրացրել միայն գործով  դատապարտվածներից ոմանց աշխատանքի կամ ուսման  վայրերի մասին ԱԱԾ կողմից ջնջված հատվածները եւ  գործով անցնող 3-4 վկայի անուն:

ԴԱՏԱՎՃԻՌ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱՆ

23-ը  փետրվարի  1970 թվի

Նախագահությամբ` Ա.  Խանամիրյանի

Ատենակալներ` 1.  Հ. Տեր- Հովհաննիսյան

                        2. Վ. Դուրգարյան

Մասնակցությամբ պետական  մեղադրող

դատախազ`             Ա. Շլեպչյան

դատապաշտպաններ` Ս.  Արեւշատյան,  Ա. Մելիքյան,  Ա. Մոսոյան

Քննության առնելով դատական  դռնփակ նիստում քրեական գործն ըստ մեղադրանքի`

ՊԱՐՈՒՅՐ  ԱՐՇԱՎԻՐԻ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ, որը ծնվել է 1949 թվականի  հուլիսի 5-ին Երեւան քաղաքում, Երեւան քաղաքի Շահումյանի շրջանի  Սովետաշենի ավանի բնակիչ` 14 փողոց տուն նո. 3, ազգությամբ հայ, ՍՍՀՄ քաղաքացի, ՀԱՄԼԿԵՄ անդամ,  չդատված, ամուրի, խնամքին ոչ ոք, մինչ սույն գործով կալանավորվելը սովորելիս է եղել Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբերնետիկայի ֆակուլտետի երեկոյան բաժնի 3-րդ կուրսում, միաժամանակ աշխատելիս է եղել Սովետաշենի տրիկոտաժի ֆաբրիկայում որպես էլեկտրիկ, սույն գործով կալանքի տակ է 1969 թվականի  մարտի 9-ից, մեղադրվում է ՀՍՍՀ քր. օր.-ի 65 հոդվածի 1-ին մասով եւ 67 հոդվածով:

Հակոբ  Հովհաննեսի Աշիկյանի, որը  ծնվել է 1949 թվականի դեկտեմբերի 15-ին Երեւան քաղաքում, Երեւան քաղաքի բնակիչ, Արաբկիր թաղամաս 27 փողոցի տուն նո. 11, ազգությամբ հայ, ՍՍՀՄ քաղաքացի, անկուսակցական,  չդատված, ամուրի, խնամքին ոչ ոք, մինչեւ սույն գործով կալանավորվելը սովորելիս է եղել Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբերնետիկայի ֆակուլտետի երեկոյան բաժնի 3-րդ կուրսում, միաժամանակ աշխատելիս է եղել Երեւանի հաշվիչ մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի լաբորատորիայում, որպես լաբորանտ, սույն գործով կալանքի տակ է 1969 թվականի հուլիսի 16-ից, աջ ոտքը ծնկից ներքեւ, մանուկ հասակում գնացքի տակ ընկնելու հետեւանքով կտրված է (տես` բժշկական տեղեկանքը գթ. հատոր 6), մեղադրվում է Հայկական ՍՍՀ քր. օր.-ի 65 հոդվածի 1-ին մասով եւ 67 հոդվածով:

Աշոտ  Ցոլակի  Նավասարդյանի, որը ծնվել է 1950  թվականի մարտի 28-ին Երեւան քաղաքում, Երեւան քաղաքի բնակիչ` Օրջոնոգիձեի պողոտա 302 բն. 6, ազգությամբ  հայ, ՍՍՀՄ քաղաքացի, անկուսակցական, չդատված, ամուրի, խնամքին ոչ ոք, միջնակարգ կրթությամբ, մինչեւ սույն գործով կալանավորվելը աշխատելիս է եղել ------- , սույն գործով կալանքի տակ է 1969 թվականի հուլիսի 19-ից, մեղադրվում է Հայկական ՍՍՀ քր. օր.-ի 65 հոդվածի 1-ին մասով եւ 67 հոդվածով:

Ռաֆայել  Սերգեյի Բարսեղովի, որը ծնվել է 1956 թվականի դեկտեմբերի 21-ին Թբիլիսի քաղաքում, հայր չունի, ունի մայր, որը բնակվում  է Թբիլիսի քաղաքում, ինքը 1961 թվականից  մինչեւ 1968 թվականը գտնվելիս է եղել Երեւանի Շահումյանի շրջանի Սովետաշեն ավանի մանկատանը որպես մանկատան սան, այդտեղ դպրոցն ավարտելուց հետո դուրս է  գրվել եւ աշխատանքի է անցել Երեւանի -------ինստիտուտի փորձարարական գործարանում որպես հավաքող փականագործ, բնակվելիս է եղել Երեւանում ---------, ազգությամբ հայ, ՍՍՀՄ քաղաքացի, անկուսակցական, ամուրի, խնամքին ոչ ոք, սույն գործով կալանքի տակ է 1969 թվականի օգոստոսի 4-ից, մեղադրվում է ՀՍՍՀ քր. օր.-ի 65 հոդվածի 1-ին մասով եւ 67 հոդվածով:

Աշոտ  Զավենի  Խաչատրյանի,  որը ծնվել է 1951 թվականի հուլիսի  4-ին Հայկական ՍՍՀ Ապարանի շրջանի Ապարան գյուղում, Երեւան  քաղաքի բնակիչ, ազգությամբ հայ, ՍՍՀՄ  քաղաքացի, անկուսակցական, ամուրի, գտնվել  է ծնողների խնամքի տակ, մինչեւ սույն գործով  կալանավորվելը սովորելիս է եղել Երեւանի պետական  համալսարանի ------- 3-րդ կուրսում, սույն գործով կալանքի  տակ է 1969 թվականի օգոստոսի 11-ից, մեղադրվում է Հայկական ՍՍՀ քր. օր.-ի 65 հոդվածի 1-ին մասով եւ 67 հոդվածով:

Ամբաստանյալների  եւ վկաների ցուցմունքները, ինչպես նաեւ նախաքննությամբ եւ դատաքննությամբ ձեռք բերված մյուս տվյալները ի մի բերելով` կոլեգիան գտավ ապացուցված հետեւյալը:

Ամբաստանյալներ Պարույր Հայրիկյանը, Հակոբ Աշիկյանը, Աշոտ Նավասարդյանը, Ռաֆայել Բարսեղովը, Աշոտ Խաչատրյանը, չունենալով քաղաքական համապատասխան հասունություն, ընկնելով հայ ժողովրդի մասին տարբեր ժամանակներում ընթերցած ազգապատմագրական վեպերի, ինչպես նաեւ այս կամ այն  ձեւով իրենց ձեռքը ընկած նաեւ արտասահմանյան «Զարթոնք», «Ազդակ», «Արմենյա» եւ այլ թերթերում զետեղված զուտ ազգայնական կրքեր բորբոքող, իսկ երբեմն էլ հակասովետական տրամադրություններ առաջացնող հոդվածների ազդեցության տակ, սկսել են համակվել ազգայնական ոգով, անտեսել ՍՍՀՄ  եղբայրական ժողովուրդների ընդհանուր, ինտերնացիոնալ շահերը ու ձգտումները:

Տարվելով  նեղ ազգայնական բովերով, ամբաստանյալ  Պարույր Հայրիկյանը, գործով  վկա հարցաքննված Ազատ Արշակյանի  եւ Կարո Ջղալյանի հետ (վերջինս զորակոչված  է եւ այժմ գտնվում է զինվորական ծառայության  մեջ) 1967 թվականին կազմել են «Շանթ» (խոսքը վերաբերվում  է գրող Լեւոն Շանթին), անուն կրող գաղտնի մի խմբակ, որի սկզբնական  նպատակն է եղել իբր խորամուտ լինել հայ ժողովրդի պատմությունը ուսումնասիրելուն,  անաղարտ պահել հայոց լեզուն, ծառայել հայ ժողովրդի վերամիավորման գործին, պայքարել  հայ ժողովրդի այլ ազգերի հետ ձուլման` ասիմիլյացիայի դեմ:

Ամբաստանյալ Պարույր Հայրիկյանը «Շանթ» խմբակի մեջ ներգրավելով վերը  նշված հայացքներ ունեցող, իր համակուրսեցի ամբաստանյալ Հակոբ Աշիկյանին,  ինչպես նաեւ գործով վկաներ Անդրանիկ Մարգարյանին, Արամ Բոյաջյանին եւ մյուսներին սկսել են մտածել իրենց հայացքները տարածելու հնարավորությունների եւ  միջոցների մասին:

Այդ  «Շանթ»  խմբակը, պետական  անվտանգության կոմիտեի  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ բացահայտվել եւ ցրվել է:

Ամբաստանյալներ  Պարույր Հայրիկյանը  եւ Աշիկյան Հակոբը թեպետ  պետական անվտանգության կոմիտեին  «Շանթ» անունը կրող այդ խմբակի գոյության  մասին, 1967 թվականին տված իրենց բացատրություններում  խոստացել են այլեւս նման հարցերով չզբաղվել, (տես` նրանց բացատրությունները գթ. 18-25, 30-32 եւ մյուս էջերը հատոր  5), սակայն շարունակել են մնալ իրենց նեղ ազգայնական կրքերը  բորբոքող հայացքների վրա եւ էլ ավելի խորացրել այն:

Այսպես  օրինակ ամբաստնյալ Պարույր Հայրիկյանը ծանոթանալով  մեկ այլ գործով, հակասովետական գործունեությամբ  զբաղվող Զատիկյան Ստեփանի հետ (վերջինս իր համագործակիցներ  Հայկազ Խաչատրյանի եւ Շահեն Հարությունյանի հետ միասին ՀՍՍՀ  գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգայի 1969 թվականի  հունվարի 3-ի դատավճռով, քր. օրի 65 հոդվածի 1-ին մասով եւ 67 հոդվածով  դատապարտվել են տարբեր պատիժների), վերցրել է նրանցից հակասովետական բնույթի «ազգային միացյալ կուսակցություն» «Փարոս» վերնագիրը կրող թերթը (տես` գթ. -----  հատոր 4 եւ 133-136 հատոր 5) եւ նրանց այսպես կոչված «Ազգային միացյալ կուսակցություն»  «ծրագիր-կանոնադրությունը» (տես` գթ. 35-41 հատոր 4) եւ այդպիսիք կարդացել ինչպես անձամբ այնպես  էլ տվել է կարդալու խմբի մյուս անդամներին:

Բացի  վերը նշվածից,  ամբաստանյալ Պարույր  Հայրիկյանի անմիջական նախաձեռնությամբ, ամբաստանյալներ Հակոբ Աշիկյանի, Աշոտ Նավասարդյանի,  վկաներ Վ. Խաչիրյանի, Ազատ Արշակյանի եւ մյուսների մասնակցությամբ,  որոշում է 1968 թվականի ապրիլի 24-ին, եղեռնի հիսուներեքամյակի կապակցությամբ  Երեւանի ծիծեռնակաբերդում, եղեռնի հուշարձանի մոտ, կազմակերպել ռադիոհաղորդում, որի  համար նրանցից Պարույր Հայրիկյանը, Աշոտ Նավասարդյանը, վկաներ Վ. Խաչիրյանը , Ի-ն եւ  մյուսները նախապես ձեռք են բերել մագնիտոֆոն, որի վրա Պարույր Հայրիկյանը կազմակերպել է  ռադիո հաղորդման տեքստի գրառումը, ռադիո դինամիկ, ակումլյատոր, լարեր եւ ռադիո հաղորդման համար  այլ սարքավորումներ (տես` այդ առթիվ գթ. 76-204 հատոր 1-ին, գթ. 17, 27-109, 106 հատոր 2-րդ,  գթ. 116-126, 191-211, 217-224 հատոր 3-րդ, գթ. 168-170, 161-103, 134-105 հատոր 5) եւ 1968 թվականի  ապրիլի 24-ի երեկոյան ժամը 6-ին թե 7-ին կատարում այդ ռադիոհաղորդումը, ապա ցրվում, հեռանում այդտեղից` ոչնչացնելով ռադիոհաղորդման տեքստը:

Ըստ  Պարույր  Հայրիկյանի  եւ մյուսների հայտարարության, այդ ռադիոհաղորդման  տեքստի բովանդակությունը  կրել է զուտ ազգայնական,  եղեռնի հետ կապված հարցերի  մասին: Նրանց այդ հայտարարություններին  հակառակ հավաստի այլ տվյալներ ձեռք չբերվեցին  նաեւ դատաքննության ժամանակ:

Ամբաստանյալ  Պարույր Հայրիկյանը,  բացի Հակոբ Աշիկյանից,  որին որպես համակորսեցու  իր շուրջն է համախմբած եղել  դեռ 1967 թվականի սկզբներից, Աշոտ  Նավասարդյանին, որին խմբակի մեջէ ներգրավել 1967 թվականի գարնանը, Ռաֆայել  Բարսեղովին 1968 թվականի կեսերից եւ Աշոտ Խաչատրյանին 1968 թվականի վերջերից,  տարբեր ժամանակներում ներգրավել է նաեւ վկաներ Կարո Ջղալյանին, Ազատ Արշակյանին,  Անդրանիկ Մարգարյանին, Արամ Բոյաջյանին, Գերման Մարկոսյանին եւ ուրիշները, որոնց համար  երբեմն առանձին-առանձին, երբեմն էլ հավաքույթների ժամանակ ընթերցվել են «Ազդակ» թերթից վերցրած  «ոչ միայն հացիվ» հոդվածը (տես` գթ. 105-106 հատոր 5), Սիլվա Կապուտիկյանի երկու նամակներուն առթիվ,  նույն «Ազդակ» թերթում տպագրված «հայու ողբերգություն» վերնագիրը կրող հոդվածը, (տես` գթ. 109-111 հատոր  5), «Արմենյա» թերթում տպագրված «աշխարհը քսան տարի ետքը» հոդվածը, (տես` գթ. 118-119 հատոր 5), դաշնակցական  Ա. Ահարոնյանի 1919 թվականի մայիսի –ի թվակիր նամակը հասցեագրված Սովետական Ռուսաստանի արտաքին գործերի ժողովրդական  կոմիսար Չիչերինին (տես` գթ. 114-117 հատոր 5), «Արմենիա» թերթի 1960 թվականի սեպտեմբերի 17-ի համարում տպված «Աշխարհի  կոմունիստական կուսակցությունների դիրքորոշումը երեկ եւ այսօր» հոդվածը (տես` գթ. 119 հատոր 5), «Կրկին ռուս-թուրքական դիվանագիտության  զոհասեղանին» վերնագիրը կրող հոդվածը (տես` գթ. 120 հատոր 5) «Հ. Հ. Դաշնակցության հուշագրի եզրակացությունը» վերնագրով հոդվածը (գթ. 121-122  հատոր 5), «հայ դատի լուծման ճանապարհները» վերնագրով հոդվածը  (տես` գթ. 123-124 հատոր  5), Սոցիալիստական հեղափոխության  սկզբունքները եւ սովետական իրականությունը  խեղաթյուրող, ինչպես նաեւ ազգային կրքեր բորբոքող  մի շարք այլ հոդվածներ (տես` գթ. 125, 126- 130, 131,  132, 133-134 հատոր 5): Ընկնելով այդ վերը թվարկված հոդվածների  ազդեցության տակ իրենք եւս սկսել են  սովետական կարգերը արատավորող  եւ վարկաբեկող զրպարտչական  հերյուրանքներ տարածել ինչպես իրենց շրջապատում, այնպես էլ ժողովրդի  մեջ, հակասովետական թռուցիկներ տարածելու միջոցով:

Այսպես  օրինակ, ամբաստանյալ  Պարույր Հայրիկյանի նախաձեռնությամբ,  զուտ ազգայնական նեղ հայացքների ընդհանրության  հիման վրա ստեղծված այդ խմբակը, հետզհետե սկսել  է այն աստիճանի վատ տրամադրվել դեպի սովետական պետության  միջոցառումները, որ 1968 թվականի դեկտեմբերի ունեցած հավաքույթներից  մեկում ընթերցելով ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության հրամանագիրը, հասարակական  կարգի պահպանության մինիստրությունը ներքին գործերի մինիստրություն վերակոչելու մասին,  կազմել է «Կոչ հայ ժողովրդին», «Ցասում» ստորագրությամբ մի թռուցիկ, որում թշնամական այն միտքն է արտահայտված, որ իբր թե հասարակական կարգի պահպանության մինիստրությունը ներքին գործերի  մինիստրություն վերանվանելը նոր բռնակալության սկիզբն է, որ հայ ժողովրդի համար դա վերադարձ է 1937 եւ 1949 թվականների իրադրությունը, որ իբր թե սկսվելու է հայ ժողովրդի առաջավոր մտքի վերջնական բնաջնջման,  թուրք ջարդարարների 1915 թվականի գործը եւ սովետական իրականության դեմ ուղղված այլ հերյուրանքներ (տես` հատոր 5 գթ. 74-63):

Այդ  թռուցիկը հիմանականում կազմվել է ամբաստանյալ Պարույր Հայրիկյանի թելադրանքով, բազմացմանը մասնակցել են նաեւ մյուսները: Այն տարածել են Երեւան քաղաքում:

Ամբաստանյալներից,  ինչպես եւ վկաներից  ով ինչ չափով է մասնակցել բազմացմանը եւ տարածմանը, այդ  մասին որոշակի ցուցմունքներ չտրվեցին:

Այդ  «Կոչ հայ  ժողովրդին», «Ցասում» ստորագրությամբ  թռուցիկի տարածումից հետո, 1968 թվականի դեկտեմբերին Պարույր Հայրիկյանը ձեռնամուխ է եղել «Երկունք»  վերնագիրը կրող թռուցիկի կազմանը: Այդ նպատակով  նա գրել է «Անկախությունը որպես կենսական պահանջ» «Փորձառությունը առանց փորձի» եւ ծանոթացրել է դրանց  բովանդակության հետ ամբաստանյալներ Հակոբ Աշիկյանին, Ռաֆայել  Բարսեղովին, եւ խմբակի մյուս անդամներին, ինչպես նաեւ գործով  վկաներ Անդրանիկ Մարգարյանին եւ Կարո Ջղալյանին:

1969  թվականի  հունվարին  ամբաստանյալ  Պարույր Հայրիկյանը  ամբաստանյալներ Հակոբ Աշիկյանի, Աշոտ Նավասարդյանի,  Աշոտ Խաչատրյանի եւ այլ անձանց  մասնակցությամբ, սարի թաղի Մ. Գորկու  փողոցի նո. 104 եւ Հայդարի նո. 25 տներում  գտնված իրենց սենյակներում (Սարի Թաղի Մ. Գորկու  փողոցի նո. 104 տանը եղած սենյակը Պարույր Հայրիկյանը վարձած է եղել իրենց գաղտնի խմբակի գործունեության համար,  իսկ Հայդարի փողոցի նո. 25 տանը եղած սենյակում Բարսեղով Ռաֆայելը  բնակվելիս է եղել 1968 թվականի կեսերից, այն ժամանակվանից, երբ Սովետաշենի մանկատնից որպես մանկատան սան, ավարտելով դպրոցը դուրս է գրվել մանկատնից եւ աշխատանքի անցել Երեւանի----------գիրահետազոտական ինստիտուտի-----գործարանում որպես փականագործ հավաքող), վկա Քեֆշզյան Հովակիմի կողմից, Պարույր Հայրիկյանի խնդրանքով պատրաստված ցինկե կլիշեների վրա բազմացրել են այդ «Երկունք» կոչված թռուցիկը մեծ քանակությամբ  եւ 1969 թվականի հունվար փետրվար ամիսներին տարածել Երեւանում, Լենինականում եւ Կիրովականում: Ի  դեպ այդ թռուցիկները, բացի Երեւանում տարածելուց, Պարույր Հայրիկյանը տարել եւ տարածել է նաեւ Լենինականում,  իսկ Աշոտ Խաչատրյանը եւ Ռաֆայել Բարսեղովը Հայրիկյանի առաջարկությամբ տարել եւ տարածել են Կիրովականում: Այդ «Երկունք» թռուցիկում (տես` գթ. 21-361-ին հատոր եւ 68-72 5-րդ հատոր), խեղաթյուրելով սովետական իրականությունը զրպարտչորեն ՍՍՀՄ անվանել են Ռուսական կայսրություն, որտեղ ռուսները իբր թե մարքսիզմի քողի տակ իրենց շովինիստական նպատակներն են իրականացնում, որ ՍՍՀՄ, ում  վերջին տասնամյակներում աշխուժացել եւ թափ է ստացել ազգային ազատագրական պայքարը, որ 1920 թվականի նոյեմբերի 29 –ին` Հայաստանում սովետական  կարգերի ստեղծումը իբր թե հայ ժողովրդի համար այրունոտ մայրամուտ էր: Այնուհետեւ այդ թռուցիկում պահանջ է դրվում Հայաստանին վերադարձնել Արցախը եւ Նախիջեւանը եւ որ այդ հարցի լուծման համար Հայաստանը  պետք է դուրս գա ՍՍՀՄ կազմից եւ ստեղծի իր անկախ պետությունը: Բացի այդ, թռուցիկում մեթոդական ցուցումներ են տրված գաղտնի խմբակների անդամներին կոնսպիրատիվ հարցերի շուրջը:

Վերը նշված հակասովետական  բնույթի հոդվածների մեծ  մասը մեքենագրվել են Պարույր  Հայրիկյանի եւ մյուսների կողմից,  իրենց իսկ կողմից ձեռք բերված «Ուրանիա  նո. 347210 եւ «Պրոգրես» նո. 585795 գրամեքենաների  վրա, որպիսիք նախաքննության ժամանակ առգրավել են որպես  իրեղեն ապացույց:

Բացի այդ, Պարույր  Հայրիկյանի խնդրանքով,  գործով վկա Սուսաննա Ենգիբարյանի  կողմից, իր աշխատանքի վայրում գրամեքենայի  վրա բազմացվել են «Փարոս» հակասովետական թռուցիկից «ելնում են նորերը» եւ «Հայ ժողովրդին» վերնագրերով  հոդվածները:

«Երկունք» եւ «Կոչ Հայ  ժողովրդին» թռուցիկների  տեքստերով ցինկե կլիշեները պատրաստվել են Պարույր Հայրիկյանի խնդրանքով գործով վկա Քեֆշզյան Հովակիմի կողմից, իսկ այդ թռուցիկների բազմացնելուց  հետո, այդ կլիշեները, Հայրիկյանի խնդրանքով ոչնչացրել  է ամբաստանյալ Աշոտ Նավասարդյանը: Վերջինիս տված ցուցմունքով  նախաքննության ժամանակ այդ կլիշեների կտորտանքը հայտնաբերվել են Նորագավթի ոռոգիչ ջրանցքում եւ որպես իրեղեն ապացույց կցվել գործին  (տես` գթ. 73 հատոր 5):

«Երկունք»  վերնագիրը կրող  թռուցիկը Երեւան Լենինական եւ Կիրովական քաղաքների բնակելի շենքերի փոստարկղերում եւ այլուր գցելու միջոցով տարածելուց բացի, այն տվել են կարդալու  նաեւ գործով վկաներին այսպես օրինակ` Պարույր Հայրիկյանը տվել է կարդալու վկաներ Ազատ Արշակյանին եւ Հ-ին, Բարսեղով  Ռաֆայելը տվել է կարդալու վկաներ Ձ-ին եւ Ղ-ին, Աշոտ Նավասարդյանը  տվել է կարդալու Ճ-ին, Հակոբ Աշիկյանը տվել է կարդալու վկաներ Մ-ին  եւ Արամ Բոյաջյանին:

«Երկունք»  վերնագիրը կրող  թռուցիկի հետագա համարի  համար, Պարույր Հայրիկյանը  1969 թվականի մարտին գրել է  «Հայաստանը ապագայում» վերնագրով  մեկ նոր հոդված որպիսին գրամեքենայի  վրա տպագրել է վկա Սուսաննա Ենգիբարյանը,  սակայն Հայրիկյանի կալանավորման պատճառով այն  լույս չի տեսել:

Նախաքննության  ժամանակ կատարված  խուզարկությամբ, Պարույր  Հայրիկյանի Հակոբ Աշիկյանի  եւ Ռաֆայել Բարսեղովի մոտից  վերցվել են մի քանի գրառումներ  որպիսիք նույնպես պարունակում են զրպարտիչ  հերյուրանքներ սովետական իրականության եւ սովետական  պետության միջոցառումների նկատմամբ:

Պարույր  Հայրիկյանին,  Հակոբ Աշիկյանին,  Աշոտ Նավասարդյանին,  Ռաֆայել Բարսեղովին եւ  Աշոտ Խաչատրյանին մեղսագրված  հանցանքը, վերը նկարագրված արարքներում,  ապացուցված է ոչ միայն իրենց նախաքննությանը  եւ դատաքննությանը տված ցուցմունքներով այլեւ վկաներ  Սուսաննա Ենգիբարյանի, Արամ Բոյաջյանի, Անդրանիկ Մարգարյանի,  Ն-ի, Գերման Մարկոսյանի, Վ. Խաչիրյանի, Հավակիմ Քեֆշզյանի եւ մյուսների ցուցմունքներով, ինչպես նաեւ «Փարոս» «Երկունք» «Կոչ հայ  ժողովրդին» թռուցիկների եւ հակասովետական բնույթի մի քանի այլ հոդվածների եւ գրառումների առգրավման փաստով, այդ նյութերը բազմացնելու  համար օգտագործված «Ուրանիա» եւ «Պրոգրես» գրամեքենաների, ցինկից պատրաստված կլիշների, ռադիո հաղորդումը անցկացնելու հարմարանքի` ռադիո դինամիկի,  ակումլյատորի, ռադիո լարերի, հայտնաբերման եւ առգրավման փաստով (տես` գթ. 181, 183, 184 հատոր 5):

Հայրիկյանը,  Աշիկյանը, Նավասարդյանը,  Բարսեղովը եւ Խաչատրյանը թեպետ  դատաքննության ժամանակ ընդունեցին,  որ այս կամ այն չափով կատարել են  վերը նշված արարքները, սակայն այն կատարել  են ինչպես իրենք հայտարարեցին ազգասիրական զգացմունքներից  ելնելով եւ ըստ իրենց այդ արարքները չպետք է համարել քրեական հետապնդելի արարքներ, իսկ Հայրիկյանը հայտարարեց նաեւ այն, որ այդ  խմբակը իր նախաձեռնությամբ չէ որ ստեղծվել է, որ խմբակը ղեկավար չի ունեցել, որ այդ արարքները կատարվել են մյուսների այս  կամ այն չափի մասնակցությամբ, չունենալով ղեկավար:

Հայրիկյանի  այդ պնդումը  հերքված է ոչ  միայն գործով մյուս  ամբաստանյալների եւ վկաների հատկապես նախաքննության ցուցմունքներով, այլեւ այն փաստով, որ վերը նշված գործունեության համար ինքն է վարձել իր միջոցներով Մ. Գորկու փողոցի  նո. 104 տանը սենյակ, որտեղ եւ հիմնականաում տարվել են  հակասովետական կազմակերպչական աշխատանքները, իր անմիջական նախաձեռնությամբ  են գնվել գրամեքենաները, 1968 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում կազմակերպել  ռադիոհաղորդումը: Հայրիկյանի խնդրանքով է վկա Հովակիմ Քեֆշզյանը պատրաստել «Երկունք»  եւ «Կոչ հայ ժողովրդին» թռուցիկների կլիշները, որ այդպիսիք ոչնչացվել է Նավասարդյանի կողմից, թռուցիկները բազմացնելուց հետո, իր առաջարկությամբ:  Ի դեպ նախաքննության ժամանակ տված Նավասարդյանի ցուցմունքների հիման վրա է, որ հայտնաբերվել են կլիշեյի կտորտանքները:

Անհիմն է նաեւ ամբաստանյալների  պնդումը այն մասին, որ իրենց  այդ արարքները չի կարելի դիտել որպես քրեական հետապնդելի արարք այն  պատճառով, որ այն կատարել են հայրենասիրական-ազգասիրական զգացմունքներից ելնելով:

Կոլեգիան գտնում է,  որ նրանք դուրս  գալով այդ զգացմունքների  շրջանակներից ոչ միայն ազգային կրքեր են բորբոքել այլ եւ իրենց  կողմից տարածած թռուցիկներում վարքաբեկելով  սովետական իրականությունը, սովետական պետությանը  փաստորեն տարել են հակասովետական պրոպագանդա այսինքն  կատարել են հանցանք որպիսին պատժելի է Հայկական ՍՍՀ քր. օր.-ի 65 հոդվածի 1-ին մասով եւ 67 հոդվածով:

Կոլեգիան  միաժամանակ  գտնում է, որ  ամբաստանյալների նկատմամաբ  պատիժ սահմանելիս պետք է նկատի  ունենալ ոչ միայն նրանց յուրաքանչյուրի  մասնակցության չափը վերը նկարագրված հանցանքում  այլեւ այն, որ նրանք հանցանքը կատարելիս համարյա թե նոր են հասած եղել չափահաս տարիքին, իսկ նրանցից Աշոտ  Խաչատրյանը հանցանքի պահին անչափահաս է եղել, չեն ունեցել քաղաքական համապատասխան հասունություն, որ նրանցից  Հակոբ Աշիկյանը դեռ մանուկ հասակից, դժբախտ պատահարից` գնացքի տակ ընկնելու հետեւանքով, զրկված է աջ ոտքից, որ  Ռաֆայել Բարսեղովը զրկված լինելով ծնողներից մինչեւ 1968 թվականի հունիսը եղել է մանկատան սան որտեղ թե ուսման մեջ  եւ թե կենցաղում իրեն լավ է դրսեւորել, բնութագրվում է դրականապես (տես` բնութագիրը գթ. 97 հատոր 6), մանկատնից դուրս գալուց հետո աշխատանքի է անցել Երեւանի---------փորձարարական գործարանում  որպես բանվոր, որտեղ աշխատել է մինչեւ սույն գործով կալանավորվելը:

Հանրօգուտ  աշխատանքով է  զբաղված եղել նաեւ  Նավասարդյանը, նա մինչեւ  կալանավորվելը աշխատելիս է  եղել Երեւանի ---------- որպես  մոտորիստ: Պարույր Հայրիկյանը եւ  Հակոբ Աշիկյանը բացի աշխատելուց միաժամանակ  սովորելիս են եղել պոլիտեխնիկ ինստիտուտի կիբերնետիկայի  ֆակուլտետի երեկոյան բաժնի 3-րդ կուրսում, իսկ Աշոտ Խաչատրյանը  սովորելիս է եղել Երեւանի պետական համալսարանի ----------  ում:

Ամբաստանյալներից  ոչ մեկը մինչեւ այս  հանցանքի կատարումը որեւէ  բանում արատավորված չի եղել,  նրանց առաջին դատվածությունն է:  Ի դեպ 1969 թվականի մարտից հետո` ամբաստանյալ Պարույր Հայրիկյանի կալանավորվելուց հետո, մյուս  ամբաստանյալները դադարել են վերը նշված որեւէ գործողություն կատարել:

Այս  ամենը  հաշվի առնելով  կոլեգիան գտնում  է, որ երկարատեւ ազատազրկումը  կարող է խիստ ծանր հետեւանքներ  ունենալ ինչպես նրանց առողջության  վրա այդպես եւ որպես երիտասարդների  նրանց հետագայում ճիշտ դաստիարակելու գործին:  Վերոգրյալի հիման վրա եւ ղեկավարվելով քր. դատ.  օրի 293 եւ 294 հոդվածներով կոլեգիան`

Վ Ճ Ռ Ե Ց

Պարույր  Արշավիրի Հայրիկյանին,  Հակոբ Հովհաննեսի Աշիկյանին,  Աշոտ Ցոլակի Նավասարդյանին, Ռաֆայել  Սերգեյի Բարսեղովին եւ Աշոտ Զավենի Խաչատրյանին

ճանաչել  հանցավոր ՀՍՍՀ  քր. օր.-ի 65 հոդվածի  1-ին մասով եւ 67 հոդվածով:

Քր.  օր.-ի 65  հ. 1-ին մասի սանկցիայի հիման վրա դատապարտել նրանցից Պարույր Արշավիրի Հայրիկյանին  4 տարի ( չորս տարի ժամանակով  ազատազրկման, Հակոբ Հովհաննեսի  Աշիկյանին եւ Աշոտ Ցոլակի Նավասարդյանին  յուրաքանչյուրին երկու 2 տարի ժամանակով առանց աքսորի: Ռաֆայել Սերգեյի Բարսեղովին եւ Աշոտ Զավենի Խաչատրյանին  դատապարտել յուրաքանչյուրին վեց 6 ամիս ժամանակով ազատազրկման: Նկատի  ունենալով որ նրանք արդեն իսկ այդ պատիժը կրել են` նրանցից Ռաֆայել Բարսեղովը  կալանքի տակ է 1969 թվականի օգոստոսի 4-ից, իսկ Աշոտ Խաչատրյանը կալանքի տակ է  1969 թվականի օգոստոսի 11-ից, ուստի նրանց ազատել կալանքից:

Պարույր  Արշավիրի Հայրիկյանի կալանքի սկիզբը հաշվել  1969 թվականի մարտի 30-ից,  Հակոբ Հովհաննեսի Աշիկյանի կալանքի սկիզբը հաշվել 1969 թ. հուլիսի 16-ից,  Աշոտ Ցոլակի Նավասարդյանի կալանքի սկիզբը  հաշվել 1969 թ. հուլիսի 10-ից: Պարույր Արշավիրի  Հայրիկյանը, Հակոբ Հովհաննեսի Աշիկյանը եւ Աշոտ Ցոլակի Նավասարդյանը պատիժը պետք է կրեն խիստ ռեժիմի գաղութում:

Գործով  առգրավված  եւ պետական  անվտանգության  կոմիտեի քննչական  բաժնում գտնվող «Ուրանիա»  նո. 347210 եւ «Պրոգրես» նո.  5-85795 գրամեքենաները, էլեկտրոգլանցեվատելը,  ռադիոդինամիկը, ակումլյատորը, «Ժամանակակից թուրքիան»  եւ «Հայաստանի միջազգային իրավիճակը 1920-22 թվականներին»  վերնագրով երկու հատ գրքերը պետականացնել: Գործին առանձին պակետով  կցված Ջ. Կիրակոսյանի հեղինակությամբ «Առաջին համաշխարհային պատերազմը  եւ արեւմտահայությունը» գիրքը թողնել պետանվտանգության կոմիտեի տրամադրության տակ:

Գործով  առգրավված  եւ պետանվտանգության կոմիտեի քննչական բաժնում եղած ճամպրուկը հանձնել ըստ պատկանելույն: Նույն քննչական բաժնում  եղած նկարչության համար տետրակը, ցինկից թերթիկները, գուպկան, ցելեֆոնից սփրոցը եւ  պարկը, ռեզինից ձեռնոցները եւ մատնոցները, 134 օրինակ «Երկունք» եւ 20 հատ «Կոչ հայ ժողովրդին»  թռուցիկները եւ չգրված թղթերը որպես իրենից արժեք չներկայացնող  իրեր ոչնչացնել:

Դատավճիռը վճռաբեկության կարգով գանգատարկման ենթակա չէ:

ՆԱԽԱԳԱՀ` Ա. ԽԱՆԱՄԻՐՅԱՆ

ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐ`  ստորագրություններ

Ճիշտ է  ԳՈՐԾՈՎ ՆԱԽԱԳԱՀՈՂ` Ա. ԽԱՆԱՄԻՐՅԱՆ

3/3-70թ.  եմ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter