
Արցախի ՄԻՊ աշխատակազմն արձագանքել է «Հետք»-ի հրապարակմանը
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձագանքել է «Հետք»-ի «Ստեփանակերտի քաղաքապետը հրաժարվում է կատարած ծախսերի մասին տեղեկատվություն տրամադրելուց» հրապարակմանը։ Աշխատակազմը տեղեկացնում է, որ դիմելու է Ստեփանակերտի քաղաքապետարան լրագրողին անհրաժեշտ տեղեկությունը ստանալու նպատակով․
«Hetq.am լրատվամիջոցի թղթակից Հայկ Ղազարյանը օգոստոսի 20–ին դիմել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով ՄԻՊ միջամտությունը Ստեփանակերտի քաղաքապետարանից իր հարցման պատասխանը ստանալու հարցում:
Պաշտպանի միջամտության արդյունքում Ստեփանակերտի քաղաքապետարանը լրագրողին է ուղարկել պատասխանը, որից հետո Հ. Ղազարյանին առաջարկել ենք մեզ տեղյակ պահել լրացուցիչ հարցերի ու փաստարկների առկայության դեպքում:
Լրագրողից չստանալով լրացուցիչ գրություն՝ սույն հոդվածից Պաշտպանի աշխատակազմը տեղեկացավ, որ քաղաքապետարանի կայքում նա չի գտել իր հարցերի բովանդակային պատասխանները, ինչը մենք ընդունում ենք ի գիտություն: ՄԻՊ աշխատակազմը բողոքի առթիվ սկսված քննարկման շրջանակներում նոր գրություն է ուղարկելու Ստեփանակերտի քաղաքապետարան՝ ապահովելու համար քաղաքացու՝ ԱՀ Սահմանադրության 51-րդ հոդվածով սահմանված տեղեկություններ ստանալու իրավունքի իրացումը»:
լուսանկարում՝ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը
Մեկնաբանել