«Հայացք». «Մոսկվիչկա» սուպերմարկետն օրենքից դո՞ւրս
Երևանի հենց կենտրոնում` Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում գործող «Մոսկվիչկա» սուպերմարկետը, որի սեփականատերը Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին է, դարձյալ ՀԴՄ կտրոն չի տալիս գնորդներին: Այս հարցը մի քանի ամիս առաջ բարձրացվեց մամուլում, Պետական եկամուտների կոմիտեն էլ, իբր խնդրից անտեղյակ, խոստացավ, որ հետևողական պայքար կմղի երևույթի դեմ: Դատելով այն ամենից, որ «Մոսկվիչկան» շարունակում է առանց իրական շրջանառությունը ցույց տալու աշխատել, արդեն պարզ է, թե ինչպիսի հետևողական գործելաոճ է որդեգրել ՊԵԿ-ը:
Օրերս գնում կատարելով վերոնշյալ սուպերմարկետից` դարձյալ ՀԴՄ կտրոն չստացա: Երբ մի քանի րոպե «ոտքս կախ գցեցի» և դարձյալ ՀԴՄ կտրոնի երես չտեսա, գանձապահին հարցրի. «Իսկ կտրոն չե՞ք տալիս»: «Հա վայ, հիմա»,- ասաց նա ու արագ տպեց կտրոնը: Նկատեցի, որ իմ հետևից դուրս եկողներին դարձյալ կտրոն չէին տալիս: Այնինչ եթե Երևանի ոստիկանապետին պատկանող «Մոսկվիչկայի» փոխարեն հասարակ մեկին պատկանող փոքրիկ և համեստ խանութի վաճառողները համարձակվեին նման խախտում թույլ տալ, ՊԵԿ աշխատակիցներն ամեն օր, ամեն անկյունից կհայտնվեին և օր ու արև չէին տա փոքր տնտեսավարողին: Այնքան կտուգանեին, որ մարդուն կստիպեն թքել իր համեստ խանութի վրա էլ, հայրենիքի վրա էլ ու արտագաղթի ճամփան բռնել:
Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանից երեկ «Հայացք»-ի թղթակիցը հետաքրքրվեց. «Տեղյա՞կ եք, որ «Մոսկվիչկա» սուպերմարկետը ՀԴՄ կտրոն չի տալիս, ինչպե՞ս է այդ խոշոր խախտումը վրիպել ձեր աչքից»: «Հայաստանում չկա մի տնտեսավարող սուբյեկտ, որն ինչ-որ մի սայթաքում, մի խախտում տարվա ընթացքում չունենա: Ինչ վերաբերում է ՀԴՄ կտրոններին, մենք կարողացանք ձեր օգնությամբ, հանրության օգնությամբ ներդնել այդ համակարգը: Բայց, այո, լինում են նման դեպքեր, որ այդ թվում խոշոր սուպերմարկետներում առանձին օրերի կամ ժամերի, հիմնականում երեկոյան ժամերին ՀԴՄ կտրոն չեն տրամադրում»,- չգիտես ինչու արդարացավ Ալավերդյանը:
Ինչևէ, պարոն Ալավերդյանին և խնդրով մտահոգ բոլոր անձանց խորհուրդ ենք տալիս օրվա ցանկացած ժամի գնումներ կատարել «Մոսկվիչկայից»` համոզվելու համար, որ մեր ահազանգը համապատասխանում է իրականությանը:
Ռոզա Հովհաննիսյան
Հ.Գ. Ի դեպ, «Մոսկվիչկան» խախտել է նաև «Լեզվի մասին» օրենքը: Հայերեն ոչ մի տառ չկա նրա «ճակատին»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել