HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

«Կարմիր գծերի տուգանքների մեծ մասն ապօրինի է. քաղաքապետարանը անտեղի գումար է ծախսում»

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության հիմնադիր Տիգրան Քեյանը 10 ամսում կարողացել է գալ եզրահանգման, որ Երևանի քաղաքապետարանը «կարմիր գծեր»-ով նշագրված փողոցներում կայանելու համար վարորդներին և՛ անհիմն է տուգանում, և՛ անտեղի ծախս է կատարում:

«Հետք»-ի հետ զրույցում Տիգրան Քեյանը հիշեցրեց, որ 2012 թվականից ներդրվեց «կարմիր գծերի» համակարգը, սակայն քաղաքացիները, վճարելով կայանատեղի համար, ծառայություն չէին ստանում:

«Դժգոհություների մասին բոլորս էլ գիտենք, որ կապված էին մեքենաները վթարվելու, վնասվելու հետ, սակայն վնասողներին չէին հայտնաբերում: Շատ դեպքերում վճարում էիր տարեկան վճարը, բայց կայանման տեղեր չկային, քանի որ որոշ գործարարներ արգելաձողերով փակում էին կայանատեղերը, որոշ դեպքերում վարձակալությամբ տրամադրվող մեքենաներն էին երկար ժամանակով կայանված մնում և այլն: Արդյունքում վճարում էիր, բայց կայանման տեղ չէիր ունենում»,- ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ-ի ներկայացուցիչը:

Քեյանը այս տարվա սկզբին միտումնավոր չի վճարել կայանատեղի համար սահմանված տարեկան 12 հազար դրամ գումարը, որից հետո պարբերաբար մեքենան կայանել է վճարովի կայանտեղում: Տիգրան Քեյանն ընդգծեց, որ չի վճարել ոչ թե նրա համար, որ օրինապահ քաղաքացի չէ, այլ չի վճարել, որպեսզի հետագայում հետազոտություն կատարի ու արձանագրի, որ առաջին հերթին քաղաքապետարանը, «կարմիր գծեր» գծելով, իրականում որևէ ծառայություն չի մատուցում և երկրորդ՝ չմատուցած ծառայությունների համար էլ քաղաքացիներին տուգանում է թերի ապացույցներով: Ըստ նրա, բացի դրանից քաղաքապետարանը ավելի շատ գումար է ծախսում տուգանք կազմելու վրա, քան ծառայություն մատուցելու, քանի որ պահում է տեսախցիկներով կահավորված մեքենաներ, աշխատակիցներ, ձեռք է բերում փոստային ծառայություն և այլն, սակայն կայացրած վարչական ակտերը շատ արագ վերացվում են:

Տիգրան Քեյանը, քանի որ չի վճարել կայանատեղի տարեկան վճարը, բնականաբար, քաղաքապետարանից սկսել է ստանալ իրար հաջորդող տուգանքներ: Շուրջ 2 տասնյակ ծանուցում է ստացել, որ տեղական վճարը չի վճարել, սակայն դրանց մի մասը քաղաքապետարանը սեփական նախաձեռնությամբ է վերացրել, իսկ մյուս մասը բեկանվել է դատարանում: Քեյանը, երբ դիմել է դատարան, քաղաքապետարանը շտապել է նամակ ուղարկել դատարան այն մասին, որ վարչական ակտը սեփական նախաձեռնությամբ վերացրել է: Քաղաքապետարանը մինչ այդ պարտվում էր դատական նիստերում և վճարում էր նաև քաղաքացու ներկայացրած փաստաբանի վճարը: Այդկերպ սկսել է կանխել վճիռների կայացումը, որպեսզի չվճարի փաստաբանական ծախսն ու պետական տուրքը:

«Այսօր ես ստացել եմ թվով 19 հատ վարչական ակտ, որից 15-ը բողոքարկել եմ, և բավարարվել է: Դրանցից մոտ 10 հատը քաղաքապատարանն ինքնակամ է կարճել վարչական վարույթը, իսկ մնացածը դատական կարգով եմ բողոքարկել և վերացվել է տուգանքը: Մոտ 30 հազար դրամ պետք է հատուցի քաղաքապետարանը փաստաբանական ծախսի համար, 8 հազար դրամի չափով պետական տուրքը կվճարի: Թղթերի ծախսն էլ կարող ենք հաշվել՝ ամեն մի ծրարի համար 300 դրամ, որի մեջ մտնում է փոստային ծառայության վճարը: Էլ չենք խոսում աշխատակիցների աշխատավարձերը, մեքենաների վառելիքի ծախսերը և այլն»,- ասաց Տիգրան Քեյանը:

Վարչական ակտերը կամայական են և ապօրինի

Տիգրան Քեյանը, իր ստացած ծանուցումներն ուսումնասիրելով, պարզել է, որ ապացույցները թերի են եղել՝ առկա է եղել ընդամենը 2 լուսանկար, որոնք բավարար չեն խախտումն արձանագրելու համար: Նրա համոզմամբ՝ բազմակողմանի քննություն չի տարվում, սակայն ծանուցում է ուղարկվում: Վերջին ամիսներին արդեն քաղաքապետարանում հասկացել են, որ ակտերը բողոքարկվելու են ի վնաս իրենց, դատարան նամակներ են ուղարկել, որ իրենք արդեն իսկ վերացրել են վարչական ակտը, սակայն այդ մասին քաղաքացուն չեն տեղեկացրել: «Իրենք դատարանին գրություն են ուղարկել և խնդրել են, որպեսզի հայցը վարույթ չընդունեն, քանի որ ակտն արդեն վերացրել են»,- ասաց Տիգրան Քեյանը:

Հակասություն կա վարչական ակտի և Վարչական դատավարության մասին օրենսգրքի մեջ: 2017 թվականին Երևան քաղաքի ավագանին սահմանել էր Երևանում տեղական վճարների դրույքաչափերը: Դրանց մեջ է մտնում կարմիր գծերով կահավորված փողոցներում կայանելու վճարը: Այսինքն՝ Երևանի ավագանու որոշմամբ՝ այդ վճարը համարվում է տեղական վճար, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1247 հոդվածը տուգանք է սահմանում տեղական տուրքը չվճարելու համար: Այսինքն՝ քաղաքացին չի կատարում տեղական վճարը, բայց պատասխանատվության է ենթարկվում տեղական տուրքը չվճարելու համար: Տիգրան Քեյանի խոսքով՝ 2018 թվականի բոլոր ակտերը կարող են դատարանում այս հիմքով անվավեր ճանաչվել:

Տիգրան Քեյանը վստահեցնում է, որ իրենց կատարած աշխատանքների արդյունքում վարորդներին առնչվող խնդիրներն ու դրանց լուծումները ներառող փաթեթ կներկայացնեն քաղաքապետարան: Նպատակն այն է, որ Երևանում կայանատեղի ծառայությունն իրականում մատուցվի և եթե մատուցվի, ապա քաղաքացիները կվճարեն այդ ծառայության համար:

Գլխավոր լուսանկարում` Տիգրան Քեյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter