
Նախաձեռնությունը պահանջում է Արտակ Նազարյանի գործով դատական նիստերը վերսկսել Երևանում
Լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով Երեւանի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատավարությունը նախագահող դատավոր Սամվել Մարդանյանը 18.01.2012թ. որոշում կայացրեց կրկին տեղափոխել Տավուշի մարզ, ք.Իջևան:
Դատավորը որոշումը հիմնավորել է արտագնա դատական նիստերի ժամանակ հասարակական կարգի պահպանումը դժվար իրականացմամբ, որի հետեւանքով դրսեւորվում է անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ եւ առաջանում է խոչընդոտ նիստի բնականոն ընթացքին, չհարցաքննված վկաների մեծամասնությունը բնակվում է Տավուշի մարզի վարչական տարածքում, պետք է պահպանել գործի ողջամիտ ժամկետում քննությունը:
«Բանակն իրականում» հասարակական նախաձեռնությունը դատավորի բոլոր հիմնավորումները մտացածին է համարում, որոնք չունեն իրական հիմքեր:
«Հասարակական կարգի պահպանմանը, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու հետ կապված խնդիրները չեն կարող պայմանավորված լինել դատական նիստի անցկացման տեղով կամ վայրով: Նման խնդիրների բացառման միակ երաշխիքը արդար դատաքննության իրականացումն է, որը չի ապահովվում դատավորի կողմից:
Վկաների, ինչպես նաև դատաքննության մյուս մասնակիցների մեծամասնության համար ավելի մատչելի է հենց Երևանում դատական նիստի անցկացումը, որի հետ կապված մինչ այժմ դատավարության որևէ մասնակցի կողմից բողոքներ կամ հարցադրումներ չեն ներկայացվել ոչ դատարանին, ոչ էլ հանրությանը:
Դիտարկելով, մինչ այժմ տեղի ունեցած դատական նիստերի ընթացքը, գտնում ենք, որ դատավոր Սամվել Մարդանյանը իր որոշմամբ փորձում է խորացնել վկաների վրա կիրառվող ճնշումները եւ հաստատել ինքնասպանության վարկածը հասարակության, ԶԼՄ-երի կողմից դատավարությանը հետևելուն, հասարակական վերահսկողություն իրականացնելուն խոչընդոտելու միջոցով:
Դատական նիստերի վայրը փոխելու վերաբերյալ դատավորի որոշումը գնահատում ենք արդար դատաքննության իրականացումից խուսափելու, քննչական մարմինների կողմից հորինված և դատախազության կողմից հաստատված քրեական գործը դատարանում նոտարական վավերացմանը հասցնելու փորձ, որն ի սկզբանե ձախողված է:
Պահանջում ենք ՀՀ արդարադատության խորհրդից, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահից միջոցներ ձեռնարկել, իսկ դատավոր Ս.Մարդանյանից փոխել որոշումը և դատական նիստերը վերսկսել Երևանում»,- հայտարարում են նախաձեռնության անդամները:
Մեկնաբանել