HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Կշնորհի՞ Սաուդյան Արաբիային դիտորդի կարգավիճակ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը

Ֆրանկոֆոն պետությունների ղեկավարների մասնակցությամբ այսօր մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության /ՖՄԿ/ գագաթնաժողովը, որը կտեւի երկու օր։ Երեկ երեկոյան արդեն Երեւան էր ժամանել Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մոնակոյի արքայազնը եւ այլ ղեկավարներ այսօր կմասնակցեն նիստին


Ջասթին Թրյուդոն

Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ ընթանում է գագաթնաժողովը, պետությունների ղեկավարներին դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բացման հանդիսավոր արարողությանը կհաջորդեն ելույթները, ապա կմեկնարկեն լիագումար նիստի աշխատանքները։

Մադագասկարը, որն ավարտում է իր նախագահությունը ՖՄԿ-ում, Հայաստանին կփոխանցի այն։ Հայաստանը կնախագահի ՖՄԿ-ն մինչ գալիք գագաթնաժողովը, որը տեղի կունենա Թունիսում երկու տարի անց։

Օրակարգի գլխավոր երկու հարցերն են՝ ՖՄԿ գլխավոր քարտուղարի ընտրությունը եւ դիտորդի կարգավիճակով անդամակցության հայտ ներկայացրած չորս երկրի թեկնածության քննարկումը։

Թեեւ այդ երկրների անունները չեն հրապարակվում, սակայն կուլիսներում տեղի ունեցող քննարկումներից պարզ է, որ հիմնական ինտրիգը Սաուդյան Արաբիայի թեկնածության շուրջ է, որի վերաբերյալ կազմակերպությունում միասնական տեսակետ չկա։ Սաուդյան Արաբիայի թեկնածությանը, մեր տեղեկություններով, դեմ է Ֆրանսիան՝ այն պատճառաբանությամբ, որ այս երկիրը ոչ միայն ֆրանկոֆոն չէ, այլեւ այստեղ չեն հարգվում մարդու իրավունքները եւ ժողովրդավարական արժեքները։


Էմանուել Մակրոնը և նրա կինը

Սակայն, մարդու իրավունքների ոտնահարումները եւ ֆրանկոֆոն չլինելու հանգամանքը չեն խանգարել, որ ՖՄԿ-ին տարիներ առաջ` 2012-ին, անդամակցի Քաթարը։ Այն արդեն ասոցացված անդամի կարգավիճակ ունի։

Գլխավոր քարտուղարի պաշտոնի համար մրցակցում են գործող քարտուղար Միկայել Ժանը, որը ներկայացնում է Կանադան եւ այս պաշտոնը զբաղեցնում է 2015-ի հունվարից եւ Ռուանդայի արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոն, որի թեկնածությունն առաջադրել է Աֆրիկյան պետությունների միությունը։ Քանի որ ՖՄԿ անդամ-պետությունների թվում մեծ թիվ են կազմում աֆրիկյան պետությունները, Լուիզ Մուշիկիվաբոն հաղթելու մեծ հավանականություն ունի։ Բացի այդ՝ նրա թեկնածությունը պաշտպանում է Ֆրանսիան։

«Հետք»-ին ՖՄԿ-ում Հայաստանի դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանն ասել էր, թե կարեւոր է, որ այս որոշումներն ընդունվեն միաձայն։

Օրվա ավարտին ՖՄԿ լիիրավ 54 պետությունները դռնփակ նիստում կքննարկեն միջազգային իրադրությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter