HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջան. պոռնկագրական բնույթի տեսանյութերը կարող են խարխլել ընդդիմության հեղինակությունը

Մինչ ադրբեջանական ընդդիմությունը փորձում է արաբական աշխարհում այս տարվա գարնանը տեղի ունեցած բողոքի ցույցերը հիշեցնող ակցիաներ կազմակերպել, հեռուստատեսության եթերում նրա ներկայացուցիչների մասնակցությամբ նկարահանված պոռնկագրական տեսահոլովակներ են հայտնվում:

Ադրբեջանական ընդդիմության ակտիվիստները պատրաստվում են դատական հայց ներկայացնել իրենց մասնակցությամբ հյուրանոցային համարներում նկարահանված սեռական բնույթի բացահայտ գործողություններ պատկերող գաղտնի տեսահոլովակները եթերում ցուցադրած հեռուստաընկերության դեմ: 

Այս տեսահոլովակներում, որոնք նաեւ հայտնվել են համացանցում եւ էլեկտրոնային փոստով ուղարկվել լրագրողներին, պատկերված են «Ազադլիգ» թերթի լրագրող եւ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության մամլո խոսնակ Նաթիք Ադիլովը եւ «Կուլիս» կայքի հիմնադիր Քան Թուրալին:

Տեսահոլովակները հեռարձակվել են Իլհամ Ալիեւի զարմիկ Ադալաթ Ալիեւի սեփականությունը հանդիսացող «Lider TV» հեռուստաընկերության եթերում այն ժամանակ, երբ ընդդիմության ներկայացուցիչները փորձում էին կրկնել արաբական աշխարհում իշխանափոխության բերած բողոքի ցույցերը:

«Մենք մեկնել էինք Օգուզում գտնվող «Afra» հյուրանոցում «Conrad Adenauer Stiftung» գերմանական կազմակերպության կողմից կազմակերպված անվտանգության միջազգային համաժողովին: Մենք առաջինը չենք, ով հայտնվում է «Lider TV»-ի թիրախում: Բայց ես չեմ պատրաստվում նման զրպարտությունն անպատիժ թողնել: Ես դատարան կդիմեմ: Եւ, եթե այստեղ արդարություն չգտնեմ, կդիմեմ Եվրոպական դատարան», - նշում է Նաթիք Ադիլովը:

Նա պատրաստվում է դատական հայց ներկայացնել նաեւ «Afra» հյուրանոցի եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) դեմ, որը ոչ մի քայլ չէր ձեռնարկել տեսահոլովակների հեռարձակումը դադարեցնելու համար` չնայած այն, կարծես, անօրինական է եղել:

«2009-ի սահմանադրական բարեփոխումներից հետո, 32-րդ հոդվածի համաձայն` տեսահոլովակը համարվում է անօրինական, եթե այն նկարահանվել է առանց այնտեղ պատկերված անձնավորության թույլտվության», - նշում է «IREX» կազմակերպության իրավաբան Ալեկսեր Մամեդլին:

ՀՌԱՀ-ը տեխնիկապես անկախ կառույց է, սակայն այն հիմնադրել է պետությունը, իսկ նրա բոլոր ինն անդամին նշանակում է նախագահը: Կառույցը ստեղծվել է 2003 թվականին, եւ այդ ժամանակից ի վեր այն ղեկավարել է Նուշիրավան Մահարամլին:

«Հանձնաժողովի բոլոր անդամները պետք է միասին որոշում ընդունեն հեռարձակված նյութի ապօրինության վերաբերյալ: Այնուամենայնիվ, հանձնաժողովը դեռեւս չի քննարկել այս փաստը»,- նշում է ՀՌԱՀ ղեկավարի օգնական Թոգրուլ Մամեդովը:

ՀՌԱՀ մոնիտորինգի բաժնի ղեկավար Թավաքուլ Դադաշովի խոսքերով, սակայն, հասարակությունն իրավունք ունի տեղյակ լինել, թե ինչպես են ընդդիմության ներկայացուցիչներն անցկացնում իրենց ազատ ժամանակը:

«Այս անձնավորությունները հասարակական գործիչներ են, եւ մարդիկ ցանկանում են ավելի լավ ճանաչել նրանց: Իրենց հոդվածներում նրանք քննադատում եւ կարգադրություններ են անում ուրիշներին: «Lider TV»-ն ցույց տվեց, որ այս մարդկանց բարոյական մակարդակը եւս այնքան էլ բարձր չէ: Իհարկե, էթիկայի տեսանկյունից դատելով, կարծում եմ, որ պետք չէր հեռուստատեսության եթերում նման խիստ անձնական պատկերներ ցուցադրել: Սակայն այս տեսահոլովակների կամ դրանց հեռարձակման օրինականության մասին դատելը մեր գործը չէ»,- ասում է նա:

Սակայն Ն. Ադիլովի իրավաբան Ինթիգամ Ալիեւին այս փաստարկները չեն բավարարում:

«Եթե նման խայտառակ երեւույթները հայտնվում են հեռուստատեսության եթերում, այն էլ` ոչ առաջին անգամ, եւ ՀՌԱՀ-ը ոչ մի քայլ չի ձեռնարկում տվյալ հեռուստաալիքի դեմ, իսկ մեղադրողները հրաժարվում են քննել թաքնված տեսախցիկի օգտագործման եւ անձնական կյանքին միջամտության դեպքերը, ապա հարց է առաջանում` արդյո՞ք այս ամենը տեղի չի ունենում իշխանությունների համաձայնությամբ: Կարծում եմ` սա դիտավորյալ կերպով արվում է հասարակական եւ քաղաքական ակտիվություն դրսեւորող գործիչներին վարկաբեկելու նպատակով», - նշում է իրավաբանը:

«Lider TV»-ի եթերում բազմիցս են սադրանքով լի տեսանյութեր հեռարձակվել: 2010 թվականի նոյեմբերի խորհրդարանական ընտրությունների նախօրեին հեռուստաալիքն օրական երեք անգամ ցուցադրում էր այն ժամանակ «Ազադլիգ» թերթի գլխավոր խմբագիր Ազեր Ահմեդովի եւ մի երիտասարդ կնոջ ինտիմ հարաբերությունները պատկերող մի տեսանյութ, որն իբրեւ թե գաղտնի էր նկարահանվել:

Նախքան 2005 թվականի ընտրությունները, հեռուստաընկերությունը ցուցադրել էր լուսանկարներ, որտեղ, ենթադրաբար, պատկերված էին Ահմեդովը եւ «Azadliq»-ի գլխավոր խմբագիր Գանիմաթ Զահիդը թեթեւաբարո կանանց հետ:

«Lider TV»-ն, սակայն պնդում է, որ այն պարզապես լուսաբանում է նորությունները, եւ զրպարտությամբ չի զբաղվում:

«Այս մարդիկ մեծ ճանաչում են վայելում: Նրանք պետք է սեփական գործողությունների մասին մտածեն, ոչ թե այլ մարդկանց թելադրեն` ինչ անել: Մենք ոչ ոքի չենք զրպարտել, այլ պարզապես որոշ իրական փաստերի վերաբերյալ տեղեկատվություն ենք տրամադրել», - նշում է «Lider TV»-ի լրատվական ծրագրի տնօրեն Թոֆիք Աբբասովը: 

Հեռուստաընկերությունը երբեք գրաքննության չի ենթարկվել ընդդիմության ներկայացուցիչների անձնական կյանքի մանրամասները լուսաբանելու համար, սակայն փորձագետները կարծում են, որ այս անգամ հեռուստաալիքը չափազանց հեռուն է գնացել:

«Ադրբեջանի պես անցումային երկրներում հաճախ կարելի է քաղաքական մրցակիցների դեմ «գոտկատեղից ներքեւ» հարձակումների ականատես դառնալ: Բոլոր այս դեպքերն ուղեկցվել են օրենքի խախտումներով: Պոռնկագրական բնույթի նյութերը ցուցադրվել են եթերում, այն էլ` լավագույն ժամերին: Նշանակում է` այս մարդկանց, ինչպես նաեւ հեռուստադիտողների դեմ քրեական հանցագործություն է կատարվել», - կարծիք է հայտնել Բաքվի պետական համալսարանի լրագրության պրոֆեսոր Զեյնալ Մամեդլին:

«Եթե զրպարտության զոհերը քրեական պատասխանատվության ենթարկեն [այս քայլին դիմողներին], ապա նրանք անպայման կհաղթեն: Նույնիսկ իշխանություններից կախվածության մեջ գտվող դատարանները չեն կարող մերժել նման կարգի հայցը»:

«Afra» հյուրանոցի ղեկավարությունն իր հերթին պնդում է, որ պատասխանատվություն չի կրում իր համարներում նկարահանված տեսանյութերի համար, իսկ հյուրանոցի տնօրեն Մեսմե Սուլթանովան հայտարարել է, որ պատրաստվում է ոստիկանություն դիմել, որպեսզի դեպքի քննություն կատարվի: 

«Այս սարսափելի միջադեպը մեծ վնաս է հասցրել մեր հյուրանոցի հեղինակությանը: Մենք վնասներ ենք կրում, զրկվում հաճախորդներից: Ինչպե՞ս կարող էի նման բան ցանկանալ: Պատկերացում անգամ չունեմ, թե ինչպես են մեր հյուրանոցի համարներում կարողացել թաքնված տեսախցիկներ տեղադրել: Ես պատրաստվում եմ դիմել իրավապահ մարմիններին, որպեսզի պարզեմ, թե ով եւ ինչու է որոշել վնասել մեր հյուրանոցին նման ձեւով», - նշում է Սուլթանովան:

Այթան Ֆարհադովան

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter