HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» պատգամավորներին

Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,

մենք, լինելով պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչներ (համաձայն ՀՀ կառավարության թիվ 399-Ն 04.03.2004 թ. և 909-Ն 17.06.2004թ. որոշումների), 2005թ-ի գարնանը ստիպված էինք (այլ առաջարկ՝ առևտրային տարածք, բնակարան, մեր առևտրային տարածքների շուկայական արժեքը, մեր բնակարանների շուկայական արժեքը, ինչը նախատեսված է ՀՀ օրենքներով և կառավարության որոշումներով, մեզ չի արվել) կնքել անշարժ գույքի իրացման և փոխհատուցման պայմանագրեր, համաձայն որի, 30 ամիս հետո պետք է մեր տների տեղում կառուցվող շենքից ստանայինք մեր առևտրային տարածքները և բնակարանները։

Շենքի շինարարության վերջնաժամկետն էր 2008թ. հունվարը, սակայն 2008թ. միայն շենքի նախագիծն է հաստատվել (ներկայումս պետության այս և մյուս սխալները ու օրենքների խախտումները՝ ՀՀ-ի լիազորված անձի և կառուցապատողի նույն անձը լինելը, ՀՀ-ի կողմից առևտրային տարածքների և բնակարանների հատակագծերի չտրամադրելը և այլն, որպես օրենքի ու պարզապես առողջ դատողության ծանակում և զավեշտ փորձում են ներկայացնել որպես ֆորս մաժոր և պայմանագրի թերիություն)։ 2009 թ. ՀՀ կառավարությունը 3 մլն. դոլար տրամադրեց շինարարությունը ավարտելու համար։ ինչ եղավ  այդ գումարը, հանելուկ է, փաստը այն է, որ շինարարությունը առայսր չի ավարտվել։ Իմիջայլոց, դատելով շինարարության ներկա տեմպից, մոտակա 2 տարում չի էլ ավարտվի։

Անցել է 7 տարի, բայց մենք չենք ստացել ոչ պայմանագրերով նախատեսված առևտրային տարածքները, ոչ բնակարանները, ոչ բնակության վարձակալության գումարնները, ոչ շինարարության ձգձգման տուգանքները, ոչ կրած վնասների փոխհատուցումը։                    

Մեզ մինչ այժմ չեն հատկացվել Սեփականության վկայակաները, և մենք չենք կարող ոչ մի իրավական գործողություն կատարել կիսակառույց տարածքների նկատմամբ՝ վաճառք, նվիրատվություն, կտակ։

Զրկվելով ապրուստի միջոցներից մենք հայտնվել ենք աղետալի վիճակում, քանի որ վարձակալած բնակարաններից մեզ հանել են։ Իրենց նոր բնակարանները չտեսնելով, վարձակալած բնակարաններում արդեն մարդիկ են մահացել, արդեն մարդիկ են լքել հայրենիքը, երիտասարդները, բնակարանի բացակայության հետևանքով, չեն կարողանում ընտանիք կազմել։

Բազմաթիվ անգամ գրավոր դիմել ենք վարչապետին, կառավարությանը, քաղաքապետարանին, հանրային խորհրդին։ Բոլոր դիմումները վերահասցեագրվում են քաղաքապետարանին, չնայած այն բանին, որ այդ հարցով զբաղվում է ֆինանսների նախարարությունը։ Արդեն տարուց ավել է, ինչ մենք դիմել ենք դատարան։ ՀՀ-ի լիազորված անձի ներկայացուցչի գրավոր պատասխանից հետևում է, որ ՀՀ-ի անունից 2005թ. կնքված պայմանագրերը կնքման իսկ պահից կանխամտածված խաբեություն են եղել Ամիրյան փողոցի 26 ընտանիքների հանդեպ։

Արդեն շատերիս առևտրային տարածքները և բնակարանները վաճառվել են։ Ոչ դատարաններին և ոչ էլ դատախազությանը դա չի հետաքրքրում: Պետական պաշտոնյանների արված առաջարկները խաբեության նոր ձև է՝ պայմանագրերով նախատեսված առևտրային տարածքների փոխարեն առաջարկում են ուրիշ հարկերում միայն բնակարաններ, ինչը մեր համար անընդունելի է։ Պետական պաշտոնյանները հայտարարում են, որ պետությունը հրաժարվում է կատարել պայմանագրով նախատեսված իր գումարային պարտավորությունները, թեկուզ  հասնենք եվորպական դատարան։

Մի՞թե սրանից չի հետևում, որ դատարանի երեք ատյաներն էլ հրահանգված են  և իսկությունը, որը ակնհայտ է բոլորի համար ով գեթ մեկ անգամ կարդացել է ՀՀ անունից կնքված պայմանագրերը, անհնար է, որ երբևէ հաղթի ՀՀ դատարաններում: Եթե ՀՀ դատարաններում ակնհայտ արդարությունը չհաստատվի, ապա մեզ այլ միջոց չի մնա, քան հետևել պետական պաշտոնյանների «խորհրդին», հասնել եվորպական դատարան և մի անձի գերշահույթ ստանալու համար ՀՀ անունից կնքված պայմանգրերի դիմաց, ավաղ արդեն որ երրորդ անգամ, վճարելու է պետությունը, այսինքն ՀՀ ոչ մի մեղք չունեցող հարկատուները։

եթե ՀՀ-ն ցանկություն ունենար, ապա վաղուց և շատ հեշտ կլուծեր այս հարցը։ Դրա համար ընդհամենը պետք էր կատարել սեփական պարտավորությունները, իսկ հետո դատական կարգով իր լիազորված անձից բռնագանձել պետական պարտավորությունների հանրագումարը։ Քաղաքակիրթ երկիրը իր բարձրաստիճան պաշտոնյաի միջոցով ներողություն կխնդրեր գրեթե 7 տարի իր քաղաքացիներին տնից զրկելու համար, այլ ոչ թե կփորձեր պատասխանությունը գցել իր լիազորված անձի ժառանգների վրա։

Քաղաքակիրթ երկիրը հոգ է տանում սեփական հարյուրավոր քաղաքացիների հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարման մասին, այլ ոչ թե մի երկու հոգու գերշահույթի մասին։ Ի դեպ, ըստ ՀՀ-ի և իր լիազորված անձի միջև 2004թ. հուլիսին կնքված պայմանագրի, եթե կառուցապատողը 2007թ. հուլիսին շենքը շահագորման չհանձներ ՀՀ պարտավոր էր այն վերցնել նրանից: Ինչու ՀՀ դա չի արել, և արել է հակառակը թույլ տալով կառուցապատողին սեփականաշնորել շենքը, հանելուկ է:

Երևի պատասխանը շենքի իրական տիրոջ անձն է, որի անունը վերջին երկու տարվա ընթացքում բազմիցս հրապարակվել է մամուլում և համացանցում: Փաստը այն է, որ կոռումպացված պաշտոնյաների հանցագործությունները կոծկելու համար վարձահատույց ենք լինում մենք, երևի այն բանի համար, որ հավատացել ենք այս պետության հետ կնքած պայմանագրին:

Մարդու իրավունքների պաշտպանի 2010 թ. տարեկան զեկույցում (էջ 175–176) և Սահմանադրական դատարանի 18.04.2006թ. ընդունված 630 որոշումում շեշտվել է, որ մեր Մարդու և Սահմանադրական իրավունքները ՀՀ-ի կողմից ոտնահարվել են:

Հարգելի պատգամավորներ, խնդրում ենք ազգային ժողովում բարձրացնել այս հարցը և դադարեցնել Հ.Հ. անունից կատարվող ապօրինությունները, խաբեությունները, առևտրային տարածքների գողությունները, բնակարանագողությունները և վերջապես վերականգնել արդարությունը ու Սահմանադրության 8 ու 31 հոդվածներով նախատեսված մեր իրավունքները:

Մենք և Երևանի կենտրոնում նախկինում բնակվող 5000 ընտանիք առաջիկա ազգային ժողովի ընտրություններում մեր ձայնը կտանք այն կուսակցությանը, որը իր ծրագրում կունենա կետ, ըստ որի պետական կարիքների զոհերին կվերադարձվի պետության կողմից յուրացված ունեցվածքը:

Հարգելի պատգամավորներ, եթե չվերականգնվեն մեր ոտնահարված իրավունքները, ապա մեզ այլ միջոց չի մնա, քան ընտանիքներով մեկընդմիշտ լքել հայրենիքը և ապաստան հայցել արտերկրում: Ինչքան կարելի է հանդուրժել այս պետական մակարդակով իրականացվող ծաղրուծանակը և ապրել մի պետությունում, որը տեր չի կանգնում նույնիսկ իր գրավոր պարտավորություններին ու մի անձի գերշահույթի համար ծաղրուծանակի է ենթարկում իր հարյուրավոր քաղաքացիներին:

Այն ինչ որ կատարվում է մեր հանդեպ, հայերի հանդեպ արել են երիտթուրքերը 1915 թ. և Ի.Ստալինը 1937 թ. և 1949 թ.:

Արևմտյան Հայաստանը հայաթափ եղավ երիտթուրքերի հայատյացության հետևանքով, իսկ արևելյան Հայաստանը հայաթափ է լինում մի քանի հայ օլիգարխների և պետական պաշտոնյաների ագահության հետևանքով: Մեր կարծքով երկրորդը ավելի մեծ հանցանք է, քանի որ անողները հայեր են:        

Ամիրյան 4/14, 4/16, 4/18, 4/20, 4/22,4/24 հասցեներում
գրանցված բնակիչներից

Մեկնաբանություններ (1)

gegecik
lav el arel ek vor zharangutyan@ kapel ek bargavaji het, hamarya mi kusakcutiun e darcel, baic im karcikov bargavaj@ kogtagorci ktoxi...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter