HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». վարչապետի հանձնարարականները Վլադիմիր Գասպարյանին

Հետաքրքիր է. վերջերս ոստիկանապետը հայտարարեց, որ իր վերևում միայն ՀՀ նախագահն է: Դե, ոչինչ, որ մոռացավ Աստծուն: Ուղղակի երեկ պարզվեց, որ իր վերևում նաև վարչապետն է, թե չէ ինչի՞ պիտի իրեն հանձնարարականներ տա:

Վերջին շրջանում կառավարությունը բողոքներ է ստանում ոստիկանության կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ: Երեկ այս մասին կառավարության նիստի սկզբում բարձրաձայնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը' տեղեկացնելով, որ խոսքը մասնավորապես վարորդական իրավունքների և մեքենաների գրանցման գործընթացում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին է:

«Այս խնդրի շուրջ տրվել են հանձնարարականներ ոստիկանապետին, և մենք կարճ ժամանակում պետք է բարելավենք ծառայությունների որակը: Սա այն ոլորտն է, որտեղ տարեկան 300 հազարից ավելի ՀՀ քաղաքացիներ շփվում են պետության հետ: Ձևավորվում է վերաբերմունք պետության նկատմամբ, և եթե այդ ծառայությունների որակը մեզ չի բավարարում, նշանակում է' կա դժգոհություն»,- նշեց վարչապետը:

Ըստ նրա' խնդրի արմատական լուծման համար ապրիլին Նուբարաշենում շահագործման կհանձնվի Ճանապարհային ոստիկանության ծառայության նոր մասնաշենքը, որը հագեցած է լինելու ժամանակակից սարքավորումներով: Դրա շնորհիվ մարդիկ կսպասարկվեն առավելագույնը 20 րոպեի ընթացքում' այսօրվա մեկ ժամվա փոխարեն: «Այսօր կուտակվում են հերթեր, և ես հանձնարարել եմ ոստիկանապետին, որպեսզի այս խնդիրը վերցնի իր անձնական հսկողության տակ. ավելացնի աշխատողների քանակը և նվազեցնի այսօրվա ծանրաբեռնվածությունը, որն առկա է այս ոլորտում»,- նշեց նա:

Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նաև ավտոմեքենաների տեխզննման խնդրին' ևս մեկ անգամ հայտարարելով, որ տեխնիկական զննման կտրոնների վրա կնիքը պարտադիր չէ: «Պետք չէ մեր քաղաքացիներին դրդել, որպեսզի նրանք գնան և մտնեն կոռուպցիոն ռիսկերի ոլորտ: Բոլոր պետական մարմիններին արգելվում է պահանջել քաղաքացիներից, որ տեխնիկական զննման կտրոնի հետևում ստուգեն կնիքի առկայությունը»,- նախազգուշացրեց վարչապետը:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter