«Հայացք». համակարգային փոփոխություն կարող են իրագործել միայն հեղափոխական գործիչները
Մեր հյուրն է ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը
Մեր քաղաքական ուժերին կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի' այնպիսիք, որ պայքարում են հանուն իշխանափոխության, և այնպիսիք, որ պայքարում են հանուն համակարգային փոփոխությունների: Բայց արդեն որքան ժամանակ է' ոչ առաջինն է տեղի ունենում, ոչ էլ երկրորդը: Ինչո՞ւ:
Պատճառը մեր քաղաքական համակարգի որակն է և այն պայմանները, որոնք երկրում վաղուց հաստատվել են, և որոնց շրջանակներում քաղաքական ուժերը պետք է ծավալեն իրենց գործունեությունը: Այստեղ է, որ կան առաջին հայացքից անհասկանալի երևույթներ, իսկ շատ հարցեր չունեն պատասխաններ: Առաջին հարցը, որին պետք է պատասխան տալ, հետևյալն է. ի՞նչ է նշանակում կուսակցական գործունեություն, եթե երկրում, բոլորի համոզմամբ, գոյություն չունի ընտրական անկախ մեխանիզմ: Սահմանադրության մեջ հստակ նշվում է, որ կուսակցությունները պետք է պայքարեն իշխանության համար օրենքով սահմանված կարգով, այն է' ազատ ընտրությունների միջոցով: Իշխանության համար պայքարելու ցանկացած այլ ձև կոչվում է իշխանության ուզուրպացիա: Հիմա բոլորը գիտեն, որ ընտրությունները չեն կայանում: Այդ դեպքում ի՞նչ պետք է անեն կուսակցությունները:
Մասնավորապես Կոնգրեսն առաջարկում է' եկեք ժողովրդի ճնշմամբ իրականացնենք իշխանափոխություն, հետո անցկացնենք արդար ընտրություններ:
Բայց չէ՞ որ Սահմանադրության մեջ գրված է, որ երկրում իշխանափոխություն կարելի է անել միայն ընտրությունների միջոցով:
Փակ շրջա՞ն է:
Աշխարհում բոլորին հայտնի է' գոյություն ունի պետության միայն ու միայն մի տիպ, որտեղ իշխանությունները փոխվում են, և նորերը ձևավորվում են ընտրությունների միջոցով: Դրանք իրավական-սահմանադրական պետություններն են: Պատկերացնո՞ւմ եք' թագավորություններում իշխանություն փոխվի ընտրությունների միջոցով: Նույնկերպ իշխանություն ընտրություններով չի փոխվում ոչ իրավական' ավտորիտար, օլիգարխիկ, տոտալիտար պետություններում: Այդտեղ իշխանությունն է ծնում մյուս իշխանությունը: Բայց մեզ մոտ բոլորն ասում են, որ իշխանությունը պետք է փոխվի միայն ընտրության միջոցով:
Նույն բոլորը նաև ասում են, որ Սահմանադրությունը չի գործում, արդարադատության համակարգը չի գործում, ընտրական մեխանիզմը չի գործում: Մի կողմից սա կուսակցությունների անզորության նշան է, որոնք պարզ տեսնում են վիճակը, բայց չգիտեն' ինչ անել, մյուս կողմից հասկանում են, որ պետք է ուրիշ մեթոդներով հասնել իշխանության: Այս դեպքում հասարակությունը պետք է փորձի վերլուծել, հասկանալ, թե այդ ինչ ուրիշ մեթոդներ են: Ես ինձ համար պարզել եմ' ուրիշ մեթոդը գործող ավտորիտար ռեժիմի հետ գործարքն է:
Դա այն է, որի մասին ոչ մի կուսակցություն բարձրաձայն չի ասում, բայց իրականում հենց դրանով է զբաղվում: Տվյալ դեպքում վտանգն այն է, որ կուսակցությունները, հաշտվելով այս վիճակի հետ, դառնում են հասարակությանն ապակողմնորոշող խորոշագույն մեխանիզմ: Այստեղից էլ այս լճացումը, փակ շրջանը, երբ տասնամյակներով որևէ բան չի փոխվում:
Լավ, ստացվեց' իշխանափոխությունն անհնարին է: Իսկ համակարգային փոփոխությունը կարո՞ղ է ելքի ճանապարհ լինել:
Այդ մասին խոսող քաղաքական ցանկացած ուժ պետք է ասի, թե ինչ է հասկանում համակարգային փոփոխություն ասելով: Իսկ դա նշանակում է գնահատել գոյություն ունեցող համակարգը ոչ թե ընդհանուր խոսքերով, այլ մատնանշել Սահմանադրության պահանջը, ցույց տալ, թե իրականո°ւմ ինչ ունենք, տալ ճանապարհային քարտեզը, որի միջոցով փոփոխությունը պետք է կատարվի:
Օրինակ' ՀՅԴ-ն կամ «Ժառանգությունն» առաջարկում են համակարգային փոփոխություններ իրականացնել նաև օրենսդրական նախաձեռնությունների միջոցով:
Ու վեր է կենում ռեժիմի ներկայացուցիչը և ասում, որ այդ ամենը հակասահմանադրական է, պետությանը դեմ է, և վե°րջ, հարցը փակում են:
Այնինչ հասարակությանը հետաքրքրում է մի խնդիր' ո՞վ է ի վիճակի փոխել գործող համակարգը, որը չի համապատասխանում Սահմանադրությանը, որը ոտնահարում է իր իրավունքները: Հասարակությունը պատրաստ է, պատրաստ է եղել տասնամյակներ, բայց ի՞նչ է նրան առաջարկվել: Ինչ էլ առաջարկվել է' արդյունքի չի բերել: Դրա համար եմ ասում' քաղաքական ուժերը բաժանվում են երկու խմբի' անզորության մատնվածներ և անազնիվներ, որոնք օգտվում են եղած վիճակից:
Լավ, իսկ ինչպե՞ս փոխել այս իրավիճակը:
Եկանք գլխավոր այն խնդրին, որի մասին մտածում ենք ոչ միայն մենք, այլև շատ ու շատ ժողովուրդներ ամբողջ աշխարհում: Ես ուսումնասիրել եմ շատ երկրների փորձը և եկել եմ այն համոզման, որ համակարգային փոփոխությունը հասարակության գործն է: Որևէ կուսակցություն երբևէ ի վիճակի չէ համակարգային փոփոխություն անել: Երբ դեմոկրատական շարժումներ են ստեղծվել, հասարակությունն ինքն է ելքեր գտել, բարձրացրել է հզոր ալիք, կազմակերպվել է և գործող քաղաքական էլիտային, այդ թվում' կուսակցություններին ուլտիմատում է առաջադրել' ենթարկվել Սահմանադրությանը: Եվ կրելով ահռելի զրկանքներ ու կորուստներ' հազարավոր մարդկանց կյանքի գնով գործող համակարգերին ստիպել է ընդունել վերջնագիրը, որի հիմնական կետն ազատ ընտրություններ անցկացնելն է:
2008-ի նախագահական ընտրություններից հետո ստեղծվեց համաժողովրդական շարժում: Բայց մեզանում այն չկարողացավ հաջողության հասնել:
Կարևոր հարց եք տալիս: Բայց ովքե՞ր են ղեկավարել շարժումը. կուսակցությունները: Աշխարհի փորձը ցույց է տվել' շարժումներն իրենց ղեկավար կազմն իրենք են ծնել' իրենց միջից: Ցանկացած համակարգային փոփոխություն կոչվում է հեղափոխություն: Հեղափոխությունը պետական համակարգը փոխելն է: Իսկ հեղափոխությունը պահանջում է հեղափոխական գործիչներ: Հեղափոխական գործիչը մի շատ կարևոր բանով տարբերվում է կուսակցական գործչից' նրա խնդիրը իշխանության գալը չէ: 88-ի մեր փորձն էլ է ցույց տվել' նրանք ուրիշ մտածողություն ունեն, նրանց խնդիրն իշխանությունը չէ: Իսկ ցանկացած կուսակցական ղեկավարություն, որ շարժում է ղեկավարում, թույլ չի տա, որ լինեն ազատ ընտրություններ, որովհետև կարող է հանկարծ ուրիշ ուժ հաղթել: Ես չեմ հավատում, որ Հայաստանում գոյություն ունեն կուսակցություններ, որոնք կուզենան զրկանքներ կրել, աշխատանք տանել, բերել-հասցնել ընտրությունների, և ընտրվեն քաղաքական այլ ուժեր: Դա անընդունելի է անգամ հոգեբանորեն:
Իսկ մեզ մոտ ձեր նշածը շարժում չէր: Շարժումը չի կարող նպատակ ունենալ որևէ ուժի բերել իշխանության: Ոչ մի ժողովրդական շարժում այդպիսի նպատակ չի հետապնդում:
Մինչև հասարակությունը չհասունանա, չհզորանա տոտալիտար համակարգից, չի կարող թոթափել այդ համակարգը: Բայց եթե հասունացել է, նրա դեմ խաղ չկա: Կա մի կարևոր հանգամանք ևս. ցանկացած համակարգային փոփոխություն սկսվում է ինտելեկտուալ հեղափոխությունից: Առանց ինտելակտուալ բաղադրիչի' նման բան սպասել պետք չէ:
Մեզանում այդ բաղադրիչը գործո՞ւմ է:
Եթե արդյունքի չենք հասել, նշանակում է' ոչ: Մենք դեռ ստի մեջ ենք ապրում: Բայց բարեբախտաբար 21-րդ դարում ենք: Այն, ինչը նախկինում պահանջում էր տարիներ, հիմա կարող է պահանջել շաբաթներ: Հիմա լրիվ ուրիշ հնարավորություններ են: Պարզապես կա կամ-կամ-ի խնդիր: Կա°մ հասարակությունը հստակեցնում է իր նպատակները, դրանց իրագործման համար էներգիա է դնում, կամ էլ ոչինչ չի լինում: Յուրաքանչյուր հասարակություն ինքն է որոշում' նման խնդիր դնի իր առջև, թե ոչ:
Հիմա Հայաստանում մի քանի պրոցես է ընթանում: Հասարակության մի մասը հուսահատված հեռանում է: Մյուս մասն ընտելացել է այս վիճակին: Բայց մեկ այլ հատված կարծես թե փորձում է դնել այդ խնդիրը: Եթե խնդիրը դրեցինք, հարցը կլուծենք: Անհնարին է, երբևէ չի եղել, որ որևէ հասարակություն խնդիրը ձևակերպի, գնա պայքարելու և հաջողության չհասնի: Հարյուր հազարավորների դեմ խաղ չկա:
ՍՈՆԱ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել