«Հայացք». ի՞նչ վթար է եղել Մեծավանի ջրամբարում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մոտ հունվարի 17-ին խորհրդակցություն էր հրավիրվել' նվիրված պոչամբարների անվտանգ կառավարման խնդիրներին: Քննարկման ընթացքում նախարարը կարևորել է նաև ջրամբարների անվտանգ շահագործումը: Հայաստանում այժմ կա մոտ 100 ջրամբար: Դրանք ունեն ջրամբարի մասին ամբողջական տեղեկատվությամբ անվտանգության վկայագրեր:
Այդ փաստաթղթերի հիման վրա էլ մշակվում են արտակարգ իրավիճակի դեպքում գործողությունների ծրագրերը: Այս տարվա ընթացքում նման ծրագրեր կազմվելու են հանրապետության բոլոր ջրամբարների համար: Նախարարը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքներն այս բոլոր ուղղություններով:
Ուշագրավ է, որ վերոնշյալ խորհրդակցությունից 2-3 ժամ անց, կարծես ճակատագրի հեգնանքով, Լոռու մարզից տեղեկություն է ստացվել Ձյունաշող համայնքի մոտ գտնվող Մեծավանի ջրամբարի հետ կապված վթարի մասին: Ուրեմն խորհրդակցությունը ճիշտ ժամանակին է եղել, եթե չասենք' ուշացած: Կայքերից մեկը, հղում կատարելով ԱԻՆ լրատվական ծառայությանը, հայտնել էր, որ հունվարի 17-ին' ժամը 14:12-ին, Լոռու մարզից ստացված տեղեկատվության համաձայն, «Մեծավանի ջրամբարի պատվարին առաջացել է ճեղք. կա ջրի արտահոսք, ինչպես նաև փլուզման վտանգ»:
Սակայն նույն նախարարության բնակչության և տարածքների պաշտպանության վարչության պետ Հովհաննես Եմիշյանն, ի պատասխան հիշյալ վթարի կապակցությամբ մեր հարցի տեղեկացնելով, որ այնտեղ առաջացած խնդրով իրենց փրկարարներն են զբաղվում, փրկարար ծառայության վարչության պետն է տեղում աշխատել, ասաց, որ ջրամբարի պատվարին վտանգ չի սպառնացել, երեք տարբեր հատվածներում ճեղք է առաջացել վթարային ջրահեռացման համակարգի վրա: Սակայն նշենք, որ այդ ջրահեռացման համակարգի երկաթբետոնե ձախակողմյան պատը միաժամանակ հանդիսանում է ջրամբարի վերին մասի պատվարի կամ դրան նմանվող կառույցի պատը, ջրահեռացման համակարգը գտնվում է դրա տակ:
- Եթե պատվարի վրա հանկարծ ճեղքվածք լիներ, մինչև վերջ ջուրը պետք է իջեցնեինք, չէինք էլ հասցնելու,- ասաց Հ.Եմիշյանը:- Իրականում այնտեղ պատվարի ճեղքվածք չէ, ջրահեռացման համակարգի մի հատվածի վրա է: Մենք առաջարկել ենք մի քիչ էլ իջեցնել ջրի մակարդակը, որ կարողանան դրա վրա աշխատանքներ իրականացնել: Եթե այդ ճաքը չվերացնեն, այդ կտորն ընդհանրապես շարքից դուրս գա' ջրամբարի մակարդակն իջնելու է մի քանի մետրով:
Ի պատասխան մեր հարցի' նորմա՞լ է արդյոք Մեծավանի ջրամբարի պատվարի վիճակը, վարչության պետն ասաց.
- Ըստ ստացված տեղեկատվության' իհարկե նորմալ է, եթե նորմալ չլիներ' 80-90% ջրով չէր լցվի: Պատվարը միայն մեր ենթակայության տակ չէ, նաև ջրային տնտեսության պետական կոմիտեն է վերահսկում, դա լուրջ խնդիր է: Եթե վտանգ լինի, բնական է, միանգամից կիջեցվի ջուրը: Այնուամենայնիվ մենք չենք գտնում, թե ջրահեռացման համակարգի վթարի հետևանքով առաջացած իրավիճակը լրիվ անվտանգ է: Մենք իրավիճակը նկարագրել, շտապ ուղարկել ենք տարածքային կառավարման նախարարություն, ջրային կոմիտեին խնդրել ենք ջրի մակարդակն արագ իջեցնել: Լավ է, որ գյուղապետը ժամանակին նկատել ու զանգել ասել է: Որովհետև եթե այսպես մնար, ջրի հոսքերն ավելանային, այդ պատը 1,5-2 մետր հատվածով փլվեր, ապա այդ 2 մետր տարբերությամբ ջրային հայելին հաշվեք, թե ինչքան ջուր կգար, էլի լուրջ խնդիրներ կունենայինք: Համենայն դեպս, առաջացած խնդրի լուծումը պետք է տրվի արագ:
Մեր զրուցակցի հավաստմամբ' Հայաստանում չկա որևէ ջրամբար, որի պատվարի տեխնիկական վիճակը մտահոգության տեղիք տա:
- Մեր ջրամբարների հիմնական մասը, որոնք խնդիրներ են ունեցել, գնացել են վերանորոգման,- ասաց նա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել