HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փշատավանցիները զայրացած են. հեռուստաընկերությունները, գյուղացու հոգսը թողած, կարմիր ու սեւ ներքնաշորերը ցուցադրելով են զբաղեցնում իրենց

Թուրքիայի սահմանից 100 մետր հեռավորության վրա գտնվող Արմավիրի մարզի Փշատավան գյուղի տղամարդիկ վերջին ամիսներին ամեն օր հավաքվում են գյուղի կենտրոնում եւ անհամբեր սպասում, թե երբ են պաշտոնյաները գյուղ այցելելու: Արդեն գիտեն, որ առաջիկայում ընտրություններ են եւ խոստումներ տվողների ու իրենց «հոգսերով ապրող» պաշտոնյաների պակաս չեն ունենա:

Փշատավանցիների հիմնական հավաքատեղին չգործող մշակույթի տան բակն է, որտեղ նարդի ու թղթախաղով են զբաղվում օրն անցկացնելու համար, քանի որ այլ զբաղմունք չունեն: Գյուղացիները չէին հիշում, թե իրենց մշակույթի տունը վերջին անգամ երբ է ծառայել իր նպատակին: Պատուհաններին ապակի չկար, եւ փողոցի շները հանգիստ ելումուտ էին անում շենք՝ «զմայլվելով» առաջին հարկի որմնանկարով, որն ըստ գյուղացիների՝ Արա Շիրազի ձեռքի աշխատանքն է: Մշակույթի տունը մարդաշատ է լինում միայն ընտրությունների ժամանակ, քանի որ այն ծառայում է որպես ընտրատեղամաս:

Գյուղացիներն իմանալով, որ լրագրող է եկել իրենց գյուղ, հավաքվեցին իրար գլխի եւ սկսեցին տարբեր հարցեր բարձրացնել: Նրանցից մեկն էլ հրահանգեց, որ գնամ մեկ շաբաթ նստեմ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց, որպեսզի իրենց բարձրացրած հարցերն անձամբ փոխանցեմ նախագահին:

«Շուտով ընտրություններ են լինելու, մեկին մեծամասնականով կառաջադրեն, կընտրվի ու գյուղի համար ոչ մի բան չի անի ու 4 տարի իր մասին կմոռանանք: Արդեն 5 տարի է մեր պատգամավոր Հրանտ Գրիգորյանի երեսը չենք տեսել»,- ասում էր Գեւորգ Գեւորգյանը:

Խոսելով իրենց դժվարություների մասին փշատավանցի Ազատ Բարոյանն ասում էր, որ իրենց գյուղացիներն աշխատող մարդիկ են, սակայն չարքաշ կյանքով են ապրում: Փշատավանում տարեկան արտադրվում է 4-5 հազար տոննա խաղող եւ մոտ 1000 տոննա էլ պտուղ:

«Ժամանակին, երբ վրացիները գյուղ էին մտնում, մեր խաղողը կիլոգրամը 1 դոլարով էինք վաճառում, որն անում էր՝ 500-580 դրամ, հիմա վրացիները չեն գալիս:  Իշխանությունները, եթե ցանկանան` գյուղը կզարգանա, բայց չեն ուզում: Մաքսայինն այնքան հարկեր է դրել, որ Հայաստանից ապրանք տանելը ձեռնտու չէ: Այդ ո՞նց է, Վրաստանի ամբողջ ցիտրուսը կարող է Հայաստանում վաճառվել, իսկ մեր խաղողը չեն կարող տանե՞լ»,- ասում է Ազատ Բարոյանը:

Ձմռան սեզոնին գյուղացիները վաճառելու բան չունեն, բացի սառնարաններում պահվող խաղողից, սակայն մթերող ընկերություններն օգտվելով գյուղացիների անելանելի վիճակից էժան գներով են նրանցից խաղողը գնում: Գեւորգ Գեւորգյանն ասում է, որ «Սպայկա» ընկերությունը Երեւանում նստած որոշում է, թե գյուղացին ինչ գնով պետք է խաղողը վաճառի: Ըստ նրա՝ ընկերության մի քանի բեռնատար ավտոմեքենաները գալիս են գյուղ եւ հայտարարում, թե  հաշվապահությունը որոշել է, որ սառնարանի խաղողը գյուղացիները պետք է վաճառեն 200-220 դրամով:

«Եթե մենք անցել ենք ազատ շուկայական հարաբերությունների, նրանք ի՞նչ իրավունքով են թելադրում գինը: Ես խաղող եմ արտադրում, բայց վարկերի տակ ճռռում եմ, չեմ կարողանում վարկերը տամ, որ կարողանամ տան համար գոնե աթոռ գնեմ: Տոննաներով սեխ ենք արտադրում, Բագրատաշենի տամոժնին արտահանելու համար 110 դրամ է վերցնում սեխի համար: Եթե մենք ստեղ 50-70 դրամ ենք վաճառում, ռուսը կամ վրացին կգա ստեղից սեղ կտանի՞: Գալստուկավորները Երեւանում նստած որոշում են, թե գյուղացիներն ինչ պիտի անեն»,- ավելացրեց Գ. Գեւորգյանը:

Գյուղացիները դժվարություներ ունեն նաեւ հողը մշակելու հարցում: Համայնքն ունի 460 հա վարելահող, որից 270 հա գտնվում է սահմանապահների կողմից հսկվող տարածքում, որտեղ գյուղացիները մտնում են անցագրերով: Տղամարդիկ դժգոհում էին, որ սահմանապահները հող մտնելու թույլտվություն տալիս են առավոտյան ժամը 9.30 եւ հատկապես բերքահավաքի սեզոնին մարդկանց կուտակումներ է լինում եւ մինչեւ հողամաս են հասնում շոգն ընկնում է:

Փշատավանցիներին զայրացնում էր նաեւ հեռուստաընկերությունների աշխատանքը, որտեղ գյուղացուն միայն ծաղրում են: Ազատ Բարոյանն ասում է, որ օրվա ընթացքում 30 րոպե չեն հատկացնում գյուղատնտեսական թեմաներով հաղորդումներ պատրաստելուն, սակայն առավոտից երեկո ցույց են տալիս երգիչ-երգչուհիներին:

«Մտնում են երգչուհիների տուն, ներքնաշորերն էլ են ցույց տալիս, նրանք էլ պատմում են, թե առավոտյան կարմիր գույնն են հագնում, երեկոյան՝ սեւ: Հետո էլ նստած գյուղացիներին ձեռք են առնում: Ամոթն էլ է լավ բան, հերիք է, էլի»,- ասում է Ա. Բարոյանը:

Սամվել Խաչատրյանն էլ վրդովված էր իշխանությունների անտարբերությունից, որ իրենցով հետաքրքրվողներ չկան: «Գյուղնախարարության ոչ մի ներկայացուցչի չենք տեսել գյուղում: Մեզ գյուղնախարարություն պետք չի: Գյուղնախարարը, որ «ժուլիկի» նման խոսում է, թե Արմավիրի մարզ եմ գնացել, հանդիպումներ եմ ունեցել, էդ որտե՞ղ ա եկել: Եկավ մարզպետարան, գնաց օբյեկտ հաց կերավ, գնաց, գյուղացին ինչի՞ց է խաբար: Կարո՞ղ ա եկավ ժողովրդին տեսավ, մեր դարդ ու ցավով ապրե՞ց»,-ավելացրեց Սամվել Խաչատրյանը:

Դրսում հավաքվածներն ասում էին, որ իրենց բողոքը հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաներին է ուղղված, իսկ համայնքապետից պահանջ չունեն: «Խեղճ գյուղապետն ի՞նչ անի: Փող կա՞, որ գործ անի»,-ասում էին բողոքավորները:

Փշատավանի համայնքապետ Ռաֆիկ Ստեփանյանը Հանրապետական կուսակցության անդամ է: Տեղեկանալով, որ գյուղացիները դժգոհում են իշխանություններից եւ իրենց տարածքից մեծամասնականով ընտրված պատգամավոր Հրանտ Գրիգորյանից, որը նույնպես ՀՀԿ անդամ է, անմիջապես անցավ պաշտպանության: Նա գյուղացիներին հորդորեց խիղճները չկորցնել:

«Սուտ են ասում: Էդ արդեն չեղավ, խիղճները թող չկորցնեն, չհասկացա: Մարզպետարանից շատ շատերն են եկել, մարզպետն էլ է եկել: Գյուղնախարար մեր մոտ եկել է մեկ անգամ, այն ժամանակ Գեղամ Ալավերդյանն էր: Պատգամավորի  հետ էլ միշտ կապի մեջ ենք, ինչ հարց լինի լուծող է: Շնորքով, համեստ, կիրթ անձնավորություն է, մեծատառով գրվող մարդ է Հրանտ Գրիգորյանը: Գյուղը գազիֆիկացնելու հարցով էլ է օգնել»,- հայտնեց Ռաֆիկ Ստեփանյանը եւ սկսեց թվարկել գյուղում արված աշխատանքները:

Անցյալ տարի պետբյուջեի միջոցներով եւ համայնքի համաֆինանսավորմամբ վերանորոգվել է ամբուլատորիայի շենքը, փոխվել է տանիքը: Որոշ փողոցներ խճապատվել են, մասնակիորեն փոխվել են խմելաջրի խողովակները: Այս ամենը նախատեսված է եղել գյուղի զարգացման քառամյա ծրագրով:

Փշատավանում խնդիրներն այսքանով չեն եզրափակվում: Գյուղը չունի մանկապարտեզ, թեեւ շենքը կա, սակայն համայնքապետի ասելով՝ «100% վթարային է»:  Մանկապարտեզի համար պետք է նոր շենք կառուցվի, իսկ մշակույթի տունը կապիտալ վերանորոգման կարիք ունի: Ռաֆիկ Ստեփանյանն ասում է, որ այնքան մեծ է ներդրվող գումարի չափը, որ իրենք նույնիսկ նախահաշիվ չեն կազմել: Գյուղի փողոցները լուսավորություն չունեն: Համայնքապետը որոշել է մոտակա օրերին լուսավորել գոնե կենտրոնական ճանապարհի մոտ 200 մետր հատվածը:

«Անցյալ տարի պետք է վերանորոգվեր Ջանֆիդա գյուղից մինչեւ մեր գյուղի կենտրոնական հատվածի ճանապարհը: Համաշխարհային բանկի ներկայացուցիչները տեղում չափագրումներ արեցին, սակայն հետո որոշվել է ներդրումներն այլ ծրագրում անել եւ ճանապարհը չվերանորոգվեց»,-ասաց համայնքապետը:

Ռաֆիկ Ստեփանյանը համամիտ չէր նաեւ գյուղացիների այն խոսքերին, թե երիտասարդները պարապ են գյուղում, զբաղմունք չունեն եւ անտեսված են:

«Ճիշտ է, գործարաններ չկան, աշխատատեղեր չկան, բայց երիտասարդներն ուշադրության կենտրոնում են: Շախմատի, թենիսի, բիլիարդի միջոցառումներ եմ իրականացնում, մրցումներ ենք անում: Եթե նորմալ մշակույթի տուն ունենայինք, ամիսը մեկ երգիչ կհրավիրեի գյուղում համերգ կտային»,- ավելացրեց համայնքապետը:

Նա անընդհատ փորձում էր ցույց տալ, որ գյուղում աշխատանք է կատարվում, ամեն ինչ անում է օրենքի սահմաններում եւ թափանցիկ: Սակայն նկատեցինք, որ համայնքապետարանի հայտարարությունների ցուցատախտակից բացակայում են «թափանցիկ» աշխատանքի համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ համայնքի ղեկավարի, ավագանու, 2011թ. բյուջեի կատարողականի, 2012թ. բյուջեի եւ պարտադիր հրապարակման ենթակա այլ իրավական ակտեր: Փոխարենը փակցված էր մարզպետի`համայնքապետին տրված պատվոգրի պատճենը 2009թ. համայնքի սեփական եկամուտների հավաքագրման բարձր մակարդակ ապահովելու համար:

«Մե րոպե, եթե հայտարարության ժամկետն անցնում է, նորն ենք փակցնում, հո չե՞նք թողի մինչեւ տարեվերջ մնա: Պատվոգրերից ինչի՞ ես խոսում, այդ ո՞ր տարին չենք ստացել: Փակցրել էինք կատարողականը, տարին վերջացավ հանեցինք»,- ասում է համայնքապետ Ռաֆիկ Ստեփանյանն ու անմիջապես խոսքը փոխում:

Փշատավանի ավագանին դեռեւս նոյեմբերի 22-ին հաստատել է 2012թ. համայնքապետարանի հաստիքացուցակը: Գյուղն ունի ընդամենը 2592 բնակիչ, սակայն համայնքապետարանի աշխատակազմում կան այնպիսի հաստիքներ, որ նույնիսկ քաղաքային համայնքներն իրենց թույլ չեն տալիս: Օրինակ, վիճակագրի հաստիքը, որի համար նախատեսված է 45.000 դրամ աշխատավարձ: Երբ Ռաֆիկ Ստեփանյանից հետաքրքրվեցինք, թե ինչ աշխատանք է կատարում վիճակագիրը, երբ աշխատակազմում կա համայնքապետի տեղակալ, աշխատակազմի քարտուղար, գլխավոր եւ առաջատար, առաջին եւ երկրորդ կարգի մասնագետներ, համայնքային սպասարկող եւ այլն, համայնքապետը զարմացավ. «Վա~յ, ամբողջ տվյալները վիճակագրի ձեռքի տակով է անցնում: Հաշվապահը ֆինանսական մասով է, վիճակագիրը` տվյալների, ասենք՝ կենդանիների հաշվառումը եւ այլն: Այնքան գրություններ է գալիս, որ մեկ հոգի տրամադրես չի հասցնի պատասխանի»:

Ռաֆիկ Ստեփանյանն ասաց, որ թեեւ այս տարվա հաստիքացուցակով վիճակագրի հաստիք նախատեսված է, սակայն այս պահին աշխատող չկա եւ մարդ կընդունի աշխատանքի «եթե անհրաժեշտություն լինի»: Նախկին վիճակագիրն այժմ աշխատում է դպրոցի նախակրթական բաժնում: Թե ինչու է առանց աշխատողի հաստիք սահմանվել, ավելին՝ համայնքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի ամսական հաշվարկում էլ ներառվել վիճակագրի ամսական 45.000 դրամ աշխատավարձը, անհասկանալի է:

«Լավատես լինենք եւ պետության, եւ համայնքապետերի նկատմամբ»,- վերջում հորդորեց համայնքապետ Ստեփանյանը:

Մեկնաբանություններ (2)

Վան
Ես այդ գյուղը լավ գիտեմ, գյուղապետին էլ, գյուղն իրոք շատ վատ վիճակում է, իսկ գյուղապետը վախից է էդպիսի բաներ ասում... անցագիր չեմ կարողանում ստանալ, որ անգամ գնամ իմ սեփական այգու բերքը հավաքեմ, ստիպված բարեկամներիս եմ խնդրում դա անել, էնպես որ......
Naira Nalbandyan
Cavum em amen angam im harazat gyuxi bnakichneri tanjvac u djgoh demqer@ tesneluc.... Ev vorqan karox en ays mardik dimanal, ov e porcum nranc hamberutyun@? Es ays gyuxi bnakich em stacel em texi dproci krtutyun@, ev ayd dproci krtutyamb shat hesht hartele im karerian mec qaxaqum. Isk inchu es cankutyun chunem im krtutyamb gal u im harazat gyuxum aprel u ashxatel, miayn amen im nor hajoxutyan hamar mtqums shnorhakalutyun haytnel dprocis, mankavarjnerin, u im parz u maqur mankutyan@. Paron hamaynqapt eduq iravaci eq lavates petq e linel, bayc qo hamaynqi bnakchutyun@ iravaci e. Kangnir nranc koxqin u payqarir nranc hogseri hamar Miayn miasnutyamb ays harc@ lucum kstana..... Gyuxum iroq ameninch shat vat e. es huysov em pashtonyaner@ kkardan ays hodvac@ ev lucum ktan.....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter