
ՊԵԿ-ի քննիչը վարում է չմաքսազերծված «Lexus». ով կարող է նրան կանգնեցնել օրենքը խախտելու համար
Նկարում պատկերված շքեղ ավտոմեքենան ՊԵԿ-ի քննչական վարչության քննիչ Ռաֆայել Մկրտչյանի կողմից վարելուց առաջին անգամ տեսել եմ 2011թ. դեկտեմբերի 30-ին` վերաքննիչ քրեական դատարանի բակում:
Չմաքսազերծված, տարանցիկ համարանիշներով ջիպը «Lexus» մակնիշի է: Ավտոմեքենայի գինը 30-40 հազար ԱՄՆ դոլար է:
Հաջորդ անգամ քննիչ Ռաֆայել Մկրտչյանը վերաքննիչ քրեական դատարան էր եկել նույն չմաքսազերծած մեքենայով` 2012թ. հունվարի10-ին:
Վերաքննիչ քրեական դատարանում լսվում էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կալանքի որոշման դեմ Նարեկ Հարությունյանի կողմից բերված բողոքը: Քննիչի մեքենայով դատարան էր եկել նաեւ քրեական գործով հսկող դատախազ Բագրատ Պետրոսյանը:
![]() |
![]() |
Մտածեցի, որ ամանորյա տոներն են ընկել արանքը եւ ՊԵԿ-ի քննիչը չի հասցրել մաքսազերծել «Lexus»-ը:
Երեկ` հունվարի 19-ին, Երեւանի կենտրոնում՝ գլխավոր դատախազության և ՊԵԿ-ի քննչականի հարեւանությամբ, ավտոկայանատեղիում նորից տեսա քննիչ Ռաֆայել Մկրտչյանի «Lexus»-ը: Ավտոմեքենան դեռևս մաքսազերծված չէր. տարանցիկ համարանիշերով էր:
Միանշանակ էր, որ քննիչը պարզապես օրենքի խախտումով, առանց մաքսազերծելու շքեղ ավտոմեքենա է վարում: Իսկ դա նշանակում է, որ Պետեկամուտների կոմիտեի քննիչը, ով իր վարույթում ունի հարկեր չվճարելու հետ կապված բազմաթիվ գործեր, ինքն է խուսափում հարկեր վճարելուց:
Իհարկե, հարցս նախ ուղղված է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին: Ո՞վ կարող է պետեկամուտների աշխատակցին ստիպել, ասել, որ ուրիշներից հարկեր պահանջելուց առաջ, նախ ինքդ պետք է վճարես քո հարկերը: Բայց քննիչ Ռաֆայել Մկրտչյանը, հավանաբար, ՊԵԿ-ի անձեռնմխելի կադրերից է: Թե ինչու է այդպես, հուսով եմ՝ հրապարակումից հետո Գագիկ Խաչատրյանը կպատասխանի:
![]() |
![]() |
Պետեկամուտների կոմիտեում «Հետքի» աղբյուրը տեղեկացրեց, որ Ռաֆայել Մկրտչյանը տարվա ընթացքում նման դասի մի քանի ավտոմեքենաներ է փոխում: 2011թ. դեկտեմբերի առաջին կեսին նա վարում էր «ML 350» մակնիշի 24LL304 պետհամարանիշի մեկ այլ ջիպ: Փաստորեն, նա «մեքենայի գործ» է անում:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ մեքենաները բերվում են Միացյալ Նահանգներից: Իսկ ամենաուշագրավը, իհարկե, «Lexus»-ի 1976 -IU համարանիշն է: Որքան էլ զարմանալի թվա, չնայած «գոլդ» համարանիշ չէ, սակայն «1976»-ը քննիչ Ռաֆայել Մկրտչյանի համար ավելին է`այն նրա ծննդյան տարեթիվն է:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել