Երևանի քաղաքապետը շրջայց է կատարել Նուբարաշենում
Շրջայցից հետո քաղաքապետը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ներկայացնելով մայրաքաղաքի արդյունավետ կառավարման հարցում իր մոտեցումները՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատանքը պետք է լինի համակարգված:
«Մենք պարբերաբար շրջայցեր կունենանք բոլոր վարչական շրջաններում, կլսենք մեր գործընկերների կարծիքները, որպեսզի ամբողջ Երևանում ունենանք միասնական աշխատաոճ»,- նշել է քաղաքապետը:
«Երևանը պետք է գրավիչ և հարմարավետ լինի յուրաքանչյուր բնակչի համար, այսինքն` պետք է ապահովվեն կենցաղային տարրական պայմանները»,- ընդգծել է քաղաքապետը՝ ավելացնելով, որ մայրաքաղաքի ծայրամասային վարչական շրջանները ևս զարգացման ծրագրերից անմասն չպետք է մնան:
«Ճիշտ է՝ Նուբարաշենը քաղաքից կտրված է, բայց քաղաքի մի մասն է և այն, ինչ կատարվում է մայրաքաղաքում, պետք է իր անդրադարձն ունենա նաև Նուբարաշենում»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Փաստացի 6000 բնակչություն ունեցող Նուբարաշեն վարչական շրջանում կուտակված խնդիրները նկատելի են` ցածր է աղբահանության վճարների հավաքագրման ցուցանիշը, վերանորոգման կարիք ունեն բազմաբնակարան շենքերի տանիքներն ու շքամուտքերը, բարեկարգման անհրաժեշտություն կա բակային տարածքներում:
Ծանոթանալով հիմնախնդիրներին՝ քաղաքապետը հանձնարարել է գույքագրել դրանք և գտնել ու առաջարկել լուծման հնարավոր տարբերակներ. «Փոքր վարչական շրջան լինելն ինչ-որ տեղ նաև առավելություն է՝ խնդիրների գույքագրման և լուծման առումով»,- քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նկատել է Կարեն Կարապետյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել