Մեկնարկել է Հադրութի խմելու ջրի համակարգի ներքին ցանցի կառուցումը
Հեռուստամարաթոն 2011-ի «Ջուր պարգեւիր, կյանք նվիրիր» կարգախոսի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախում մեկնարկել է Հադրութ քաղաքի խմելու ջրի ներքին ցանցի կառուցման ծրագիրը:
Ծրագիրը համաֆինանսավորում են Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմինը` ի դեմս լոսանջելեսաբնակ բարերարներ տեր եւ տիկին Ջերարդ եւ Փաթրիշիա Թրփանջյանների եւ ԼՂՀ կառավարությունը:
2008-ին Հիմնադրամի կառուցած Արջաղբյուր-Հադրութ 22 կմ երկարությամբ ջրագծի շնորհիվ խմելու ջուրը հասնում է շրջկենտրոն:
«Ներքին ցանցի կառուցումը կամբողջացնի ծրագիրը` ջուրը հասցնելով սպառողին»,- ասում է ԼՂՀ Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Էդիկ Դավթյանը:
Կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են: Ծրագրով նախատեսվում է կառուցել շուրջ 33 կմ երկարություն ունեցող ներքին ցանց, պոմպակայան եւ 2 ջրամբար, վերանորոգել 1970-ականներին կառուցված խորքային հորը, ջրավազաններն ու քյարիզները:
«Խորին շնորհակալություն ենք հայտնում տեր եւ տիկին Թրփանջյաններին իրենց առատաձեռն նվիրատվության համար, որը հնարավորություն կտա խմելու ջուր մատակարարել շուրջ 3200 բնակիչ ունեցող քաղաքին: Այս առիթով հարկ եմ համարում երախտագիտության խոսքեր հայտնել նաեւ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ պարոն Ալբերտ Բոյաջյանին, ում շնորհիվ ծրագիրն այսօր կյանքի է կոչվում»,- նշում է Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի Տնօրենների խորհրդի նախագահ Արա Ագիշյանը:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի թիվ 11 ավագ դպրոցը, որն առանձնանում է իր գրավիչ ճարտարապետական լուծումներով եւ ժամանակակից հարդարանքով, 2010-ին եւս կյանքի կոչվեց Թրփանջյան ընտանիքի հովանավորությամբ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել