
Օրերս կշահագործվի Ալավերդու բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքը
Ալավերդու բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքը, որի վերանորոգումը սկսվել էր 2008թ. սեպտեմբերի 1-ին և ավարտվել է 2011թ. հունիսին, առաջիկա օրերին կշահագործվի: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը:
Հիշեցնենք, որ մասնաշենքի վերանորոգումը կատարվել է սոցներդրումների հիմնադրամի հատկացրած մոտ 200 մլն դրամով: Ստեփան Մոսինյանն ասաց, որ մեկ ամիս առաջ սկսվել է հիվանդանոցի բաժանմունքների կահավորումը` սկսած բուժսարքավորումներից, ավարտած կահույքով:
«Հիվանդասենյակները կահավորվել են լիովին նոր գույքով, իսկ բուժսարքավորումներն ամբողջությամբ արդիական են»,- ասաց Ստեփան Մոսինյանը եւ հավելեց, որ, այնուամենայնիվ, կահավորման գործում դեռևս չեն լուծվել որոշ տեխնիկական հարցեր:
![]() |
![]() |
«Հետքի» հարցին, թե ում կողմից և որքան ֆինանսական միջոցներ է ներդրվել հիվանդանոցի կահավորման համար, Ստեփան Մոսինյանը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ դեռևս տեղյակ չեմ ծախսված գումարների չափից, սակայն կարող եմ ասել, որ հիվանդանոցը կահավորվում է առողջապահության նախարարության ԾԻԳ-ի կողմից: Ներկա պահին մենք ընդամենը ստացել ենք տրված գույքի անվանումն ու քանակը, բայց գումարային տեսքով որևէ թիվ չենք ստացել»:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից հիվանդանոցին տրամադրվել են սեղաններ, աթոռներ, մահճակալներ, շիրմաներ, պահարաններ, սառնարաներ:
«Բոլոր հիվանդասենյակներն ապահովված կլինեն սառնարաններով: Հիվանդասենյակների մահճակալների սպիտակեղենն ու շերտավարագույրները ձեռք է բերվել սեփական միջոցներով»,- տեղեկացրեց Ստեփան Մոսինյանը:
Բժշկական սարքավորումներից հիվանդանոցին հատկացվել է վիրահատական նոր գործիքներ՝ աթոռներ, ֆունկցիոնալ մահճակալներ, պատգարակներ և անհրաժեշտ այլ սարքավորումներ: Հիվանդանոցի հիմնանորոգված մասնաշենքում օրեր անց կսկսեն աշխատել ընդհանուր վիրաբուժական, թերապեւտիկ բաժանմունքները, ռեանիմացիոն բլոկը, մանկական բաժանմունքը, լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը, անհետաձգելի բուժսպասարկման աշխատասենյակը:
![]() |
![]() |
Տնօրենն ասաց, որ ներկա պահին Ալավերդու մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը չի կարող տեղափոխվել վերանորոգված մասնաշենք, քանի որ այն իր չափորոշիչներով չի համապատասխանում վերանորոգված հիվանդանոցի պայմաններին եւ նախագծով բաժանմունքի տեղափոխումը նախատեսված չէ: Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմուքի արդականացման խնդիրը կլուծվի բժշկական կենտրոնի գլխավոր մասնաշենքի վերանորոգումից հետո, որի համար անհրաժեշտ շուրջ 350 մլն դրամից սոցներդրումների հիմնադրամն այս տարի հատկացրել է 130 մլն դրամ:
«Մնացած գումարների ներդրումները, հուսով ենք՝ կկատարվի առողջապահության նախարարության կողմից: Գլխավոր մասնաշենքի վերանորոգումը կսկսվի 2012թ. ընթացքում»,- ասաց տնօրենը:
Ալավերդու Շահումյան թաղամասի ծննդատան անհրապույր և հակասանիտարական վիճայում գտնվող շենքում ներկայումս բուժվում է 45 հիվանդ: Թե հիվանդանոցի վերանորոգված մասնաշենք բաժանմունքն այս տարվա ընթացքում կոնկրետ ե՞րբ կտեղափոխվի, Ստեփան Մոսինյանը չգիտի: Նա ասում է, որ այդ հարցը որոշելու են Լոռու մարզպետն ու առողջապահության նախարարը:
Մեկնաբանել