HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կամփոփվի անկախ Հայաստանի առաջին 20 տարին. Ազգային կինոյի մրցանկաբաշխություն

Մարտի 18-ին Երեւանում հայկական կինոպատմության մեջ առաջին անգամ կանցկացվի Ազգային կինոյի մրցանկաբաշխություն:Արդեն պատրաստ է մրցանակաբշության լավագույններին շնորհվող պատվավոր արձանիկը:

Երկու ձեռքերի ցուցամատերի եւ բթամատերի միացությունը պատկերող 42 սմ բարձրությամբ արձանիկի պատվանդանը մարմարից է, իսկ ձեռքերի միացությունը`  բրոնզից՝ էմալապատված եւ ոսկեջրված: Երկու ձեռքերի այս միացությունը երկար ժամանակ  կինոաշխարհում օգտագործվել է որպես միջոց` պատկեր փնտրելու համար: Այն ռուսերենում կոչվում է «Визир»,  իսկ հայերենում` հայակ, ըստ այդմ էլ մրցանակը անվանվել է «ՀԱՅԱԿ»:

Նշենք, որ արձանի հեղինակը Իզաբելլա Ներսիսյանը ոչ ճարտարապետ է, ոչ դիզայներ, ոչ քանդակագործ եւ ոչ էլ նկարչուհի: Նա դերասանուհի է: Բայց նախապես հայտարարված մրցանակի մրցույթին ներկայացված բազմաթիվ նախագծերից հենց նրա աշխատանքն է հավանության արժանացել խորհրդի եւ ժյուրիի կողմից:

Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի, «Orange Արմենիա» ընկերության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ստեղծված Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական բաց մրցույթ է: Այն միտված է խթանելու եւ զարգացնելու ազգային կինոարտադրությանը, նոր անունների բացահայտմանը, հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելուն, երկրի կինոգործիչներին համախմբելուն, կինոարտադրության նոր նախագծերին օժանդակելուն, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելուն:

Յուրաքանչյուր տարի Ազգային կինոյի մրցանակաբաշխության ժամանակ ժյուրին կգնահատի նախորդ տարվա ընթացքում նկարահանված ֆիլմերը: Բացառություն կկազմի միայն առաջին մրցանակաբաշխությունը, որը կամփոփի անկախ Հայաստանի առաջին 20 տարիների կինոարտադրանքը:

Մրցանակաբաշխության կանոնակարգի համաձայն` առաջին մրցանակաբաշխությանը մասնակցում են  միայն Հայաստանում` 1991-2011 թթ. ընկած ժամանակահատվածում արտադրված ֆիլմերը: Արդեն հաջորդ տարիներին կինոմրցանակաբաշխությանը կարող են մասնակցել ոչ միայն ՀՀ-ում արտադրված, այլ նաև արտերկրում հայկական թեմաներով եւ հայ ռեժիսորների կողմից նկարահանված ֆիլմեր:

Ընդհանուր առմամաբ, մրցանակաբաշխությանը ներկայացվել է 92 ֆիլմ, այդ թվում` 28 լիամետրաժ, 22 կարճամետրաժ, 10 անիմացիոն եւ 32 վավերագրական:

Մրցանակաբաշխության`կինոյի եւ մշակույթի անվանի գործիչներից կազմված ժյուրին Ազգային կինոյի մրցանակը կշնորհի երկու քվեարկության արդյունքում: Առաջին փուլում յուրաքանչյուր անվանակարգի համար ժյուրիի կողմից կընտրվեն 2-3 ֆիլմեր: Երկրորդ փուլում կորոշվեն մրցանակակիրները: Ազգային կինոյի մրցանակաբաշխության մրցանակները կշնորհվեն 12 անվանակարգերում, այդ թվում` լավագույն գեղարվեստական ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն օպերատոր, լավագույն սցենարի հեղինակ, լավագույն նկարիչ, լավագույն կոմպոզիտոր, լավագույն դերասանուհի, լավագույն դերասան, լավագույն կարճամետրաժ ֆիլմ, լավագույն վավերագրական ֆիլմ, լավագույն անիմացիոն ֆիլմ, լավագույն դեբյուտ:  Նշյալ անվանակարգերից յուրաքանչյուրի համար համատասխանաբար ներկայացված են` 19, 18, 14,  20, 9,  18,  10,  20,  18, 31, 10, 11-ական ֆիլմերի հայտեր: Բացի հիմնական անվանակարգերից, կշնորհվի նաեւ չորս հատուկ մրցանակ` հայկական կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Մրցանակաբաշխության ժյուրին կազմված է 11 անդամից: Յուրաքանչյուր անվանակարգին վերաբերող որոշումը կընդունվի ձայների պարզ մեծամասնությամբ: Քվերակությունը գաղտնի է: Ժյուրիի նախագահը կողմ եւ դեմ հավասար ձայների դեպքում վճռական ձայնի իրավունք ունի: Կանոնակարգի համաձայն, եթե ժյուրիի որեւէ անդամ մասնակցություն է ունեցել մրցույթին ներկայացված ֆիլմերից որեւէ մեկի ստեղծմանը, ապա իրավունք չունի քվեարկելու տվյալ անվանակարգի համար: Բոլոր մրցանակակիրները կստանան մրցանակ եւ դիպլոմ:

Հայաստանի ազգային կինոկենտռոնի մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter