ԲՀԿ-ից ՀՀԿ. «առնետավա՞զք»
2011թ. հոկտեմբերի 16-ին Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում համայնքապետ է ընտրվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մաքսային տեսուչ Մխիթար Պետրոսյանը: Նրան աջակցում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, մասնավորապես՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը:
Մխիթար Պետրոսյանի հաղթանակը ԲՀԿ-ին այնքան էր ոգեւերել, որ ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո Տանձուտում հրավառություն էր կազմակերպվել:
ԲՀԿ-ական համայնքապետն արդեն հասցրել է փոխել կուսակցությունը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամատոմսը վայր դնելով՝ անդամագրվել է ՀՀԿ-ին: Թեեւ Մխիթար Պետրոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ-ից դուրս է եկել ընտրություններից դեռեւս երկու ամիս առաջ, սակայն գյուղացիները պնդում են, որ համայնքապետը վերջերս է դուրս եկել եւ անմիջապես անդամագրվել ՀՀԿ-ին:
Դա է վկայում նաեւ Մխիթար Պետրոսյանի ընտրություններից հետո վարած կադրային քաղաքականությունը: ԲՀԿ անդամ եղած ժամանակ նա աշխատանքից ազատել է մի քանի ՀՀԿ-ական համայնքապետարանի աշխատակիցների:
«Այստեղ կուսակցական խնդիր չի եղել, եղել է ժողովրդի միասնությունը: Կադրային փոփոխություններ ես չէ, որ պետք է անեմ: Ունենք մարդիկ՝ դիմում են գրել, ազատվել են. երեւի չեն ուզել իմ հետ աշխատել»,- ասում է Մ. Պետրոսյանը:
Մեր աղբյուրների պնդմամբ՝ չի բացառվում, որ առաջիկայում նման «գործընթաց» սկսվի նաեւ այլ համայնքներում, քանի որ այս ամենի հետեւում կանգնած է ՀՀԿ-ի Արմավիրի մարզային խորհրդի նախագահ, մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել