
Անահիտ Բախշյանը՝ սոցապ նախարարին
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է գրել Աշխատանքի և սոցիալական հարցերի ապահովության նախարար Արթուր Գրիգորյանին: Նամակում մասնավորապես ասված է.
«Հարգելի պարոն Գրիգորյան,
Սույն թվականի հունվարի 12-ի «Հետք» լրատվական կայքէջում տեղադրված էր նախարարության պատասխանը մանկատան շրջանավարտների օթևանի վերաբերյալ:
Այնտեղ նշված էր, որ 2011 թվականի ընթացքում մանկատան շրջանավարտներին Գյումրիում տրամադրվել է 6 և Մարալիկում` 12 բնակարան: Նախատեսվել է Լոռու մարզի մանկատան շրջանավարտներին բնակմակերես տրամադրել Սպիտակ և Ստեփանավան քաղաքների բազմաբնակարան շենքերում:
Խնդրում եմ ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն 10-օրյա ժամկետում տեղեկացնել, թե.
1. Գյումրիում տրամադրված 6 և Մարալիկում 12 բնակարան ստացած անձանց ցուցակները` ստույգ հասցեներով:
2. Մարալիկում ե՞րբ է բնակարան ստանալու Ձեզ բազմիցս դիմած Կարեն Միրզոյանը, որը լինելով հաշմանդամ՝ տարիներ շարունակ ապրում է անմարդկային պայմաններում:
3. Հոդվածում նշված 60 քաղաքացիներից այն 46-ի ցուցակը, ովքեր Սպիտակ և Ստեփանավան քաղաքների բազմաբնակարան շենքերում հրաժարվել են բնակմակերեսից ու այն 13 հոգու ցուցակը, ովքեր նախընտրել են ստանալ առանձին բնակարան` նշելով նրանց ընտանեկան կարգավիճակն ու ընտանիքի անձերի թիվը:
4. Բնակարանի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակարանների հերթացուցակի մասին հոդվածում նշված է 200 հոգի, այնինչ նախարարի ստորագրությամբ 30.10.2011թ. տրամադրած ցուցակում նշված է 111 հոգի, որոնք օրենքով պետք է ստանային արտահերթ: Իսկ «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շահառուների ցուցակում 210 հոգի են ցուցակագրված: Ստացվում է ընդամենը 322 շահառու: Ինչո՞վ կբացատրեք թվերի ներկայացված տարբերությունը»:
Մեկնաբանել