Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին։ Հանդիպման ընթացքում քաղաքապետը կարևորել է երկկողմ կապերի զարգացումն ու ընդլայնումը տարբեր ոլորտներում։
Նա դեսպանի խնդրանքով ներկայացրել է մայրաքաղաքի զարգացմանն ուղղված ծրագրերն ու այն հիմնական ուղղությունները, որոնք այսօր առաջնային են քաղաքային տնտեսության զարգացման, Երևան առավել բարեկարգ, հարմարավետ ու գրավիչ դարձնելու ուղղությամբ:
«Շատ կարևոր է Ձեր և Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի աջակցությունը քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման, փորձագիտական խորհրդատվության և ընդհանրապես բոլոր այն հարցերում, որոնք կնպաստեն մեր քաղաքի զարգացմանը»,- նշել է Տարոն Մարգարյանը։
Դեսպան Հեֆֆերնը իր հերթին պատրաստակամություն է հայտնել օժանդակել Միացյալ Նահանգների տարբեր քաղաքների և Երևանի միջև կապերի սերտացման և կոնկրետ ծրագրերի իրականացման հարցում։ Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել