Այս խողովակները դեռ շատ ջուր կվերցնեն
Արսեն Գրիգորյան
Ի՞նչ է կատարվում Արմավիրում
«Արմավիր» հասարակական կազմակերպության (առայժմ դեռ չգրանցված) նախաձեռնող խումբը 2005թ. հունիսին հայտարարեց Արմավիր քաղաքում «Լեգենդա» ՍՊԸ-ի կատարած չարաշահումների մասին (Արմավիրի քաղաքապետը մեղադրվում է յուրացման մեջ): Դրանք, ըստ նշված խմբի, կատարվել են Արմավիրի խմելու ջրամատակարարման ցանցի վերանորոգման եւ կառուցման ընթացքում: Միաժամանակ նշվում էր խմելու ջրի անորակ լինելու եւ այն մասին, որ «Լեգենդա» ՍՊԸ-ի փաստացի տերը Արմավիրի քաղաքապետ Ռուբիկ Խլղաթյանն է:
«Լեգենդա» ՍՊԸ-ն քննադատվում կամ մեղադրվում էր հիմնականում նրա համար, որ Արմավիրի ջրամատակարարման համակարգում մոտ 400 մլն դրամի նախահաշվարկային արժեքով շինմոնտաժային աշխատանքներ կատարելով' հին ջրագծերը փոխարինել է օգտագործված, սանիտարական եւ տեխնիկական նորմերին չհամապատասխանող խողովակներով: Ըստ այդմ, կասկածելի տեղերից ձեռք բերված հիշյալ խողովակները մոտ 1 տարի շահագործվում են, եւ բնակչությունը ստանում է պղտոր եւ տհաճ համով ջուր:
Ըստ «Արմավիր» ՀԿ-ի' իբրեւ թե նոր այդ խողովակները, չնայած փոխարինմանը հաջորդած կարճ ժամանակահատվածին, արդեն հասցրել են վթարի ենթարկվել: Վթարները տեղի են ունեցել մասնավորապես æիվանու փողոցի 7-րդ շենքի 2-րդ մուտքի, 9-րդ շենքի 2-րդ մուտքի, 15-րդ շենքի 4-րդ մուտքի, 19-րդ շենքի 2-րդ մուտքի, Սայաթ-Նովա փողոցի թիվ 120 շենքի 2-րդ մուտքի եւ Չարենց-Մյասնիկյան փողոցների խաչմերուկի հարեւանությամբ գտնվող բնակելի շենքի 2-րդ մուտքի դիմացի հատվածներում:
Բարձրացված խնդիրը դարձել է չափազանց նուրբ եւ առավել մեծ հասարակական հնչեղություն ունի, քանզի «Լեգենդա» ՍՊԸ-ն հիշյալ աշխատանքներն իրականացրել է Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանի սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն աջակցելու նպատակով մեր երկրին հատկացված վարկային միջոցների հաշվին: Այս գործում ներգրավված են նաեւ «FICHTNER» նախագծային կազմակերպությունը եւ «Նոր Ակունք» ՓԲԸ-ն: Ու թեեւ պաշտոնապես արձանագրվել է, որ «Լեգենդա» ՍՊԸ-ի որակավորման տվյալները չեն համապատասխանում մրցույթի պահանջներին, մասնավորապես՝ առկա է համապատասխան մասնագիտական փորձի պակաս, նշված ընկերությունը «Նոր Ակունք» ՓԲԸ-ի կազմակերպած մրցույթում հանձնաժողովի կողմից ճանաչվել է «Արմավիր քաղաքում օղակաձեւ խողովակաշարի կառուցում» աշխատանքների գծով մրցույթի հաղթող:
Մամուլի հրապարակումներից հետո Արմավիրի մարզի դատախազությունում նախապատրաստվել են նյութեր՝ Արմավիր քաղաքի ջրամատակարարման համակարգի մոնտաժման ժամանակ տեղ գտած խախտումների կապակցությամբ: Մարզի դատախազի տեղակալ Ռ. Դանիելյանը 2005թ. հունիսի 15-ին որոշում է կայացրել դատաապրանքագիտական, մետաղագիտական եւ շինարարական համալիր փորձաքննություն նշանակելու մասին, իսկ փորձաքննությունը հանձնարարել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը: Փորձաքննությունը սկսվել է 2005թ. հունիսի 24-ին, սակայն, որքան էլ զարմանալի է, կատարվել են շինարարատեխնիկական, քիմիական եւ սննդային փորձաքննություններ: Ճիշտ է, դրանք նույնպես անհրաժեշտ են, բայց, ինչպես նկատելի է, Արմավիրի մարզի դատախազի տեղակալի որոշման մեջ նշված մետաղագիտական եւ դատաապրանքագիտական փորձաքննությունները չեն իրականացվել:
«Առավոտ» օրաթերթի ս/թ հունիսի 11-ի համարում հրապարակված «Արմավիրում ջուրը պղտոր է» հոդվածում նշված փաստերի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հետագա պատրաստումը 2005թ. հունիսի 29-ի դրությամբ իրականացվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի բաժնում: Հետագայում՝ արդեն հուլիսին, մինչ այդ նախապատրաստված ու նախապատրաստվող բոլոր նյութերը միացվել են ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ համակարգի առանձին ղեկավար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու դեպքի առիթով հարուցված թիվ 62205704 քրեական գործին, որն ավելի վաղ է հարուցվել:
Ի՞նչ է պարզել փորձաքննությունը: Մինչ դրա արդյունքներին եւ հետագա զարգացումներին անդրադառնալը, նշենք մի կարեւոր փաստի մասին: Գործով դատախազություն հայտարարություն ներկայացնողը' «Արմավիր» ՀԿ-ն, նախաքննական մարմնին առաջարկել է փորձաքննության կատարման նպատակով խողովակների նմուշներ վերցնել նաեւ խողովակաշարի վթարի ենթարկված հատվածներից, որոնց հասցեները վերը նշեցինք: «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ գլխավոր դատախազությունից 2005թ. օգոստոսի 17-ին այդ կապակցությամբ համապատասխան գրություն է ստացել, իսկ օգոստոսի 31-ին պատասխան գրությամբ փորձաքննության նախաձեռնողին հայտնել է, որ խողովակաշարի հետազոտելի փորձանմուշներ են վերցվել Արմավիր քաղաքի խմելու ջրագծի տարբեր տեղամասերից, որոնք իրենց մեջ ընդգրկում են գրության մեջ նշված, առաջարկված վերոհիշյալ հասցեները: Սակայն պաշտոնական այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: 04.08.2005թ. փորձաքննությանը տրամադրված խողովակների նմուշներից (8 փաթեթ) եւ ոչ մեկը վթարի ենթարկված վերոհիշյալ հատվածներից (հասցեներից) չի վերցված: Ինչու՞... Գուցե նպատակը ճշմարտության բացահայտումից խուսափե՞լն է եղել:
Անդրադառնանք փորձաքննության արդյունքներին: Այնուամենայնիվ, պարզվել եւ այդ փաստաթղթում արձանագրվել է, որ Արմավիր քաղաքի æիվանու փողոցի թիվ 11 շենքի 1-ին մուտքի դիմացով անցնող խովովակաշարերի 2004թ. նորով փոխարինված 150մմ եւ 100մմ տրամաչափի խողովակները ինչպես արտաքին, այնպես էլ ներքին մակերեւույթներով ենթարկված են տեղային բնույթի խորը կոռոզիայի (քայքայման): Դրանց հետագա շահագործումը տնտեսապես շահավետ չէ, քանի որ նման պայմաններում հաճախակի վթարներն անխուսափելի են, պետք է կատարել նշված հատվածով անցնող խողովակների փոխարինում: Եթե նկատի ունենանք, որ խոսքը ընդամենը 2004թ. իբրեւ թե նորով փոխարինված խողովակների մասին է, ապա մեկնաբանություններն ավելորդ են: Յոթ հոգանոց փորձագիտական հանձնաժողովի անդամներից 3-ի բացատրությունները հակասական են: Խիստ անհամոզիչ այդ բացատրության համաձայն' ելնելով նրանից, որ հիշյալ խողովակների ներքին մակերեւույթների քայքայվածությունը եւ դրանցում առկա շերտանստվածքները նույնանման են ամբողջ խողովակաշարից վերցված նմուշների քայքայվածությանը եւ շերտանստվածքներին, իսկ խողովակների արտաքին մակերեւույթների քայքայվածության աստիճանը, արտաքին տեսքն ու բնույթը տարբերվում են խողովակաշարից վերցված մյուս նմուշների արտաքին մակերեւույթների համապատասխան հատկանիշներից, փորձագետները եզրակացրել են, որ դրանք կարող էին առաջանալ խողովակների արտաքին մակերեւույթներին ստեղծված պոտենցիալների տարբերության հետեւանքով տեղի ունեցած էլեկտրաքայքայման կամ այլ արտաքին գործոնների ազդեցության արդյունքում:
Սակայն միանգամից ասենք, որ վերը բերված եզրակացությունը քննության չի դիմանում: Նախաձեռնող խմբի անդամներից մեկը 07.10.2005թ. իր առարկություններն է ներկայացրել փորձագետների եզրակացության վերաբերյալ: Ըստ այդ առարկությունների' «փորձագետները տեղակայման խրամուղիների եւ խողովակների քայքայման պատճառ են ներկայացրել էլեկտրոկորոզիայի երեւույթը: Մինչդեռ, մասնագետների կարծիքով, ջրագծերն էլեկտրոկորոզիայի չեն ենթարկվում, ավելին' տվյալ պարագայում էլեկտրոկորոզիայի համար որեւէ նպաստավոր պայման չկա. քաղաքում տրամվայ չի աշխատում, երկաթգիծն անցնում է Արմավիրի արվարձաններով, խողովակները պատված են մեկուսիչ շերտով, թափառող հոսանքները ջրագծերի շրջակայքում բացակայում են»:
Խողովակների հիշյալ վիճակը այլ արտաքին գործոնների ազդեցության արդյունք էլ չի կարող լինել, եւ ահա թե ինչու. նույն փորձագետները նույն եզրակացության մեջ նշել են, որ ջրագծերի կառուցման ընթացքում պահպանվել են խողովակաշարերի պաշտպանության համար «Շինարարական կլիմայաբանություն եւ երկրաֆիզիկա», «æրամատակարարման արտաքին գծեր եւ կառույցներ», «Շինարարական կոնստրուկցիաների եւ կառույցների պաշտպանությունը կոռոզիայից», «Հողային կառուցվածքներ, հիմնատակեր եւ հիմքեր» նորմատիվ ակտերով սահմանված պահանջները:
Ինչ վերաբերում է Արմավիր քաղաքի խմելու ջրի մատակարարման ցանցի' իբրեւ նորով փոխարինված խողովակաշարի մյուս հատվածներից վերցված խողովակների նմուշների ներքին մակերեւույթներին առկա տարբեր հաստության շերտանստվածքներին եւ կոռոզիայի ենթարկված հատվածներին, ապա նույն փորձագետները նույն եզրակացության մեջ, այն էլ՝ «Հետեւություններ» բաժնում (ամփոփիչ մասում), դարձյալ հակասում են իրենք իրենց: Նրանք մեկ եզրակացնում են, որ ելնելով փորձաքննությանը ներկայացված խողովակների նմուշների հետազոտության արդյունքում ստացված տվյալներից (այդ թվում նաեւ՝ դրանցով հոսող ջրի բաղադրությունից), պարզել, թե այդ խողովակները նախկինում եղել են օգտագործված, թե ոչ՝ հնարավոր չէ, մեկ էլ նշում են, թե այդ շերտանստվածքները եւ կոռոզիայի ենթարկված հատվածներն առաջացել են շահագործման ընթացքում եւ պայմանավորված են ջրի քիմիական բաղադրությամբ եւ ջրամատակարարման ընդհատվող ռեժիմով: Հակասականությունը, որն ակնհայտ է եւ աչքի զարնող, հուշում է, որ այստեղ ինչ-որ բան այն չէ...
Արմավիրցիների առողջության համար վտանգավոր է նաեւ նրանց խմած ջուրը: Փորձագետները լաբորատոր հետազոտություններով պարզել եւ սենսացիոն եզրակացություն են կատարել: Ըստ այդմ' Արմավիր քաղաքին մատակարարվող հորատանցքերի (ջրհորների) եւ կապտաժների ջուրն անվտանգության ցուցանիշներից՝ թունավոր տարրերից կադմիումի (Cd) քանակական պարունակությամբ, ինչպես նաեւ ընդհանուր կոշտությամբ (ֆիզիկաքիմիական ցուցանիշներով) չի համապատասխանում «Խմելու ջուր ջրամատակարարման կենտրոնացված համակարգի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ որակի հսկողություն» Սանիտարական կանոններ եւ նորմեր N 2-III-Ա2-1»-ով նախատեսված պահանջներին: Մասնավորապես 8-րդ դպրոցից, նախկին Պիոներ պալատից, կաթսայատնից, «Տարոնիկ» խորքային հորատանցքից (եւ՛ մինչ քլորացումը, եւ՛ քլորացումից հետո), թիվ 5 խորքային հորատանցքից վերցված ջրի փորձանմուշների հետազոտությամբ պարզվել է, որ դրանցում կադմիում թունավոր նյութի պարունակությունը սահմանված նորման գերազանցում է 3-5 անգամ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել