
Գյուղացիները տուժել են անորակ սերմից
Արմավիրի մարզի Բամբակաշատ եւ æանֆիդա գյուղերի 101 հողագործներ, չստանալով լոլիկի բերքի ակնկալվող քանակությունը, միջին հաշվարկով կրել են մոտ 52 մլն դրամի վնաս: Գյուղացիները պնդում են, որ պատճառը անորակ սերմն է, իսկ սերմ վաճառողները հերքում են' ասելով, որ ոչ մի գյուղացի ճիշտ չի իրականացրել ագրոտեխնիկական միջոցառումները: Բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի մասնագետները, ուսումնասիրելով լոլիկի դաշտերը, եզրակացրել են, որ պատճառը ագրոտեխնիկական միջոցառումների թերացումը չէ:
«Մենք էդ բերքով ենք ապրում, հոգում մեր հոգսերը, մենք հո մեր թշնամին չենք, որ չմշակենք ու վատ բերք ունենանք: Միշտ ես եմ պոմիդոր վաճառել, իսկ էս տարի շուկայից առել ենք, լցրել բանկաները, որ ձմեռը ուտելու բան ունենանք»,-բողոքում է ջանֆիդացի Վաչիկ Սամսոնյանը:
«Պոմիդորի թուփը չմեծացավ, վրան էլ 2-3 հատ փափուկ, անդիմացկուն պոմիդոր կար: 2000մ հողամասից պետք է առնվազն 12 տոննա բերք ունենայի, բայց հազիվ 2 տոննա հավաքեցի, որը կատարածս ծախսերն անգամ չփոխհատուցեց»,- պատմում է բամբակաշատցի Խաչիկ Պողոսյանը:
Ջանֆիդա եւ Բամբակաշատ գյուղերի գյուղացիները 2005թ. ցանքի համար լոլիկի սերմ են ձեռք բերել շուկայում հայտնի «United Genetics» ամերիկյան ընկերությունից: Նախորդ տարիներին նրանք օգտագործել են այս ընկերության լոլիկի սերմերն ու լավ բերք ստացել' 1հա-ից մինչեւ 100 տոննա լոլիկ: Հողագործները «United Genetics»-ի լոլիկի «պակմոր» եւ «սիրա 12» տեսակների սերմ ձեռք բերելու համար դիմել են իրենց գյուղերում գործող գյուղացիական ասոցիացիաներին: «Երկու գյուղերի ասոցիացիաները դիմեցին Գյուղացիական ասոցիացիաների ֆեդերացիային (ԳԱՖ), որ կազմակերպենք այդ առքը: ԳԱՖ-ը կապվեց «United Genetics» ընկերության Երեւանի ներկայացուցիչ Մեսրոպ (Արման) Ստեփանյանի հետ, որն էլ մերժեց փաստաթղթով, այսինքն' երաշխիքով այդ սերմը վաճառել: Մենք տեղյակ պահեցինք գյուղացիներին, որ ասոցիացիայի միջոցով այդ սերմերը չեն կարող ձեռք բերել, որովհետեւ ասոցիացիաներն առանց փաստաթղթի գործարք չեն անում: Գյուղացին որոշեց այլ ճանապարհով գնել այդ սերմերից»,-պատմեց ԳԱՖ-ի նախագահ Վարդան Համբարձումյանը:
Գյուղացիները կարող էին «United Genetics» ընկերության սերմերը գնել մի քանի խանութներից եւ գյուղերում երկար տարիներ սերմի վաճառքով զբաղվող մարդկանցից: Բամբակաշատցիները լոլիկի սերմերը գնել են Արման Ստեփանյանից' «Այրարատ» կինոթատրոնի ետնամասում գտնվող սերմերի խանութից. «Ասոցիացիայի անդամներով փողը հավաքեցինք, ու մի երկու հոգով գնացինք բոլորիս համար առանք էդ սերմից, եկանք: Մենք Արմանից առել ենք 2կգ 700 գրամ սերմ»,-պատմեց բամբակաշատցի Մնացական Նիկողոսյանը:
Ջանֆիդայի հողագործները լոլիկի սերմը գնել են վերավաճառողներից. Էջմիածին քաղաքից' Արթուր Վարդանյանից, եւ Արմավիր քաղաքից' Ֆելիքս Ղազարյանից: Սերմերի վերավաճառքով զբաղվող այս անձինք նույնպես «United Genetics» ընկերության լոլիկի սերմը ձեռք են բերել Արման Ստեփանյանից:
Արման Ստեփանյանը ավելի քան 7 տարի համագործակցում է «United Genetics» ընկերության հետ եւ զբաղվում է սերմերի ներկրմամբ: 2000թ.-ից նա «United Genetics»-ի երեւանյան ներկայացուցիչն է եւ հիմնել է «United Genetics Armenia» ՍՊԸ-ն: «Ես ունեմ պահեստ եւ զբաղվում եմ միայն սերմերի մեծածախ վաճառքով: Ես մերժել եմ ԳԱՖ-ին սերմ վաճառել, որովհետեւ նրանք 1-2կգ էին ուզում, իսկ դա ինձ համար մեծածախ չէ: Ես ոչ մի գյուղացու չեմ ճանաչում, ու ոչ մեկն ինձնից սերմ չի առել, կարող է գյուղացիներով հավաքվել են, իրենց ուզած քանակն արդեն մեծածախ է եղել, ես էլ տվել եմ իրենց սերմ: Գուցե, բայց չեմ հիշում' ում եմ տվել ու ինչքան»,-պարզաբանեց Արման Ստեփանյանը:
Նա նաեւ ասաց, որ «Այրարատ» կինոթատրոնի ետնամասում գտնվող խանութում ինքը հաճախ է լինում, ու այնտեղ կա «United Genetics»-ի սերմերի վաճառք, բայց այդ խանութն իր հետ կապ չունի, դա «United Genetics»-ի իտալական գրասենյակի անդամ Արթուր Շիշմանյանի խանութն է:
««United Genetics»-ը Երեւանում խանութ չունի: Դա Ա. Շիշմանյանի տաղավարն է, որտեղ մի մարդ զբաղվում է սերմերի վաճառքով: Ես վստահեցնում եմ, որ այնտեղ վաճառվող «United Genetics»-ի սերմերն անորակ չեն կարող լինել, որովհետեւ այդ վերավաճառողը մեր ֆիրմայի սերմերը գնում է ինձնից, եւ ես նրան լիովին վստահում եմ: Ուստի վստահեցնում եմ, որ այդ խանութից գնված մեր ֆիրմայի սերմերը չեն կարող անորակ լինել»,-ավելացրեց Արման Ստեփանյանը:
Բամբակաշատ գյուղի մի քանի բնակիչներ էլ «United Genetics» ընկերության սերմեր են ձեռք բերել իրենց համագյուղացի, տարիներ շարունակ սերմի վերավաճառքով զբաղվող Տոլիկից (Հրաչյա Հարությունյան): Նրանից նույն սերմից գնել են նաեւ Հոկտեմբեր գյուղի հողագործները, որոնք կրկին կանգնել են փաստի առաջ:
«Ես ի՞նչ մեղք ունեմ, իրենք էդ ֆիրմայի սերմ են ուզել, ես էլ տվել եմ: Ես ի՞նչ իմանամ, թե բանկայի մեջ ինչ է եղել: Ես էլ եմ նույն սերմից ցանել ու, այո, փաթեթի մեջ ուրիշ, խառը սերմ էր, բայց էլի լոլիկի սերմ է եղել, չէ՞: Ուղղակի գյուղացու ուզած սորտը չէր, գյուղացին էլ չմշակեց ու բերք չունեցավ: 5 տարի գյուղացին էդ սերմից է բերք ստացել, ես ի՞նչ անեմ, որ էս տարի սերմի բանկայի մեջ ուրիշ տեսակ է եղել»,-գյուղացիների մեղադրանքներից վրդովվեց Հրաչյա Հարությունյանը:
Նրա ասելով' այս տարի ինքը վաճառել է «United Genetics» ընկերության լոլիկի ամենաշատը 5կգ սերմ եւ որ այդ սերմը ձեռք է բերել Արման Ստեփանյանից: Միայն մեկ հոգու վաճառած 5կգ սերմից տուժել է մի քանի տասնյակ գյուղացի, քանի որ 5կգ սերմը ցանում է մոտ 50հա հողատարածք:
«Հոկտեմբեր գյուղի հողագործները «United Genetics»-ի լոլիկի սերմը գնել են Տոլիկից եւ Էջմիածնից ինչ-որ մեկից, ու մեր 70-ից ավելի համագյուղացիներ մեծ վնաս են կրել, քանի որ ստացել են քիչ քանակությամբ եւ անորակ, շուկայի չափանիշներին չհամապատասխանող լոլիկ: Նրանք ստիպված ունեցածն էլ էժան գնով հանձնել են գործարաններին»,-ասաց Հոկտեմբեր գյուղի գյուղապետի տեղակալ Լյովա Կարապետյանը:
Հոկտեմբերցիներն այս հարցը բարձրացրել են նաեւ Գյուղնախարար Դավիթ Լոքյանի առջեւ, սակայն ոչ մի աջակցություն կամ փոխհատուցում չեն ստացել:
«Իրենք անհատական գնել են սերմ ու ցանել, պետությունը եւ գյուղապետարանը ոչինչ անել չեն կարող: Եթե ուզում են, պետք է անհատական հայցերով մտնեն դատարան, բայց դատարանն էլ է ծախսերի հետ կապված, եւ ոչ բոլորը դրա հնարավորությունը կունենան»,-ավելացրեց Լ. Կարապետյանը:
Արման Ստեփանյանը չհերքեց, որ ինքը սերմ է վաճառել բամբակաշատցի Տոլիկին, բայց ավելացրեց. «Ես ի՞նչ իմանամ Տոլիկը ինչ սերմ է վաճառել գյուղացուն, կարող է մեր լոլիկի սերմը չի եղել, այլ ուրիշ ֆիրմայի: Ես նաեւ առիթ ունեմ ենթադրելու, որ այս ամբողջ պատմությամբ ինչ-որ մարդիկ ուզում են «United Genetics» ֆիրմայի վարկանիշը գցել, բայց դա իրենց մոտ չի ստացվի»:
Չնայած գյուղացիական ասոցիացիաների անդամները առանց փաստաթղթի են սերմը ձեռք բերել, ոչ ԳԱՖ-ի միջնորդությամբ, սակայն ԳԱՖ-ը պատրաստ է պաշտպանել գյուղացու շահերը:
«Մենք բոլոր ատյաններում կպաշտպանենք գյուղացու շահերը եւ կգնանք մինչեւ վերջ: Անկախ նրանից' Արման Ստեփանյանն է մեղավոր, թե վերավաճառողը, թե «United Genetics»-ի մայր գրասենյակը, միեւնույնն է' արդյունքում տուժել է գյուղացին, եւ պետք է գտնել մեղավորին: Սա, իհարկե, լավ դաս եղավ նաեւ գյուղացուն, որը պիտի ընդունի անհրաժեշտ կանոնները»,- ասում է Վարդան Համբարձումյանը:
Գյուղացիական ասոցիացիաների նախաձեռնությամբ լոլիկի հողատարածքներ են հրավիրվել համապատասխան մասնագետներ' Բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի փոխտնօրեն Ռ. Շահազիզյանը եւ առաջատար գիտաշխատող Ս. Հայրապետյանը:
Նրանք ուսումնասիրել են ոչ միայն լոլիկի այս տարվա սերմերի բույսերը, այլեւ անցյալ տարվա նույն տեսակի բերքից վերցված սերմերի դաշտերը: Մասնագետները փաստել են, որ դաշտերը համապատասխանել են պոմիդորի մշակության ընդունված ագրոկանոններին, պարզապես այս տարվա սերմի բույսերը գաճաճ են եղել, թույլ աճեցողությամբ, պտուղները' մանր, փափուկ, պատված ճաքերով եւ առանց ապրանքային տեսքի: Նրանց կարծիքով' ակնհայտ է եղել խառնասորտությունը:
Իսկ անցյալ տարվանից պահված սերմերի բույսերն առողջ են եղել, պտուղները համապատասխանել են սորտային առանձնահատկություններին եւ այդ տարածքներում չի նկատվել խառնասորտություն: Նրանք արձանագրել են, որ «2005թ. գնված սերմերից աճեցված պոմիդորի դաշտերի նման վիճակը արդյունք չէ ագրոտեխնիկական միջոցառումների թերացումների»:
Ոչ միայն հողագործների, այլ նաեւ մասնագետների եզրակացությունը փաստում է, որ 2004 եւ 2005թթ. «United Genetics»-ի լոլիկի նույն սորտի սերմերը տարբեր են եղել: «United Genetics»-ի երեւանյան ներկայացուցչի պնդմամբ' նման բան հնարավոր չէ:
«Ես 2005թ. պոմիդորի սերմ չեմ ներկրել: 2004թ. ես ներկրել եմ մոտավորապես 200կգ պոմիդորի սերմ եւ 2005թ. էլ վաճառել եմ նույն սերմը: Այդ ո՞նց եղավ, որ 2004թ. հողագործները ոչ մի դժգոհություն չունեցան, իսկ 2005թ. նույն սերմից բերք չստացան: Ես գյուղացիների մոտ մնացած եւ իմ պահեստում եղած այդ նույն սերմերից ուղարկել եմ մայր գրասենյակ, եւ հիմա էնտեղ ցանվել ու աճեցվում է, մի քանի ամսից արդյունքը կտեսնենք: Հնարավոր չէ, որ մեր սերմը լինի անորակ»,-պնդում է Ա. Ստեփանյանը:
Իսկ «գյուղացիների մոտ մնացած սերմերը վերցնել եւ փորձարկելը» հողագործներն այլ կերպ բացատրեցին: Նրանք ասում են, որ իրենց մոտ սերմ չի մնացել, քանի որ դա թանկ սերմ է, եւ գյուղացին հազիվ իրեն անհրաժեշտ քանակությունն է գնում, ու սերմի մնացորդ չի լինում: Գյուղացիները կարծում են, որ Ա. Ստեփանյանն ուղղակի բոլոր վերավաճառողների մոտից հավաքել է լոլիկի այդ սերմն ու վերացրել անորակ սերմի հետքերը:
Չնայած Ա. Ստեփանյանը պնդում է, թե իր վաճառած սերմը չի կարող անորակ լինել, բայց նա առաջարկել է գյուղացիներին 3կգ լոլիկի սերմ նվիրել հաջորդ տարվա համար. «Ես հատուկ շեշտում եմ, որ սա փոխհատուցում չէ, այլ «United Genetics Armenia»-ի նվիրատվությունը, աջակցությունը հայ գյուղացուն»,-ասաց նա: Գյուղացիները հրաժարվել են Ա. Ստեփանյանի «աջակցությունից»:
«Մենք պիտի դիմենք դատարան, այլ ճանապարհ չկա, մեր ասոցիացիայի 60 անդամներ մեծ վնաս են կրել, պետք է գնանք մինչեւ վերջ, քանի որ գյուղացու միակ հույսը փոխհատուցումն է»,-ասում է «æանֆիդա գյուղացիական ասոցիացիա»-ի նախագահ Մանվել Ամիրջանյանը:
«Փաստ է, որ գյուղացուն վնաս են տվել, ուրեմն պետք է փոխհատուցեն: Ցանկալի է, որ դատարան չդիմենք, քաշքշուկների մեջ չընկնենք, բայց եթե պետք եղավ, դատարան էլ կդիմենք»,-ասում է «Բամբակաշատ գյուղացիական ասոցիացիա»-ի քարտուղար Մնացական Նիկողոսյանը:
Հողագործները տարեսկզբին վարկեր են վերցրել տարբեր կազմակերպություններից ու բանկերից, որպեսզի կարողանան սերմ ու պարարտանյութ գնել, տեխնիկա աշխատեցնել եւ հողատարածքի ու ջրի վարձերը մուծել, մարդիկ կան, որ անգամ հողատարածքն են վարձակալել: Տարեվերջին ստացած բերքով նրանք պետք է փակեին այդ վարկերն ու ապրեին մինչեւ մյուս բերքահավաք:
Մեկնաբանել