HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը կարևորել է երիտասարդների հետազոտական աշխատանքների խթանումը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է «Փակ սահմանների կարգավորումն արդի միջազգային իրավունքում» թեմայով գիտաժողովի բացմանը: Այն կազմակերպել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը: 

Վարչապետը գոհունակություն է հայտնել նորաստեղծ կենտրոնի աշխատանքներից, որոնք, Տիգրան Սարգսյանի խոսքով, ծառայում են շատ կարևոր խնդրի՝ ՀՀ-ում երիտասարդների շրջանակներում ձևավորել հետազոտական աշխատանքները խթանող մթնոլորտ:

«Կենտրոնը քննարկումների համար ընտրել է չափազանց կարևոր և արդիական խնդիրներ, որոնք մեզ համար ունեն ոչ միայն տեսական, այլև կիրառական քաղաքական նշանակություն: Այդ խնդիրներն առնչվում են՝ Հայոց ցեղասպանությանը, ժամանակակից աշխարհում փակ սահմանների առկայությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, մասնավորապես, այն իրավական հարցերին, որոնք առնչվում են ինքնորոշման սկզբունքին: Ժամանակակից իրավունքը նորովի մոտեցումներ է դրսևորում այս հարցերի շուրջ և շատ կարևոր է, որպեսզի հետևեք ժամանակակից իրավագիտության մեջ նոր հոսանքներին և դրանց շուրջ ծավալեք քննարկումներ և հետազոտություններ»,- ասել է կառավարության ղեկավարը: 

Նշելով, որ սերնդափոխությունը հետազոտությունների ոլորտում կարևոր երևույթ է՝ Տիգրան Սարգսյանն ասել է, որ երիտասարդները կաշկանդված չեն հին մտածողությամբ և կարող են ժամանակակից իրադարձություններին նայել նորովի, երբեմն անսպասելի տեսանկյուններից և առաջ քաշել նոր հիպոթեզներ, որոնք հետագայում կարող են ապացուցվել և դառնալ կարևորագույն տեսություններ: 

«Այդ տեսակետից, դուք ունեք բացառիկ հնարավորություն, որովհետև կենտրոնն իր համար ընտրել է այնպիսի կարևորագույն թիրախներ, որոնք ՀՀ-ի քաղաքացիների համար ունեն ոչ միայն տեսական նշանակություն: Դուք յուրաքանչյուր օր շփվում եք այդ խնդիրների հետ և ձեր վրա եք զգում դրանց առանձնահատկությունը, կարևորությունն ու հասարակական ընկալումը: Այդ ամենն հնարավորւթյուն է ստեղծելու, որ դուք խորապես գիտակցեք այս խնդիրների լուծման եղանակները»,- դիմելով գիտաժողովի մասնակիցներին՝ նշել է Տիգրան Սարգսյանը:

Գիտաժողովի նպատակն է վեր հանել մեր երկրի համար արդիական արտաքին քաղաքական հիմնախնդիրները և դրանք վերլուծել իրավական տեսանկյունից: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter