Համայնքների բյուջեների մուտքերը 2011թ. կազմել են 95, 2 մլրդ դրամ
ՀՀ մարզպետների մասնակցությամբ երեկ կայացած Տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստում ներկայացվել են 2011թ. հանրապետության համայնքների բյուջեների կատարման ցուցանիշները:
Համայնքների բյուջեների փաստացի մուտքերը 2011թ. կազմել են 95, 2 մլրդ դրամ (կատարողականը` 98.4%): 2010թ. համեմատ ընդամենը եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 13.6%-ով կամ 11,4 մլրդ դրամով: Սեփական եկամուտների փաստացի մուտքերը կազմել են մոտ 25 մլրդ դրամ (կատարողականը` 90.5%): 2010 թ. համեմատ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 4.9%-ով կամ 1,2 մլրդ դրամով: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 92.3%-ով, գույքահարկինը` 92.4%-ով:
2008թ. հունվարի 1-ի դրությամբ աշխատավարձերի նախկին տարիների կուտակած շուրջ 2,3 մլրդ դրամ պարտքից 2012թ. հունվարի 1-ի դրությամբ մնացել է 174, 5 մլն դրամ։ 2011թ. ընթացքում նախկին տարիների պարտքից մարվել է 211,3 մլն դրամ:
Նիստը վարող փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մարզպետների ուշադրությունը հրավիրել է ներկայացված տվյալներին` կարեւորելով մինչեւ ընթացիկ տարեվերջ նախկին տարիների մնացորդային պարտքի զրոյացումը:
Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի պահանջը, համաձայն որի՝ ՀՀ մարզպետարանների աշխատակազմերում պետք է ստեղծվեն ներքին աուդիտի ստորաբաժանումներ: Նշվել է, որ մշակվում է կառավարության որոշման նախագիծ` մարզպետարանների աշխատակազմերի կառուցվածքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին: Մինչ կառավարությանը ներկայացնելը` նախագիծը կներկայացվի նաեւ մարզպետարաններին` առաջարկություններ ստանալու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել