HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղը կմեկնարկի «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը

Մայիսի 5-13-ը Գյումրիում անցկացվելու է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Մասնակցելու է շուրջ 1100 պատանի և երիտասարդ երաժիշտ-կատարող ՀՀ բոլոր մարզերից, Արցախից, ընդհանուր առմամբ' աշխարհի 22 երկրից (ԱՄՆ, Արգենտինա, Բելառուս, Եգիպտոս, Թուրքիա, Իրան, Լատվիա, Լիտվա, Լիբանան, Հարավային Կորեա, Հունաստան, Մեծ Բրիտանիա, Մոլդովա, Չեխիա, Չինաստան, Ռուսաստան, Վրաստան, Էստոնիա, Ֆրանսիա, Ուրուգվայ):

Մրցույթ-փառատոնն ընթանալու է 1 փուլով, 4 տարիքային խմբով' կրտսեր խումբ (մինչև 13 տարեկան), առաջին խումբ (13-17 տարեկան), երկրորդ խումբ (18-25 տարեկան), երրորդ խումբ (26 տարեկան և բարձր), և 7 անվանակարգում (դաշնամուր, լարային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, ժողովրդական երգեցողություն, ժողովրդական գործիքներ, անսամբլ, փողային գործիքներ):

Մրցույթը կգնահատի մասնագիտական 7 հանձնաժողով, որոնցում ընդգրկվել են աշխարհի տարբեր երկրների 77 ճանաչված արվեստագետներ, երաժիշտ-կատարողներ, երաժշտագետներ: Մրցույթի ժյուրիի որոշումները վերջնական են և փոփոխման ենթակա չեն:

Փառատոնի շրջանակներում մայիսի 6-7-ը կանցկացվի «Հայաստանը և համաշխարհային մշակույթը» խորագրով միջազգային գիտաժողով' նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 90-ամյակին: Իսկ ողջ մրցույթ-փառատոնն այս տարի նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին:

«Վերածնունդ» մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը: Մրցույթ-փառատոնի գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը:

ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ' այս տարվանից մրցույթ-փառատոնին աջակցում են նաև ՀՀ սփյուռքի նախարարությունը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: «Վերածնունդն» անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը Գյումրիում անցկացվում է 2007 թ.-ից: Դրա նպատակն է հանրապետությունում զարգացնել ու մասսայականացնել երաժշտարվեստը, ձևավորել աճող սերնդի երաժշտական ճաշակը, հայտնաբերել շնորհալի երաժիշտ կատարողների ՀՀ մարզերում, Արցախում, սփյուռքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter