
Կալկաթայի ճեմարանի տնօրենը ազատվեց պաշտոնից
Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի տնօրեն Սոնյա Ջոնին ազատեց աշխատանքից: Կալկաթայում Հայաստանից եւ Սփյուռքի տարբեր գաղթօջախներից սովորող 101 սաներին ղեկավարում էր այս կինը, որը հայտնի է իր կոպիտ վերաբերմունքով եւ երեխաների նկատմամբ կիրառած «յուրահատուկ» բռնություններով:
Այս տարվա սկզբին ճեմարանում 40 երեխա հիվանդացել է դեղնախտով: Ճեմարանում տիրող վիճակին «Հետքը» մի քանի անգամ անդրադարձել է (Տես' Կալկաթայում վտանգված է հայ երեխաների կյանքը):
Տարիներ շարունակ Մայր Աթոռը փորձում էր ազատվել այս տնօրենից, սակայն հաջողության չէր հասնում: Ճեմարանի գործերի ֆինանսական վերահսկողությունը դրված է Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու հոգաբարձուների խորհրդի վրա, որի նախագահը նույն Սոնյա Ջոնն է:
Եկեղեցին ճեմարանին տարեկան հատկացնում է կես մլն դոլար: Տնօրինելով եկեղեցու ֆինանսական միջոցները' նա նաեւ չարաշահումներ էր թույլ տվել եւ դրամական յուրացումներ կատարել:
Ճեմարանի եւ եկեղեցու ֆինանսական հաշվետվությունները փակ էին անգամ Մայր Աթոռի համար. ոչ ոք չի կարողանում իմանալ, թե ինչպես է Սոնյա Ջոնը տնօրինում այդ գումարները:
Մինչդեռ խոսքը բավական մեծ գումարների մասին է, որոնք տարբեր ժամանակներում եկեղեցուն են կտակել բարերարները: Մեր ունեցած տվյալներով' այն կազմում է մի քանի հարյուր միլիոն դոլար:
Սոնյա Ջոնը կաշառել էր Հոգաբարձուների խորհրդի անդամների մի մասին, եւ Մայր Աթոռին երկար ժամանակ չէր հաջողվում նրա դեմ որեւէ որոշում կայացնել:
Նոյեմբերի 6-ին կայացավ Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու Հոգաբարձուների խորհրդի խորհրդի նիստը եւ Սոնյա Ջոնը չվերընտրվեց նախագահի պաշտոնում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել