
Դատարանն աջակցեց կանանց վաճառողներին
Նոյեմբերի 11-ին Էջմիածին քաղաքում Արմավիրի առաջին ատյանի դատարանում ավարտվեց մարդկանց վաճառքի գործով ընթացող մի դատավարություն: Այդ օրը դատարանը հրապարակեց դատավճռի եզրափակիչ մասը, այսինքն' միայն պատիժները: Երեք ամբաստանյալների համար դատավոր Տիգրան Պետրոսյանը ակնհայտ մեղմ պատիժ է սահմանել' կիրառելով Քր.օր-ի 64-րդ հոդվածը: Այս հոդվածը կիրառվում է բացառիկ հանգամանքների առկայության դեպքում: Օրինակ' երբ ամբաստանյալն աջակցում է «խմբի կատարած հանցանքը բացահայտելուն», կամ' երբ կան մի քանի մեղմացուցիչ հանգամանքեր եւ այլն:
Ամբաստանյալները չորսն էին' Սիմոն Ներսիսյանը, Նանասիլ Առաքելյանը, Թամարա Մակարովան եւ Պատվական Մալխասյանը: Վերջինս սեպտեմբերին Դուբայում կասկածելի հանգամանքներում ավտովթարից մահացած, հետախուզման մեջ գտնվող հայտնի կավատ Անահիտ Մալխասյանի (մականունը' «Դըբռ Անո») հարազատ եղբայրն է:
Անահիտ Մալխասյանի դին Դուբայից Հայաստան տեղափոխելուն օժանդակել էր այնտեղի հայկական սեքս-բիզնեսի պարագլուխներից մեկը' սիրիացի Ասադը (Տես նաեւ' Դուբայի սեքս-բիզնեսի հայկական ցանցը):
Պատվական Մալխասյանը մեղադրվում էր երկու հոդվածով' 262-ի 1-ին մաս ( Պոռնկությամբ զբաղվելու համար որջեր կազմակերպելը, պահելը կամ կավատությունը ) եւ 132-ի 2-րդ մասի 1-ին կետ (Մարդկանց առեւտուր): Մեղադրանքը ներկայացնող դատախազը այս երկու հոդվածների համակցությամբ միջնորդել է ազատազրկել Պ. Մալխասյանին հինգ տարի վեց ամիս ժամկետով: Սակայն դատարանը կիրառել է 64-րդ հոդվածը եւ նշանակել երկու տարվա ազատազրկում:
Դատական գործում տեղեկանք կա, որ Պ. Մալխասյանն իր խնամքին ունի երեք անձ եւ վատառողջ է: Պ. Մալխասյանը 2002թ. Դուբայում քրոջ' Անահիտ Մալխասյանի հետ էր աշխատում: Նա քրոջ ենթակայության տակ գտնվող կանանց տեղափոխում էր դիսկոտեկներ, հյուրանոցներ, սրճարաններ եւ ապահովում էր, որպեսզի նրանք «անվտանգ» զբաղվեն մարմնավաճառությամբ: Վերադառնալով Հայաստան' նա սկսել է քրոջը կանայք մատակարարել:
Այս գործով տուժողները երկուսն են' Շ.Մ.-ն եւ Ռ.Կ.-ն, սակայն մեկ տարի առաջ մենք Դուբայում երկու անգամ եղել ենք Անահիտ Մալխասյանի բնակարան-հասարակաց տանը, զրուցել նրա ենթակայությամբ աշխատող կանանց հետ, եւ նրանց մեջ կային եւս երեքը, ովքեր Դուբայում էին հայտնվել նրա եղբոր' Պատվական Մալխասյանի միջոցով:
Դատական գործով տուժողներին հենց Պատվականն ու ամբաստանյալներ Նանասիլ Առաքելյանն ու Թամարա Մակարովան են խաբել եւ Դուբայում երեխա պահելու պատրվակով ուղարկել Անահիտ Մալխասյանի մոտ: Դուբայում Անահիտ Մալխասյանը, նրանցից վերցնելով անձնագրերը, ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ:
Տուժողները նախկինում մարմնավաճառներ չեն եղել, գտնվում էին ծայրահեղ նյութական կարիքի մեջ: Երկուսն էլ ամուսնալուծված էին: Այս հանգամանքները հաշվի առնելով են ամբաստանյալները նրանց գցել իրենց ցանցի մեջ: Կանանցից մեկը իր ցուցմունքում պատմել է, թե ինչպիսի դաժան վերաբերմունքի է արժանացել Անահիտի եւ նրա արաբ գործընկերների կողմից:
Ամբաստանյալ Նանասիլ Առաքելյանը 2 անգամ դատված է եղել նմանատիպ գործունեության համար: Միակ ամբաստանյալն է, որի նկատմամբ, ըստ մեղադրող կողմի, դատարանը համաչափ պատիժ է սահմանել' 5 տարի 4 ամիս ազատազրկում:
Թամարա Մակարովայի համար մեղադրողը պահանջել է ազատազրկում հինգ տարի ժամկետով, սակայն դատարանը, գտնելով հանցանքը հիմնավորված եւ ապացուցված, պատիժ է սահմանել 2 տարի ժամկետով: Ամբաստանյալի միակ մեղմացուցիչ հանգամանքն այն է, որ նախկինում դատված չի եղել:
Կանանց Մոսկվայով Դուբայ էր տեղափոխել Սիմոն Ներսիսյանը:
Նա մեղադրվում էր 132 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով: Մեղադրողը միջնորդել էր դատարանին Ս. Ներսիսյանին ազատազրկել հինգ տարի ժամկետով: Դարձյալ կիրառելով 64-րդ հոդվածը' դատարանը նշանակեց ազատազրկում երկու տարի ժամկետով:
«Դատարանն ակնհայտ մեղմ պատիժ է սահմանել երեք ամբաստանյալների նկատմամբ: Մեզ համար խիստ անսպասելի էր եւ անտրամաբանական, որ ծանր հանցագործության համար մի գործով երեք անձի նկատմամբ կիրառվում է 64-րդ հոդվածը: Բացառիկ հանգամանքներ այստեղ չկան, դատարանը չէր կարող կիրառել 64-րդ հոդվածը: Անպայման պետք է վերաքննիչ բողոք բերվի պատժի մեղմության դեմ»,-պարզաբանեց գործով մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության մարդկանց թրաֆիկինգի եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի ավագ դատախազ Արմեն Բոշնաղյանը:
Դատավորի կողմից նման մեղմ պատիժների սահմանումը բացատրվում է միայն այն հանգամանքով, որ ամբաստանյալները հայկական սեքս-բիզնեսի ներկայացուցիչներ են եւ ունեն բավականին ազդեցիկ հովանավորներ:
Թե ինչպիսի հանգամանքներ է հաշվի առել դատավորը մեղմ պատիժ սահմանելով երեք ամբաստանյալների նկատմամբ, պարզ կդառնա վճռի ամբողջական հրապարակումից հետո: Հնարավոր է պարզվի, որ այս մարդիկ պատերազմի մասնակիցներ են կամ այլ ծառայություններ ունեն մատուցած Արմավիրի առաջին ատյանի դատարանին:
Մենք մի քանի անգամ նշել ենք, որ կավատների մեջ մեծ թիվ են կազմում է Էջմիածնի բնակիչները: Կավատների նկատմամբ հարուցված քրեական գործերի, նրանց գործունեության ուսումնասիրությունը եւ մեր աղբյուրների վկայությունները թույլ են տալիս եզրահանգելու, որ նրանց թիկունքում Էջմիածնի գեներալներից մեկն է:
Ամիսներ առաջ հենց նրա միջնորդությամբ է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից վաղաժամկետ ազատվել էջմիածնեցի մեկ այլ հայտնի կավատ' Մարիետա Մուսայելյանը: Մեր տեղեկություններով' «Դըբռ Անոյի» եղբոր' Պատվական Մալխասյանի համար դատավորին միջնորդել է հենց նույն գեներալը:
Հաշվի առնելով, որ դատավոր Տիգրան Պետրոսյանը նաեւ Արդարադատության խորհրդի անդամ է, կարծում ենք' այս դատավճիռը պետք է քննարկման նյութ դառնա Արդարադատության խորհրդում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել