HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հարց ունեմ Ձեզ». ՀԱՀ Բանավեճի ակումբ

Արդեն մի քանի տարի է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Անգլերեն ծրագրերի բաժնում գործում է Բանավեճի ակումբ, որին մասամբ աջակցում է Բրիտանական խորհուրդը: Ակումբը կազմակերպում է հետաքրքիր ու բովանդակալից քննարկումներ Երեւանի տարբեր համալսարանների անգլախոս ուսանողների ակտիվ մասնակցությամբ: Այն գործում է բանավեճերի «պառլամենտական ոճի» համաձայն, երբ չորս թիմեր ներկայացնում են որեւէ խնդրի' բանավեճի առարկայի երկու կողմերը եւ հերթով բացահայտում տվյալ խնդրի առավելությունները, թերի կողմերը, բերում են լրացուցիչ փաստարկներ իրենց տեսակետները հիմնավորելու համար:

Բանավիճելը հինավուրց արվեստներից է: Հռետորության, քերականության ու տրամաբանության կարեւորությունը մեր օրերում էլ կրթության հիմնական բաղկացուցիչներն են: Բանավեճի առարկան կարող է հստակ լինել («Կլոնավորումը սխալ է»), կամ հենց ինքն էլ կարող է բանավեճի նյութ հանդիսանալ («Կլոնը մարդու լավագույն բարեկամն է»), ըստ այդմ' բանավեճի կարեւոր կողմերից մեկը խնդիրը ճիշտ սահմանելն է, որը պետք է անի առաջին հռետորը: Դրան հետեւում են բազմաթիվ փաստարկներ եւ հակափաստարկներ, ինչպես նաեւ' հարցեր հակառակորդ թիմի եւ լսարանի կողմից (հռետորի ուշադրությունը գրավելու համար պետք է հայտարարել. «Հարց ունեմ Ձեզ»): Այս ամենը տեղի է ունենում յոթ րոպեների ընթացքում: «Կառավարությունն» ու «Ընդդիմությունը» ներկայացնող թիմերը միմյանց փաստարկների մեջ փորձում են սխալներ գտնել եւ առաջ են քաշում իրենց տեսակետը հաստատող հիմնավորումներ:

Բանավիճել նշանակում է հակիրճ եւ հասկանալի ձեւով հիմնավորել ձեր տեսակետը: Բանավեճից առաջ ձեզ ներկայացվում է բանավեճի առարկան եւ առաջարկվում է պաշտպանել տեսակետներից մեկը' անկախ ձեր սեփական մոտեցումից: Սրամտությունն ու հումորը ոչ միայն օգնում են, այլեւ հաճախ դժվար հարցադրումները հաղթահարելու միակ միջոցն են:

ՀԱՀ-ի Բանավեճի ակումբում ուսանողները հնարավորություն են ստանում բարելավել իրենց անգլերենը եւ նոր ծանոթություններ ձեռք բերել: Բացի այդ, աշխարհում տեղի են ունենում միջազգային եւ տարածաշրջանային բանավեճեր (այդ մասին բազմաթիվ տեղեկություններ կարելի է հայթայթել Ինտերնետից), եւ ուսանողները հույս ունեն ապագայում դրանց մասնակցելու առիթ ունենալ:

Բանավիճելը հաճելի ժամանց է եւ, իհարկե, օգնում է նաեւ զարգացնելու ճարտարախոսությունը, վերլուծական մտածողությունը եւ տրամաբանությունը, ինչը կոփում եւ նախապատրաստում է մասնակիցներին' պատրաստ լինել հաղթահարելու կյանքի մատուցած բազմապիսի անակնկալները:

Նարեկ Սէֆէրեան
Բանավեճի ակումբի անդամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter