
ՊԵԿ-ը պարզաբանում է, «Հետքը»՝ արձագանքում
Երեկ պետական եկամուտների կոմիտեն «Հետքի» հրապարակման կապակցությամբ պարզաբանում է ուղարկել խմբագրություն, որում ասված է.
««Հետք» կայքէջի «ՊԵԿ-ի քննիչը վարում է չմաքսազերծված «Lexus». ով կարող է նրան կանգնեցնել օրենքը խախտելու համար» հրապարակման վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.
ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության քննիչ Ռ. Մկրտչյանը ՊԵԿ համակարգում աշխատում է 2008թ. ապրիլի 8-ից: Մինչև համակարգում աշխատելը Մկրտչյանը 2007 թվականին սեփականության իրավունքով ձեռք է բերել և օգտագործել 2007 թվականի արտադրության «TOYOTA PRADO» մակնիշի 60 ՕՍ 500 պետհամարանիշի ավտոմեքենան:
2011 թվականի դեկտեմբերի 11-ին վերոնշյալ մեքենան վաճառել է և անհամեմատ ավելի ցածր արժեքով ձեռք բերել 2004 թվականի արտադրության «LEXUS GX 470» մակնիշի ավտոմեքենա: Վերջինս ՀՀ տարածք է ներմուծվել 20.12.2011թ. և 2 օր անց` 22.12.2011թ. մաքսազերծվել է:
Ինչ վերաբերում է «LEXUS GX 470» մակնիշի ավտոմեքենայի վրա առկա համարանիշերին, ապա դրանք ավտոմեքենայի տարանցիկ համարանիշներն են:
Միաժամանակ հայտնում ենք, որ հրապարակման մեջ հիշատակված «MERCEDES-BENZ ML 350» մակնիշի 24 ԼԼ 304 պետհամարանիշի ավտոմեքենան սեփականության իրավունքով պատկանում է Ռ. Մկրտչյանի հորը` Անդրեաս Մկրտչյանին»:
«Հետք»
Եթե Ռաֆայել Մկրտչյանի կողմից քրեական գործերով կայացվող որոշումներում տեղ գտած դատողություններով և եզրահանգումներով առաջնորդվենք, ապա ՊԵԿ-ի պարզաբանումից պետք է հետևյալ հետևություններն անենք.
Մինչեւ Ռաֆայել Մկրտչյանը ՊԵԿ-ում աշխատանքի ընդունվելը հաջողակ գործարար է եղել. ունեցել է միանգամայն նոր «TOYOTA PRADO» մակնիշի, գոլդ` 60 ՕՍ 500 համարանիշի ավտոմեքենա: Ի՞նչ ակնկալիքներով է նման կարողություններով անձը աշխատանքի անցել ՊԵԿ-ում: Պարզից էլ պարզ է`ոչ աշխատավարձի համար, քանի որ այն չէր կարող բավականացնել անգամ «TOYOTA PRADO» մակնիշի ավտոմեքենայի ծախսած վառելիքին:
ՊԵԿ-ում աշխատանքի անցնելու առաջին տարում նա ձեռք է բերել 2008թ. արտադրության «MERCEDES-BENZ ML 350» մակնիշի 24 ԼԼ 304 համարանիշի ավտոմեքենա, որը հասկանալի պատճառներով գրանցվել է իր հոր անունով: Այդ ավտոմեքենան միշտ քննիչն էր վարում:
Ըստ ՊԵԿ-ի պարզաբանման՝ Ռաֆայել Մկրտչյանը «TOYOTA PRADO մակնիշի» 60 ՕՍ 500 համարանիշի ավտոմեքենան 2011 թվականի դեկտեմբերի 11-ին վաճառել և «անհամեմատ ավելի ցածր արժեքով» (այս տեղեկությունը «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածն է հիշեցնում) ձեռք է բերել 2004 թվականի արտադրության «LEXUS GX 470» մակնիշի ավտոմեքենա: Վերջինս ՀՀ տարածք է ներմուծվել 20.12.2011թ. և 2 օր անց` 22.12.2011թ. մաքսազերծվել է:
Ակնհայտ է, որ «LEXUS GX 470» մակնիշի ավտոմեքենան «TOYOTA PRADO» մակնիշի ավտոմեքենայի վաճառքի գումարով չի գնվել: «LEXUS GX 470» մակնիշի ավտոմեքենան շատ ավելի վաղ է գնվել, քանի որ 8-9 օրվա ընթացքում այն ԱՄՆ-ից Հայաստան չէր կարող տեղափոխվել: Ի դեպ, մինչ 2011թ. դեկտեմբերի 13-ը (երբ Նարեկ Հարությունյանը կալանքից ազատվեց) ներառյալ Ռաֆայել Մկրտչյանը աշխատանքի է գնացել «MERCEDES-BENZ ML 350» մակնիշի 24 ԼԼ 304 համարանիշի ավտոմեքենայով: Այդ ավտոմեքենայով է անցյալ տարվա դեկտեմբերի 10-ին Նարեկ Հարությունյանը ՊԵԿ-ի քննչականից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տարվել և դեկտեմբերի 13-ին նույն ավտոմեքենայով կրկին տեղափոխվել ՊԵԿ-ի քննչական բաժին(տես լուսանկարը):
Ուզում եմ նորից հարց ուղղել ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանին. ինչո՞ւ է Նարեկ Հարությունյանը քրեակատարողական հիմնարկ տեղափոխվել քննիչ Ռաֆայել Մակրտչյանի հոր ավտոմեքենայով: Վաղո՞ւց է նման պրակտիկան ՊԵԿ-ում կիրառվում: Քննիչներն իրենց հարազատների՞ մեքենաներով են տեղափոխում կալանավորներին: Սա օրինակա՞ն է, եթե այո, ապա խնդրում եմ հղում արեք այն օրենսդրական ակտին, որպեսզի մեր հոդվածներում այլեւս սխալներ թույլ չտանք: Խնդրում եմ նաեւ տեղեկացրեք, թե Ձեր աշխատակիցների հարազատների քանի՞ ավտոմեքենա է ներգրավված ՊԵԿ-ի աշխատանքներում, եւ արդյոք այդ մարդիկ փոխհատուցում ստանո՞ւմ են, եթե այո, ապա տարեկան որքա՞ն գումար է այն կազմում:
Փաստորեն, մինչեւ 2011թ. դեկտեմբերի 11-ը Ռաֆայել Մկրտչյանն ունեցել է երեք թանկարժեք ավտոմեքենա, որոնցից մեկով աշխատանքի է հաճախել, մյուսը գնել, սակայն դեռևս Հայաստան չէր տեղափոխել, իսկ երրորդը` դեռևս չէր վաճառել: Սա ՊԵԿ-ի քննիչ Ռաֆայել Մկրտչյանի կարողությունների, ավելի ստույգ՝ թանկարժեք ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվելու և հավելյալ, չհայտարարագրվող եկամուտների ստացման մասին է խոսում:
Ինչ վերաբերում է նրան, որ քննիչ Ռաֆայել Մկրտչյանը, ըստ ՊԵԿ-ի պարզաբանման, դեռևս 22.12.2011թ. է ավտոմեքենան մաքսազերծել, սակայն մինչ օրս նա ավտոմեքենան վարում է տարանցիկ համարանիշով (որը «պատահականությամբ» համընկնում է իր ծննդյան տարեթվին), ապա պետք է հիշեցնենք, որ տարանցիկ համարանիշով մեքենան վարելու օրինական թույլտվությունը 15 օր է: Սա արդեն խոսում է Ճանապարհային ոստիկանության «անուշադրության» կամ Ռաֆայել Մկրտչյանի հնարավորությունների մասին:
Մեկնաբանություններ (19)
Մեկնաբանել