HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թշնամու կերպարը» լրագրողները չեն կարող հաղթահարել

«Թշնամու կերպարը» մարդկային կերպար չէ: Այն քաղաքական կերպար է: Երբ ադրբեջանցու մոտ ասում ես՝ հայ, միանգամից բացասական վերաբերմունք է առաջանում: Բայց երբ հարցնում ես, թե որեւէ շփում ունեցե՞լ է հայերի հետ, նա միանգամից հիշում է իր վաղեմի ծանոթին՝ Աշոտին, Վազգենին...

Անձնական հարաբերություններում այս կերպարը չի գործում: Ադրբեջանական «Գյուն» ( «Օր» ) թերթի գլխավոր խմբագիր, Ադրբեջանի լրագրողների «Ենի Նեսիլ» միության նախագահը Արիֆ Ալիեւը դա համարում է դրական երեւույթ, որը, սակայն, ի վիճակի չէ ազդել թշնամական վերաբերմունքի վերացման վրա: Երկու երկրների քաղաքական իրավիճակը թույլ չի տալիս հաղթահարել «թշնամու կերպարը»: Փոխարենը գործի է դրվում «թշնամու կերպարի» քաղաքական նշանակությունը, որն ունի անկանխատեսելի, հզոր ազդեցություն:

Հայ-ադրբեջանական հակամարտության մեջ առանց բանակցությունների առաջընթացի ադրբեջանցի լրագրողը բարեփոխումներ չի կանխատեսում: Նա հավատացած է, որ թեկուզ փոքր քաղաքական առաջխաղացումը կարող է բերել շատ ավելի լուրջ տեղաշարժի մարդկանց, կազմակերպությունների հարաբերություններում: Հակառակ դեպքում լրագրողական հանրության ջանքերը չեն նպաստի էական փոփոխությունների, նույնիսկ հնարավորություն չեն ստեղծի քիչ թե շատ վերականգնել վստահությունը հակամարտող կողմերի միջեւ:

Լուրջ վստահության մասին խոսք լինել չի կարող: Չնայած այս երկու ազգերը երկար տարիներ շփվել, հարաբերվել են միմյանց հետ, վերջին տարիներին հասունացել է բոլորովին այլ պատկերացումներով սերունդ: Նոր սերնդի հայը ադրբեջանցու քիչ է տեսել: Այն տեղեկատվությունը, որ կողմերն այսօր ստանում են միմյանց մասին, Արիֆ Ալիեւը համարում է «քաղաքական իրավիճակից բխող»: Օրինակ' այն, որ հայերը «գրավել են Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, որ Ադրբեջանը լցված է փախստականներով»: Այս նույն տեղեկատվությունը, պարզապես փոխված անուններով, առկա է նաեւ Հայաստանում:

«Մենք բոլորս հասկանում ենք, որ քաղաքական շրջանակներում դա շահարկվում է ներքին քաղաքական պայքարի համար»,-հակամարտության կարգավորման լուծման գործում իշխանությունների դիրքորոշումն այսպես է մեկնաբանում «Ենի Նեսիլ» միության նախագահը: Նա գտնում է, որ որքան էլ լրագրողները փորձեն մեղմ ներկայացնել «թշնամու կերպարը», միեւնույն է, «ժողովրդական» կոչվող դիվանագիտությունն ունի որոշակի, բայց սահմանափակ ներուժ: Թշնամու կերպարը սնվում է գրական, պատմական փաստաթղթերով: Արիֆ Ալիեւը համոզված է, որ երկու կողմն էլ կարող է վկայակոչել մի քանի տասնյակ աղբյուրներ, որոնք ներկայացնում են մի դեպքում' հայերի, մյուս դեպքում՝ ադրբեջանցիների կատարած արարքները:

Հայ եւ ադրբեջանցի լրագրողները տարիներ շարունակ հանդիպում են, քննարկում իրենց դերը հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Թվում է, թե այդ հանդիպումների արդյունքում երկու հասարակություններում դրական տեղաշարժ պետք է լիներ: «Երբ հանդիպումները տեւում են տարիներ եւ իրենց արտահայտությունը չեն գտնում քաղաքական որոշումների կայացման մեջ, առաջանում է գրգռվածություն, հետո' հիասթափություն, որը աստիճանաբար ագրեսիվ փուլ է մտնում»: Մյուս կողմից էլ, նման հանդիպումներում ընդգրկված է լրագրողների մեկ տոկոսը միայն, եւ չպետք է մոռանալ, որ «Հայաստանում եւ Ադրբեջանում մամուլը խիստ քաղաքականացված է»: Ըստ մեր զրուցակցի' Ադրբեջանում համոզված են, որ այս բոլոր հանդիպումների նպատակն այն է, որ «ադրբեջանցիներին ստիպեն մոռանալ տարածքների մասին, որ բնակավայրերը լքած մարդիկ ետ չվերադառնան»:

Արիֆ Ալիեւը այլեւս սպառված է համարում լրագրողների շփումների արդյունավետությունը: Չնայած' ժամանակին հակամարտող կողմի լրագրողական հանրության ներկայացուցիչները հավատացել են, թե նման հանդիպումները, շփումները դրական դեր կկատարեն Ղարաբաղյան հարցի լուծման գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter