HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Շաուրմա եւ հագուստ` Ինտերնետով

Հայաստանի ինտերնետային խանութներում կարող եք պատվիրել հագուստ, դեղորայք, պիցցա, քաղցրավենիք, օծանելիք, ծաղիկներ, գրքեր, երաժշտական սկավառակներ եւ նվերներ: Օնլայն խանութներից օգտվելը մի շարք առավելություններ ունի: Հաճախորդը կարող է խնայել իր ժամանակը. կայքի միջոցով մանրամասն տեղեկություն ստանալ ապրանքի մասին եւ տուն պատվիրել: 

Այսպիսի առաջարկներ այսօր շատ կան, սակայն ոչ բոլորն են պատրաստ ու համաձայն գնել ու վճարել Ինտերնետում: «Ի՞նչն է ձեզ խանգարում գնումներ կատարել ինտերնետային խանութներից» հարցին պատասխանած 188 հոգուց 25-ն ասել են, թե ցանկանում են շոշափել եւ ուսումնասիրել ապրանքը, 23-ը խոստովանել են, որ չեն կարողանում հրաժարվել սակարկելու ցանկությունից, 117-ը հայտնել են, որ պարզապես չեն վստահում, իսկ 101 հոգուն հարմար չէ վճարման ձեւը: Հարցումն իրականացրել է www.port.am կայքը: 

Հայաստանում ինտերնետային խանութներից օգտվող մարդկանց քանակը չի գերազանցում 5000-ը: Մասնագետների կարծիքով` սա շատ ցածր ցուցանիշ է: Նման խանութները նույնպես շատ չեն: Սակայն, եթե նախկինում դրանք ավելի շատ հիշեցնում էին անշարժ տաղավարներ, ապա այսօր բավական փոխվել են. պատրաստ են օգնել հաճախորդին արագ գտնել անհրաժեշտ ապրանքը, ստանալ տեղեկատվություն ապրանքի մասին, հարցեր տալ եւ, ամենակարեւորը, վճարն ընդունել Ինտերնետով: «Ճիշտն ասած` ես մտավախություն ունեի, որ Ինտերնետով ոչինչ չենք վաճառի, բայց բավականին լավ արդյունքներ ունենք: Ինտերնետով մենք պատվերներ ստանում ենք հիմնականում արտասահմանցիներից եւ այն մարդկանցից, ովքեր բնակվել են արտասահմանում եւ նորմալ են համարում Ինտերնետով առեւտրի տարբերակը»,- ասում է «Mister Toster» խանութ-սրճարանի տնօրեն Թովմաս Ռոստոմյանը: Առավել հայտնի ինտերնետային խանութներից են` www.disk.am , www.ameninch.am , www.apollo.am , http://parfume.armshops.com , http://gift.armshops.com , http://apteka.armshops.com , http://florist.armshops.com , http://shaurma.armshops.com , http://doka.armshops.com , http://toaster.armshops.com  եւ այլն: Կան խանութներ, որոնք վճարն ընդունում են կանխիկ` ապրանքը տուն առաքելուց հետո: Սակայն, վճարման այս տարբերակը չի համապատասխանում էլեկտրոնային կոմերցւայի սկզբունքին, քանի որ վճարման գործարքը տեղի չի ունենում էլեկտրոնային ճանապարհով: Օնլայն խանութը դառնում է պարզապես տաղավար: 

Հայաստանում էլեկտրոնային կոմերցիան բազմաթիվ խնդիրներ ունի 

«Հիմնական խնդիրը վախն է, որը ետ է պահում սկսնակներին գործունեության բոլորովին նոր ձեւեր կառուցելուց կամ նոր շուկաների հետազոտումից: Իսկ ցանկացած վախ առաջանում է գործի բնույթը վատ կամ սխալ իմանալուց: Ուրիշ խնդիրներ էլ կան, սակայն բոլորն էլ հաղթահարելի են: Պետական եւ անգամ մասնավոր հետաքրքրության առաջացման դեպքում էլեկտրոնային կոմերցիան իրական հնարավորություն կունենա զարգանալու Հայաստանում: Ամեն դեպքում, դեռեւս պակասում են կայացած օրինակները, որոնք էլ կկարողանան ապացուցել բոլորին, որ այս բնագավառը մեր համար շահութաբեր է»,-ասում է «Էլեկտրոնային կոմերցիա» ձեռնարկի հեղինակ Ալբերտ Պողոսյանը: 

Իրականում խոչընդոտները բավականին շատ են, հատկապես սոցիալական եւ օրենսդրական բնույթի: Մարդկանց հիմնական մասին անհասանելի են էլեկտրոնային կոմերցիայի կիրառման միջոցները, նաեւ` իմաստը: Հայաստանում շատ քիչ խանութներ կան, իսկ արտասահմանյան խանութներին այնքան էլ չեն վստահում: Մյուս կողմից` ձեռնարկատերերը խուսափում են սկսել առեւտրային գործունեություն մի միջավայրում, որտեղ կա անվստահություն վճարման նոր համակարգերի հանդեպ: Ընդհանրապես բացակայում է պետության հետաքրքրությունը էլեկտրոնային կոմերցիայի բնագավառի ստեղծման եւ զարգացման հարցում, հիմնականում պաշտոնատար մարդկանց անիրազեկության պատճառով: Սրանց գումարվում է նաեւ Ինտերնետ ծառայությունների բարձր սակագները եւ Ինտերնետի նկատմամբ ընդհանուր անվստահությունը:

Ալբերտ Պողոսյանի կարծիքով` Ինտերնետով առեւտրային գործունեությամբ զբաղվելու ամենաառաջին խոչընդոտն օրենսդրական հիմքի բացակայությունն է: 

Այսօր էլեկտրոնային կոմերցիայի ոլորտը կանոնակարգվում է ավանդական բիզնեսի նման: Այնինչ էլեկտրոնային բիզնեսի վճարման համակարգերի գործունեությունը կանոնակարգելու համար պետք են առանձին օրենքներ: Կենտրոնական բանկի վերահսկողությունը ստիպում է, որ ինտերնետով վճարման եղանակները համապատասխանեցվեն բանկային վճարման համակարգի պայմաններին: Իսկ այս դեպքում կորում է էլեկտրոնային կոմերցիայի հիմնական գաղափարը` ծախսերի կրճատումը: Օրինակ` «ԱրՔա» էլեկտրոնային վճարման համակարգի պահանջներն ինտերնետային խանութի հանդեպ բավականին շատ են ու ծախսատար: «Փաստորեն, վճարումներ ընդունելու համար ինտերնետային խանութի տնօրենը պետք է ունենա իր սերվերը, հատուկ աստիճանի պաշտպանություն, հատուկ սպասարկում, անցնի սերտիֆիկատացման մի շարք փուլեր, կատարի չհիմնավոր վճարում համակարգին միանալու համար եւ այլն: Իմ կարծիքով` նման պայմաններն ուղղակիորեն ազդում են Ինտերնետ խանութների զարգացման վրա, հետեւաբար էլեկտրոնային կոմերցիան Հայաստանում չի զարգանում եւ չի էլ զարգանա, քանի որ ինտերնետային խանութները, գլխացավանքներից հեռու մնալու համար, ուղղակի կօգտագործեն, ասենք, ԱՄՆ-ի վճարման համակարգերը` Paypal, 2checkout, Egold եւ այլն»,-ասում է Ալբերտ Պողոսյանը: 

Ազգային ժողով ն ըն֊դու֊նել է օ֊րենք «է֊լեկտ֊րո֊նա֊յին փաս֊տաթղ֊թե֊րի եւ էլեկտրոնային թվա֊յին ստորագ֊րութ֊յան» մա֊սին: Օրենքի համաձայն` էլեկտրոնային փաստաթուղթը` կնքված էլեկտրոնային ստորագրությամբ, ունի ավանդական ստորագրության միեւնույն իրավական ուժը: Վիրտուալ միջավայրում այն հաստատում է փաստաթղթի իրավական ուժը եւ օրինական հիմքը, ինչը առեւտրային գործարքներ իրականացնելու համար առաջին քայլն է: Սակայն, միայն օրենքի արձանագրումը բավական չէ: Դեռեւս ստեղծված չեն էլեկտրոնային ստորագրությունները զննող կենտրոններ, որտեղից ցանկացած ֆիզիկական անձ կարող է ստանալ իր էլեկտրոնային ստորագրությունը եւ նրա վավերացումը: Չկա նաեւ կանոնակարգ, որով կպաշտպանվեն ինտերնետային խանութի սպառողի իրավունքները: Միշտ մտավախություն կա, որ պատվերից հետո նրանք չեն ստանա իրենց ապրանքը կամ կստանան այն, ինչ չեն պատվիրել: 

Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտը պետական աջակցություն չի ստանում 

«Շուկայական ենթակառուցվածքի ստեղծման համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ էլեկտրոնային կոմերցիայի խնդիրների արդյունավետ լուծումը հիմնվում է պետական աջակցության վրա»,-ասում է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Գագիկ Վարդանյանը: 

Ետարդյունաբերական դարաշրջանում էլեկտրոնային կոմերցիան բազմաթիվ պետությունների համար տնտեսական աննախադեպ աճ է ապահովել: Ամերիկյան եւ եվրոպական իրականության մեջ էլեկտրոնային կոմերցիան գործնականում մեծ ծավալների է հասել` գրավելով տնտեսության գերակշիռ մասը` 50%-ից ավելին: Հայաստանը նույնպես երկրի տնտեսությունը զարգացնելու խնդիր ունի: Իսկ էլեկտրոնային կոմերցիան այդ խնդիրը լուծելու հնարավորություն է տալիս: 

Միայն այն հանգամանքը, որ ցանցն ապահովում է Հայաստանի մուտքը միջազգային առեւտրային ոլորտ, բավական է մեր երկրի տնտեսության առջեւ բացվող հեռանկարների մասին դրական հետեւություններ անելու համար: Ինչպե՞ս օգտագործենք այդ հնարավորությունը: Կարելի է սովորել ուրիշներից: Օրինակ` ազգային օրենսդրության ձեւավորման համար ելակետային կարող են դառնալ այն իրավական սկզբունքները, որոնք 1997թ.-ին սահմանել է Միջազգային առեւտրի իրավունքի ՄԱԿ-ի հանձնաժողովի ընդունած «Էլեկտրոնային առեւտրի մասին» տիպային օրենքը: Բայց օտարների փորձը նախեւառաջ ծառայում է հենց նրանց շահերին, եւ հնարավոր է, որ մեզ համար անարդյունավետ լինի կամ առաջ բերի առավել բարդ եւ նոր խնդիրներ: Ըստ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Գագիկ Վարդանյանի` «Նախեւառաջ պետք է սահմանվեն Հայաստանում էլեկտրոնային կոմերցիայի նպատակներն ու այդ ճանապարհով լուծվելիք խնդիրները, հստակեցվեն ծրագրի իրավական եւ ռեսուրսային ապահովման հարցերը, ծրագրի իրականացման ժամկետները, փուլերն ու մեխանիզմները, դրանց արդյունավետության գնահատումը»: 

Այսպիսով` էլեկտրոնային կոմերցիայի ոլորտը զարգացնելու պետական մակարդակի նախաձեռնություն դեռեւս չկա: Սահմանված չեն էլեկտրոնային կոմերցիայի նպատակները եւ լուծվելիք խնդիրները: Այդ առումով առաջխաղացում ավելի շատ նկատվում է մասնավոր ոլորտում, որը, սակայն, ակնկալում է պետության աջակցությունը: 

Ինչպե՞ս գնումներ կատարել Ինտերնետում 

EDram-ը գործում է 2003 թվականից: EDram կարելի է մուտք գործել Ինտերնետին միացված ցանկացած համակարգչից` www.edram.am : Համակարգում գրանցվելն անվճար է: Համակարգը հնարավորություն է տալիս գնել ցանկացած ապրանք եւ ծառայություն համակարգին միացված ինտերնետային խանութներից, իրականացնել գումարի փոխանցում, վճարել բոլոր կոմունալ ծառայությունները` նույնիսկ գտնվելով Հայաստանից դուրս: Համակարգում գրանցվելու ժամանակ ստեղծվում է եզակի մուտքի անուն` լոգին, որը սպառողի EDramID- ն է: Տրվում է «անձնական սենյակ», որը վիրտուալ պաշտպանված ինտերնետային տարածք է, որտեղ օգտվողին հնարավորություն է տրվում գործողություններ կատարել: Համակարգն ամեն սպառողի համար ստեղծում է նաեւ PIN-կոդ, որը EDram համակարգում էլեկտրոնային ստորագրությունն է: Այն անհրաժեշտ է վիրտուալ տարածության տնօրինման, անձնական տվյալների փոփոխման եւ էլեկտրոնային փաստաթղթերի իսկությունը հաստատելու համար: EDram համակարգի աշխատակիցները, ստանալով պատվերը, ստուգում են գնորդի ունեցած գումարի չափը, անհրաժեշտ գումարը գնորդի հաշվից տեղափոխում վաճառողի հաշվին եւ հաստատում պատվերը: Դրանից հետո խանութը որոշակի ժամանակահատվածում առաքում է պատվերը: 

EDram քարտի հաշիվը կարելի է լրացնել մի քանի ճանապարհով` «ՀայՓոստ» ՓԲԸ-ի բաժանմունքներից ձեռք բերել EDram կանխավճարային քարտեր: Այս պահին գոյություն ունեն 5000, 10.000, 20.000 եւ 50.000 նոմինալ արժողությամբ կանխավճարային քարտեր: EDram քարտը կարելի է պատվիրել: Պատվերը կատարվում է EDram կանխավճարային քարտի գրասենյակի ծառայողական հեռախոսահամարով կամ առցանց (օնլայն)` լրացնելով համապատասխան քարտերի պատվիրման ձեւը: Հնարավոր է` նաեւ բանկային փոխանցման կամ կանխիկ մուտքագրման միջոցով: EDram քարտերից օգտվում են 77.618 մարդ, իսկ բանկոմատների քանակը 82 է: 

Armenia Card www.arca.am  կենտրոնը հիմնադրվել է 2000թ.-ի մարտի 16-ին Կենտրոնական Բանկի եւ Հայաստանի 11 առեւտրային բանկերի մասնակցությամբ: Ընկերության շրջանակներում ստեղծվել է միասնական տեղական քարտային վճարային համակարգ: Ներկայումս հանրապետությունում թողարկվում է ArCa Debit, ArCa Classic, ArCa Business, ArCa Gold, ArCa Platinum քարտեր: Այս համակարգը հնարավարություն է տալիս վճարումներ կատարել կոմունալ ծառայությունների համար, վերալիցքավորել «Easy Card»-երը: Հետագայում նախատեսվում է համակարգի վերանայում, որից հետո քարտերից օգտվող անձինք հնարավորություն կունենան գործարքներ կատարել ինտերնետային խանութներում, ինչպես նաեւ` օգտվել բազմազան այլ ծառայություններից կամ տեղեկություններ ստանալ: Ներկայումս համակարգը թույլ է տալիս վճարումներ կատարել միայն «ԱրՔա» քարտերի միջոցով, հետագայում նախատեսված է միջազգային Visa եւ MasterCard քարտերից օգտվելու հնարավորություն ստեղծել: 

Էլեկտրոնային վճարումներ կատարելու համար անհրաժեշտ է գրանցվել համակարգում` www.arca.am : Գրանցման արդյունքում կստեղծվի մի վիրտուալ քարտ, որի միջոցով հնարավոր կլինի անվտանգ էլեկտրոնային վճարումներ կատարել: Դրա համար պետք է գրանցման բաժնում լրացնել քարտի համարը, անուն-ազգանունը, վավերացման ժամկետը, ծննդյան ամսաթիվը, բանկային գաղտնաբառը, վիրտուալ քարտի վավերականության ժամկետը եւ վիրտուալ քարտի գաղտնաբառը: Տարօրինակ չէ, որ այսպիսի բարդ գործողություններ կատարելու փոխարեն մարդիկ նախընտրում են ուղղակի այցելել խանութ : 

Այսպիսով` կարող ենք ամփոփել, որ Հայաստանում էլեկտրոնային կոմերցիայի ոլորտն առայժմ զարգանում է միմիայն որոշ ձեռնարկությունների ներդրումների շնորհիվ, առանց որեւէ պետական աջակցության: 

Վերջում ներկայացնենք մի քանի տվյալ աշխարհում էլեկտրոնային կոմերցիայի

զարգացման միտումների վերաբերյալ: Ըստ հետազոտությունների` 2002թ. դրությամբ Ինտերնետում ամենավաճառվող ապրանքը (ծառայությունը) ճամփորդություններն են: 2002-ին ինտերնետային խանութներից ամբողջ աշխարհում կատարված գնումների չափը գերազանցեց 16 մլդ դոլարը: Իսկ էլեկտրոնային առեւտրից ստացված ընդհանուր գումարը համաշխարհային շուկայում 2003թ.-ին կազմել է 3.2 տրիլիոն դոլար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter