HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախալքալաքի թանգարանը շուտով կփլի

Ախալքալաքի գավառագիտական թանգարանի շենքը վթարային է: Հիմնադրման օրվանից կապիտալ վերանորոգման չի ենթարկվել: 1997թ. շենքը սկսել է աստիճանաբար փլվել' սկզբում տանիքը, այնուհետեւ' հատակը: Իսկ հիմա արդեն պատերն են քանդվում: Անձրեւի ժամանակ ջուրը լցվում է շինության ներսը:

Թանգարանի տնօրեն Սեդա Համբարյանի հավաստմամբ' այն անուշադրության է մատնված, եւ կառավարության կողմից ոչ մի օգնություն չի ցուցաբերվում:

«Մեր թանգարանի նմուշները Ջավախքի հայկական մշակույթի զարգացման յուրօրինակ ապացույց են: Այստեղ է ամփոփված Ջավախքի ողջ պատմությունը, ուստի պետք է պահել եւ աչքի լույսի պես պահպանել մեր պատմության ապացույցները,-ասում է թանգարանի էքսկուրսավար Մարինա Ղազարյանը:

Թանգարանի առաջին բացումը եղել է 1958թ.: Այն ունեցել է մոտ 1500 նմուշ: Իսկ պաշտոնական բացումը' 4088 նմուշով, եղել է 1973թ: Ամենահին նմուշը բրոնզի դարաշրջանից պահպանված աստղագիտական օրացույցն է: Չնայած վթարային վիճակին' թանգարանի այցելուների թիվը վերջին տարիներին համեմատաբար աճել է: Մուտքը թանգարան այցելուների համար' 20 թեթրի է (մոտ 50 դրամ), իսկ դպրոցականների համար' 10 թեթրի (մոտ 25 դրամ):

«Այս բոլոր արժանիքների համար էլ պետք է վերականգնել մեր մշակույթի համար կարեւորություն ունեցող կոթողը, իսկ մշակույթի նախարարությունը չի ուզում աջակցել մեզ»,-բողոքում է տնօրենը:

1997թ.-ից թանգարանի տնօրինությունը դիմում է Մշակույթի նախարարություն: Ամենամյա դիմումներին ոչ մի պատասխան չեն տալիս: 2003-

2004թթ. երկու անգամ թանգարանի հարցը քննարկվել է շրջանի վարչության նիստերի ժամանակ: 2003թ. թանգարանի վերանորոգման նպատակով կազմվել է հատուկ ծրագիր, ըստ որի կապիտալ վերանորոգման համար պահանջվելու էր 25.000 լարի: Սակայն ծրագիրը մնացել է թղթի վրա: «Շրջանի բյուջեն միջոցներ չունի»,-եղել է պատասխանը:

Շրջանային վարչության մշակույթի գծով պատասխանատու Հակոբ Համբարյանը հաստատեց թանգարանի տնօրենի բոլոր խոսքերը եւ ավելացրեց, որ կառավարությունից որեւէ ակնկալիք չունենալով' 2005թ. տնօրինությունը Ախալքալաքի ազգային բանկում հատուկ հաշիվ է բացել: «Հույս ունեինք, որ գոնե համաքաղաքացիների հետ համատեղ ջանքերով կկարողանանք որոշ գումար հավաքել, բայց մինչեւ հիմա ոչ մի կոպեկ փող չի ներդրվել»,-ասում է Հ. Համբարյանը:

Թանգարանի տնօրինությունը դիմել է նաեւ Ամենայն վրաց կաթողիկոս Իլյա Երկրորդին, բազմաթիվ ձեռներեցների, բայց' ապարդյուն:

Մինչ այժմ միակ օգնությունը եղել է անցյալ տարի Վրաստանի առաջին տիկին Սանդրա Ռուլովսի նվիրաբերած 300 լարին (մոտ 150 դոլար), որով ջեռուցվել է թանգարանը: Թանգարանի տնօրինության վերջին հույսը ԱՄՆ-ի հայկական մի բարեգործական կազմակերպությունն է, որի ներկայացուցիչը խոստացել է օգնել եւ գումար տրամադրել վերանորոգման աշխատանքների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter