HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդուհի Զաքարյան

Ուզբեկստանցի կավատի պատիժը մնաց անփոփոխ

Նոյեմբերի 22-ին ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը քննեց ամբաստանյալներ Նաթելլա Սաղաթելյանի, Նշան Զաքարյանի եւ Հովսեփ Անանյանի վերաքննիչ բողոքը: Նրանք Քր.օր.-ի տարբեր հոդվածներով մեղադրվում են կանանց Ուզբեկստանից Հայաստանով Դուբայ անօրինական տեղափոխման մեջ: Հիշեցնենք, որ այս գործի քննությունը սկսվել է դեռեւս հուլիսի 25-ին: Մի քանի ամիս տեւած դատական նիստերից հետո Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանը Նաթելլա Սաղաթելյանին ու Նշան Զաքարյանին դատապարտել էր համապատասխանաբար 5 եւ 3 տարվա ազատազրկման, իսկ Հովսեփ Անանյանին տուգանել 250 հազար դրամ (Տես նաեւ' Հայաստանը դառնում է թրաֆիքինգի տարանցիկ երկիր):

Նշան Զաքարյանն ու Հովսեփ Անանյանը շարունակում էին պնդել, որ մեղավոր չեն եւ իրենց «դատապարտում եմ լավություն անելու եւ մարդ լինելու համար»:

Նաթելլա Սաղաթելյանը, ի տարբերություն մյուս ամբաստանյալների, համառորեն պայքարում էր' ապացուցելու իր անմեղությունը, եւ նույնիսկ նոր փաստարկներ բերում: Սաղաթելյանն ավելորդ չհամարեց դատարանին եւս մեկ անգամ մանրամասն բացատրել, որ իրեն առաջադրվող մեղադրանքը ճիշտ չէ:

«Եթե մեկին մեղադրում են ինչ-որ բան վաճառելու մեջ, ապա պետք է ենթադրվի, որ վերջինս շահույթ է ունեցել տվյալ գործարքից: Այս դեպքում ես ոչ միայն շահույթ չունեմ, այլ դեռ մի բան էլ պարտք եմ, դրան գումարած էլ' դատարանի առաջ կանգնած: Իսկ ինչ վերաբերում է տեղափոխելուն եւ ստիպողաբար մարմնավաճառությամբ զբաղվելուն, ասեմ, որ նրանց տեղափոխման գործում ինձ ուղղակի օգտագործել են: Իհարկե, այդ ճանապարհորդությունից ես էլ շահ ունեի, բայց օգնել եմ նրանց: Եթե ամեն ինչ չձախողվեր, դեռ մի բան էլ շնորհակալ կլինեին ինձ: Իսկ մարմնավաճառությամբ զբաղվելը նրանց ցանկությամբ պետք է իրականացվեր: Նրանք շատ ավելին գիտեին այդ ճանապարհորդության մասին, քան ես: Ինձ չի հետաքրքել, թե Դուբայում նրանք ինչով են զբաղվելու»,-ասում է Նաթելլա Սաղաթելյանը: Սաղաթելյանը ներկայացրեց նաեւ վկաների ցուցմունքներում իր հայտնաբերած հակասությունները: Նա բողոքեց նաեւ քննչական մարմիններից' գործի նկատմամբ ոչ օբյեկտիվ եւ կողմնակալ վերաբերմունքի համար: Մասնավորապես, բողոքը վերաբերում էր գործով քննիչ Ղարիբյանին, որը, ըստ Սաղաթելյանի, շատ բաների վրա աչք է փակել:

Իր վերջին խոսքում Նաթելլա Սաղաթելյանն ուղղակի խնդրեց դատարանին հավատալ իրեն, արդարացնել ու ազատ արձակել. «Առաջին ատյանի դատարանն իր վճռի մեջ նշում է, որ ինձ հարկավոր է մեկուսացնել, բայց ինչի՞ համար, մի՞թե ես այդքան վտանգավոր եմ, ու՞մ եմ վնասել: Այսքան ժամանակ ինձ նկուղում եք պահում, բավական է, ինձ ազատ արձակեք, եւ ես իսկապես կարող եմ օգտակար լինել հասարակությանը»:

Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց 1-ին ատյանի դատարանի կայացրած որոշումը' Ն. Սաղաթելյանը 5 տարի պետք է անցկացնի ազատազրկման վայրում: Անփոփոխ թողնվեց նաեւ Հովսեփ Անանյանի վերաբերյալ կայացված դատավճիռը, իսկ Նշան Զաքարյանի նկատմամբ կայացված դատավճիռը դատարանը բեկանեց' պատժաչափը 3-ից դարձնելով 4 տարի 6 ամիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter