HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս խողովակները դեռ շատ ջուր կվերցնեն - 2

Արսեն Գրիգորյան

Դատախազական մարմինների ուշադրությունը «Լեգենդա» ՍՊԸ-ի եւ նրա կատարած աշխատանքների վրա հրավիրված է դեռ 2005թ. հունիսից: Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, նշված ընկերությունն է կատարել Արմավիր քաղաքի ջրամատակարարման համակարգի 2004թ. վերակառուցման աշխատանքները:

Այս տարվա ամռանը «Արմավիր» հասարակական կազմակերպությունը մամուլի ասուլիսում «Լեգենդա» ընկերությանը ներկայացրեց մի շարք մեղադրանքներ (Տես նաեւ' Այս խողովակները դեռ շատ ջուր կվերցնեն), ըստ որոնց նշված ընկերությունը Արմավիրի բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման բակային օղակաձեւ ցանցերի եւ Արմավիր քաղաքի նոր շրջանցող ջրագծերը կառուցել է հին, նախկինում օգտագործված եւ շահագործման համար ոչ պիտանի խողովակներով: Հայտարարվեց նաեւ, որ դրա պատճառով բնակչությունը ստանում է անորակ, սանիտարական նորմերին չհամապատասխանող խմելու ջուր: Ընկերությունը մեղադրվեց նաեւ խոշոր չափերի հասնող վարկային միջոցների յուրացում եւ հափշտակում կատարելու մեջ:

ՀՀ Գլխավոր դատախազություն ներկայացված փաստաթղթերից մեկից կարելի է տեղեկանալ, որ վերոհիշյալ մեղադրանքների համար հիմք են հանդիսացել պարբերական բնույթ ունեցող բազմաթիվ վթարները, որոնք տեղի են ունեցել նշված ջրագծերը շահագործման հանձնելուց անմիջապես հետո' 2005թ. ընթացքում: Մեղադրանքի հիմք է հանդիսացել նաեւ քաղաքի որոշ թաղամասերում ծորակներից հոսող ջրի ժանգագույն, անորակ, խմելու համար անպիտան լինելը: Մեղադրանքների մյուս հիմքն էլ այդ թաղամասերի բազմաթիվ բնակիչների հավաստիացումներն են օգտագործված խողովակների հին, ինչպես նաեւ' ջրի անորակ լինելու վերաբերյալ:

Դատախազությունից ստացված համապատասխան փաստաթղթից հետո ՀՀ «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը կատարել է փորձաքննություն: Ահա մի քանի ուշագրավ մանրամասներ այդ փորձաքննության արդյունքներից. «Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 17 շենքի 4-րդ մուտքի դիմացից վերցված խողովակի նմուշի ներսի պատերին առկա է ժանգի շերտանստվածք, կան տեղային քայքայման հետքեր՝ մինչեւ 0.2մմ խորությամբ: Խողովակի քայ֊քայ֊վածությունը կազմում է 6.6 տոկոս»:

Մեկ այլ օրինակ. «æիվանու փողոցի 15-րդ շենքի 5-րդ մուտքի դիմացից վերցված խողովակի ներքին մակերեւույթին առկա են ժանգի շերտանստվածք եւ տեղային քայքայման հետքեր, քայքայվածությունը կազմում է 7.5 տոկոս:

Նույն փողոցի թիվ 11 շենքի 1-ին մուտքի դիմացից վերցված խողովակի նմուշի ներքին մակերեւույթին առկա է ժանգի շերտանստվածք, կան քայքայման հետքեր, որոնց խորությունը հասնում է 0,7 միլիմետրի, այսինքն՝ քայքայվածությունը 20 տոկոս է»:

Ինչպես կարելի է եզրակացնել ստացված տվյալներից, տարբեր տեղերից վերցված նմուշների քայքայվածությունը 5-20 տոկոս է, եւ սա այն դեպքում, երբ խմելու ջրի նոր կամ որպես նոր ներկայացվող խողովակաշարերը շահագործվել են ընդամենը կես տարուց փոքր-ինչ ավելի: Համեմատության համար նշենք, որ Շահումյան փողոցի թիվ 17 շենքի 4-րդ մուտքի դիմացից վերցվել է նաեւ հին խողովակի նմուշ: Այս նմուշի ժանգի շերտանստվածքի խորությունը ներսից 0,8-1մմ է կազմել, այսինքն՝ ընդամենը 0,1-0,3 միլիմետրով ավելի æիվանու փողոցի թիվ 11 շենքի 1-ին մուտքի դիմացից վերցված, այսպես ասած, նոր խողովակի նմուշի համանման քայքայվածության աստիճանից: Այդ դեպքում ինչո՞վ է նորը տարբերվում հնից:

Փորձագետի 22.09.2005թ. թիվ 18250504 եզրակացության կապակցությամբ Գլխավոր դատախազություն ներկայացրած իր առարկություններում «Արմավիր» հասարակական կազմակերպության նախաձեռնող խմբի անդամներից մեկը գրել է.

«Շինարարական, արտադրության եւ տեխնիկական նորմերի համաձայն' խմելու ջրագծերի նոմինալ շահագործման ժամկետ է համարվում 25-30 տարին: Եթե հաշվի առնենք, որ այդ փոխարինված ջրագծերը շահագործման 6 ամսվա ընթացքում հասել են քայքայվածության այս աստիճանի, եւ եթե նույն ինտենսիվությամբ շարունակվի դրանց քայքայման պրոցեսը, ապա 3-4 տարի հետո քաղաքի ամբողջ ջրագծերը այլեւս շահագործման ենթակա չեն կարող լինել, այստեղից ուղղակի եզրակացնում ենք, որ նշված ջրագծերի խողովակները քայքայվել են ոչ թե շահագործման այդ 6 ամսվա ընթացքում, այլ նախկինում օգտագործված են եղել, եւ քայքայումը տեղի է ունեցել մինչեւ դրանց մոնտաժումը»:

Առարկություններում նշված է նաեւ, որ փորձագիտական եզրակացության մեջ փորձագետները չեն անդրադարձել խողովակների ձեռքբերման աղբյուրի պարզմանը եւ դրանց սերտիֆիկատների առկայությանը, պարզված չէ ջրագծերի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի պահանջների եւ օգտագործված խողովակների տեխնիկական որակական չափանիշների, ինչպես նաեւ դրանց արժեքների համապատասխանությունը: Փորձագետները խողովակների փորձանմուշների վերցման տեղերը համաձայնեցրել են շահագործող կազմակերպության ղեկավարության հետ, դրանք ընտրվել են հիմնականում նրանց համար նախընտրելի տեղերից: Փորձանմուշ չի վերցվել եւ հետազոտության չի ենթարկվել Արմավիր քաղաքը սնուցող նոր, 300մմ տրամագծի, 2,2կմ երկարության եւ 250 հազար եվրո արժողության ջրատարից:

«Փորձաքննության ընթացքում գրավոր մերժվել է նաեւ իմ առաջարկությունը ջրատարի վթարված հատվածներից փորձանմուշ վերցնելու վերա֊բերյալ,-գրել է առարկությունների հեղինակը:-æրի որակական հատկանիշները պարզելու նպատակով վերցված ջրի փորձանմուշների աղյուսակում չի նշված ծորակից վերցված փորձանմուշի կոնկրետ հասցեն»:

Նշելով, որ փորձաքննությամբ ձեռք բերված տվյալների եւ փորձաքննության եզրափակիչ դրույթների միջեւ կան խիստ հակասություններ, հետեւությունները հիմնավորված չեն, կատարված ուսումնասիրությունները սպառիչ պատասխան չեն տվել բարձրացված հարցերին, փորձագետների գործողություններում առկա են կողմնակալ եւ ոչ օբյեկտիվ դրսեւորումներ, առարկությունների հեղինակը գրել է.

«Հարգարժան Գլխավոր դատախազ, հաշվի առնելով փորձաքննության արդյունքների նկատմամբ իմ կողմից ներկայացված առարկությունները եւ գործի առանձնահատուկ կարեւորությունը' կրկին խնդրում եմ Ձեր հանձնարարականը լրացուցիչ փորձաքննություն նշանակելու եւ հետեւյալ հարցերի պատասխանը պարզելու համար»:

Դրա համար նախ անհրաժեշտ է, որպեսզի փորձանմուշներ վերցվեն ջրագծի նախկինում վթարված մի շարք հատվածներից (ընդհանուրը 20 տեղամաս, որոնցից 6-ի հասցեները որոշակիորեն նշված են առարկություններում), ինչպես նաեւ Արմավիր քաղաքը շրջանցող, 300մմ տրամագծի նոր սնուցող ջրատարից: Նշված հատվածներից եւ սնուցող ջրատարից, որքան էլ, մեղմ ասած, տարօրինակ է, նախկինում փորձանմուշներ չեն վերցվել ու չեն հետազոտվել: Այդ հետազոտությունը, ժանգի շերտանստվածքի եւ քայքայման հետքերի նկարագրությունը ներկայացնելուց բացի, պետք է պատասխան տա նաեւ այն հարցին, թե տվյալ խողովակները նախկինում օգտագործված եղե՞լ են, թե՞ ոչ: Բացի այդ, պետք է պատասխան տալ նաեւ այն հարցին, թե հետազոտվելիք, ինչպես նաեւ փորձագետի եզրակացության մեջ արդեն իսկ նշված քայքայվածության աստիճանի խողովակները որքա՞ն ժամանակ շահագործելուց հետո այլեւս պիտանի չեն լինի որպես խմելու ջրի խողովակ: Պետք է պարզել նաեւ նախահաշվում նախատեսված խողովակների 1 գծամետրի արժեքի հարաբերակցությունը օգտագործված խողովակների 1 գծամետրի շուկայական գնի հետ: Ի վերջո, պետք է հստակ պատասխան տալ նաեւ հետեւյալ հարցին՝ Արմավիր քաղաքին մատակարարվող խմելու ջուրն իր որակական հատկանիշներով խմելու նպատակով պիտանի՞ է, թե՞ ոչ:

Փորձագետի եզրակացության վերաբերյալ առարկությունները ՀՀ գլխավոր դատախազին են ուղարկվել 2005թ. հոկտեմբերի 7-ին, սակայն առայսօր դեռ պատասխան չկա:

Մեր ստացած հավաստի տեղեկատվության համաձայն' ՀՀ գլխավոր դատախազին է դիմել նաեւ Արմավիրի բնակիչ Միշա Մանգասարյանը: Վերջինս ժամանակին նկատելով, որ «Լեգենդա» ՍՊԸ-ի աշխատակիցները նորի փոխարեն, իր տպավորությամբ, հին խողովակներ են տեղադրում, պահանջել է դրանց մոնտաժումը դադարեցնել: Սակայն շինարարները, անտեսելով նրա պահանջը, Արմավիր քաղաքի Հանրապետության-24 հասցեում (բնակելի շենք է ) շարունակել են իրենց գործը: Աշխատանքների ընթացքում նրանք կտրել ու դեն են գցել մոնտաժվող խողովակի մոտ 30 սանտիմետրանոց մի կտոր, ինչը չի վրիպել ուշադիր բնակչի հայացքից: Նա այդ կտորը վերցրել, պահել է իր մոտ եւ ս/թ հոկտեմբերի վերջին, որպես իրեղեն ապացույց կցելով համապատասխան դիմումին, ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին: Սակայն այս կապակցությամբ արձագանք նույնպես դեռ չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter